Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաեւ ընդդիմադիրների ձերբակալություններին


Հայաստանի Սահմանադրական դատարանը Ստեփան Դեմիրճյանի դիմումի առնչությամբ՝ երեկ հրապարակված որոշման մեջ քննադատում է ընդդիմության ներկայացուցիչների՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո սկիզբ առած ձերբակալությունները:

«Չարտոնված միտինգների եւ երթերի մասնակցության համար վարչական պատասխանատվության ենթարկելը հանդիսանում է միջամտություն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված խաղաղ հավաքների ազատության իրավունքին», - ասված է որոշման մեջ:

Նշվում է, որ 3-15-օրյա վարչական կալանքի ենթարկվածների մեծամասնությունը Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք էին, իսկ «վստահված անձանց ինստիտուտը առանձնահատուկ կարեւորություն է ունեցել դիմող կողմի շահերի պաշտպանության համար»: Կալանքի ենթարկվելով՝ Դեմիրճյանի վստահված անձինք «զրկվել էին հետագա ակտիվ գործունեության հնարավորությունից»:

Հայաստանի արդարադատության նախարարությունը այսօր հրաժարվեց այս առնչությամբ մեկնաբանություններ տալ՝ փաստարկելով, թե Սահմանադրական դատարանի որոշումը պաշտոնապես դեռ չի ուղարկվել կառավարություն: Նախարարության պաշտոնյաների խոսքերով, 200-ից ավելի անձինք վարչական կալանքի կամ տուգանքի են ենթարկվել «հասարակական կարգը խախտելու» եւ «խուլիգանական արարքների» համար: Ընդդիմության տվյալներով, վարչական պատասխանատվության ենթարկված մարդկանց թիվը անցնում է 400-ից:

Ձերբակալություններ են հետեւել նաեւ երեքշաբթի «Արդարություն» դաշինքի անցկացրած վերջին հանրահավաքին: Կալանվածների նկատմամբ դատավարությունները կրկին անցել են փակ եւ առանց փաստաբանների:

Վարչական օրինախախտումների մասին օրենսդրությունը, որի հիման վրա կատարվում են ձերբակալությունները ու մարդկանց վարչական տույժերի ու կալանքի ենթարկելը արժանացել է Եվրախորհրդի եւ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության խիստ քննատադությանը:

Անցած ամիս, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանը ասել էր. - «Հայաստանի Հանրապետությունը անդամագրվելով Եվրոպայի խորհրդին, ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց թվում ներառված չէ վարչական կալաքին վերաբերող որեւէ դրույթ»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, մինչդեռ, անցած տարվա սեպտեմբերի 26-ին ընդունել է համապատասխան բանաձեւ, որով առաջարկվում է կազմակերպությանն անդամակցող երկրների իշխանություններին անհապաղ վերանայել վարչական կալանքին վերաբերող դրույթները եւ ձեռնպահ մնալ կիրառելուց՝ մինչեւ օրենքից հանելը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG