Մատչելիության հղումներ

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 24 մլն եվրոյի վարկ եւ 2,5 մլն եվրոյի դրամաշնորհ


Երեւանում այսօր ավարտվեց հայ-գերմանական միջկառավարական ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հանձնախմբի հերթական նիստը: Կողմերը մոտ 24 միլիոն եվրո արժողության վարկային եւ 2,5 միլիոն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր ստորագրեցին։

Նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հայտնեց, որ հավելյալ վարկային միջոցներից 5 միլիոնը կուղղվի գերմանահայկական ֆոնդի միջոցով փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, 4 միլիոնը՝ մասնավոր բանկերում ավանդների ապահովագրման հիմնադրամի ձեւավորմանը, 7 միլիոն եվրոն՝ համայնքների զարգացման, մասնավորապես, Արմավիրի եւ հյուսիսային շրջանների ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի զարգացման ծրագրերին:

Նշված գումարներից զատ Դաշնային Գերմանիայի կառավարությունը «Կովկասյան նախաձեռնությունների» շրջանակներում եւս 2 միլիոն 250 հազար եւրո կտրամադրի Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի նպատակով։ Բացի այդ, ըստ Վարդան Խաչատրյանի, նույն ծրագրի շրջանակներում Գերմանիան իր KFW բանկի միջոցով մոտ 4 միլիոն եվրո կհատկացնի հայաստանյան բանկերին` դրսի բանկերից ցածր տոկոսներով ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու եւ հայաստանյան հաճախորդներին առաջարկելու նպատակով։

Ընդհանուր առմամբ 10 տարվա ընթացքում Դաշնային Գերմանիայի կառավարությունը մոտ 120 միլիոն եվրո վարկային միջոցներ է տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորման նպատակով։ Ֆինանսների նախարարը այսօր հատուկ ընդգծեց, որ այդ վարկերը արտոնյալ պայմաններով են տրվում՝ 40 տարով, չնչին տոկոսներով, իսկ մարումը սկսվում է ստանալուց հետո միայն 10-րդ տարում։

Հնարավո՞ր է, որ Դաշնային Գերմանիայի մասնավոր ներդրողները, հետեւելով իրենց կառավարության օրինակին, սկսեն մասշտաբային ներդրումներ անել Հայաստանում: Այս հարցին ի պատասխան գերմանական պատվիրակության ղեկավար, այդ երկրի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Ռեյնարդ Գյոդելերը ասաց. - «Չպետք է մոռանանք, որ Հայաստանի շուկան չափից ավելի փոքր է այդպիսի մեծ ներդրումների համար, եւ դա նաեւ այլ պատճառներից մեկն էր՝ մեր նախաձեռնությունները տարածել ամբողջ կովկասյան տարածաշրջանի վրա։ Այդ իմպուլսները պետք է այստեղից գան։ Բոլոր դեպքերում մենք կաշխատենք օգնել այդ գործում, բայց չպետք է մոռանանք, որ մենք չենք կարող ազդել մասնավոր նեդրողների վրա՝ ներդումներ անել այստեղ»:

Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը ասուլիսի ընթացքում փորձեց ցրել իր գերմանացի գործընկերոջ այս պատասխանի բացասական տպավորությունը՝ ասելով, թե միայն նախագահ Քոչարյանի՝ Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում 40 միլիոն եվրոյի առեւտրային պայմանագիր է կնքվել գերմանացի եւ հայ գործարարների միջեւ։

Վարդան Խաչատրյանը այսօր գոհունակությամբ տեղեկացրեց, որ Արժույթի միջազգայի հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի բոլոր ծրագրերը: «Իսկ դա նշանակում է, որ մենք շարունակական ծրագիր ունենք, որ Հայաստանի տնտեսությունը համապատասխանում է միջազգային տնտեսության բոլոր չափանիշներին», - ասաց նա:

Խոսքը աղքատության կրճատման ծրագրի շրջանակներում Արժույթի միջազգային հիմնադրամի 95 միլիոն դոլարանոց եռամյա ծրագրի շրջանակներում հերթական 14 միլիոն դոլար բաժնեմասի հատկացման մասին է։ Այս գումարները վերստին կուղղվեն երկրի մոտ 440 միլիոն դոլար կազմող արտաքին պահուստների համալրմանը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG