Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը


Կառավարության նիստերի դահլիճում հրավիրված Ազգային Ժողովի հատուկ նիստին ներկա 83 պատգամավորի, կառավարության անդամների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ այլ հրավիրյալների առջեւ, Հայաստանի պետական դրոշի ներքո, ձեռքը՝ Վեհամոր Ավետարանին եւ Հայաստանի Սահմանադրությանը, որն այս անգամ դահլիճ բերեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը երդվեց ճիշտ այն տեքստով, որն ամրագրված է նրա առաջարկած Սահմանադրական փոփոխություններում. - «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, երդվում եմ՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս մեր Հայրենիքի եւ ի բարօրություն մեր ժողովրդի»:

Լրագրողներն այսօր առաջին անգամ մեկուսացված էին խորհրդարանի բաց նիստին ներկա գտնվելուց եւ կառավարության շենքին հարակից փողոցները շրջափակած բազմաթիվ ոստիկանների շղթան հաղթահարելուց հետո արարողությանը հետեւում էին ներքեւի հարկում՝ մուտքի դռների առջեւ տեղադրված էկրանից:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսքից հետո աղոթելով՝ աջը դրեց վերընտիր նախագահի ուսին:

Ռոբերտ Քոչարյանը, իր ելույթում բոլոր քաղաքացիներին կոչ անելով տրամադրվել խաղաղ եւ ստեղծարար աշխատանքի, ասաց, թե շատ խնդիրների լուծումն է կախված առաջիկա խորհրդարանական ընտրություններից. - «Արդեն ակնհայտ է, որ քաղաքական ակտիվությունը մեծ է լինելու, եւ կարելի է կանխատեսել երկրի օրենսդիր մարմնի համար սուր պայքար: Մենք պետք է ձեւավորենք գործուն խորհրդարան, այլապես երկրի օրինաչափ զարգացումը մեծ կասկածի տակ կլինի: Առաջնահերթ խնդիր է ընտրություններն անցկացնել բարձր մակարդակով եւ նվազագույնի հասցնել ամեն տեսակի խախտումները»:

Անցած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքները ներկայումս ընդդիմությունը վիճարկում է Սահմանադրական դատարանում, միջազգային դիտորդական առաքելությունների խիստ քննադատությանն են արժանացել: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը անցած շաբաթ ասել էր, թե նախագահական ընտրություններում կատարվածի կրկնությունը խորհրդարանական ընտրություններում «աղետ կլինի երկրի համար»:

«Նախընտրական պայքարը կոշտ էր եւ անզիջում: Ավելին՝ քաղաքական ուժերի դիմակայությունը մասամբ վերաճեց դիմակայության՝ հասարակության ներսում։ Այստեղ մտորելու տեղ կա, եւ մենք պարտավոր ենք որոշակի հետեւություններ անել», - նախագահական ընտրությունների մասին ասաց Քոչարյանը։ - «Չափազանց կարեւոր է, որ իշխանությունների քաղաքականությունը հասկանալի լինի հասարակությանը։ Մենք միշտ պետք է պարզաբանենք մեր գործողությունները, դրանց անհրաժեշտությունը եւ օգտակարությունը մարդկանց համար։ Մենք պարտավոր ենք կանոնավոր կերպով հաշվետվություն տալ հասարակայնությանը։ Հակառակ դեպքում, կունենանք մեծացող խզում իշխանության եւ հասարակության միջեւ»։

Ասելով, թե գիտակցում է, որ երեք իրար հաջորդող ընտրարշավների փոխզուգակցումը «լուրջ փորձություն է մի երկրի համար, որտեղ ժողովրդավարության հիմքերը նոր են դրվում», Քոչարյանը պատասխանատվությունը դրեց ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների վրա:

«Չի կարելի անպատասխանատու վարքով քայքայել պետականության հիմքերը: Նախընտրական մոլուցքը չի արդարացնում հասարակության պառակտմանն ուղղված գործողությունները», - ասաց նա:

Իր ելույթը Ռոբերտ Քոչարյանը ավարտեց հավատով, որ հինգ տարի հետո ժողովրդին հաշվետու է լինելու՝ նրա հույսերն ու վստահությունն արդարացրած:

Երդման արարողությանը Սահմանադրական դատարանից ներկայացուցիչներ չկային՝ թերեւս, ընտրությունների արդյունքի վիճարկման դատական ընթացքի շուրջ շահարկումների տեղիք չտալու համար:

Արարողությունից հետո տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու ներկա չեն ընդդիմադիր պատգամավորները, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը ասաց. - «Պարտավոր չեմ իմանալու»:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը «շատ վատ» գնահատեց երեւույթը, որ երդման արարողությանը ներկա չէին ընդդիմադիր պատգամավորներն ու գործիչները, երկրի նախկին նախագահը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG