Մատչելիության հղումներ

Ձերբակալված Արմեն Սարգսյանն առաջադրվել է պատգամավորության թեկնածու


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եղբայրը՝ գործարար Արմեն Սարգսյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրված Արարատի թիվ 25 ընտրատարածքում: Արմեն Սարգսյանը ներկայումս կալանքի տակ է՝ անցած տարեվերջին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով:

Մարտի 15-ին ձերբակալված Արմեն Սարգսյանը առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով իր հայրենի Արարատ քաղաքում: Թեեւ նրա թեկնածությունը առաջադրված է քաղաքացիական նախաձեռնությամբ, Սարգսյանին, անշուշտ, սատարում է ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի հիմնական քաղաքական ուժերից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, որի առաջնորդները՝ Ալբերտ Բազեյանը եւ Արամ Սարգսյանը բազմիցս շեշտել են, որ Արմեն Սարգսյանին ներկայացվող մեղադրանքը կեղծ է, իսկ նրա ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի:

Արարատի թիվ 25 ընտրատարածքում մրցակցում են 8 թեկնածու՝ 6-ը ներկայացված են քաղաքացիական նախաձեռնությամբ, իսկ 2-ը՝ առաջադրվել են կուսակցություններին կողմից՝ Երեւանի փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն) եւ Ազատ Հակոբյանը («Օրինաց երկիր»):

«Հանրապետություն» կուսակցությունից Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ, պատգամավորության թեկնածու Արմեն Սարգսյանի գրանցման համար անհրաժեշտ ստորագրահավաքը արդեն ավարտվել է: Քանի դեռ ուժի մեջ մտած դատավճիռ չկա, ձերբակալված քաղաքացին կարող է առաջադրվել, գրանցվել եւ մասնակցել ընտրություններին: «Անպայման ներկայացվելու են փաստաթղթերը գրանցման», - ասաց նա՝ ավելացնելով, որ ստորագրահավաքը անցել է «առանց խոչընդոտների»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG