Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այդպես էր սկսում» վերնագրի տակ «Առավոտ» թերթն այսօր մեջբերում է մի հատված 1998 թվականին ռուսաստանյան «Սոբեսեդնիկ» թերթում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից: Վերջինս մասնավորապես ասել էր. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք մի իրավիճակ էր ստեղծվել, երբ ընդդիմության ներկայացուցիչները օրինական ճանապարհով երկրում ինչ-որ բան փոխելու հույսը կորցրել էին: Կարծում եմ, դա ավելի քան վտանգավոր իրավիճակ է: Ողջ ընդդիմությունը պետք է լինի խորհրդարանում, այլ ոչ թե բանտում կամ ընդհատակում: Ընդդիմությունը պետք է ունենա իր մամուլը, հեռուստաալիքը, ռադիոն: Եթե երկրի նախագահը ընդդիմությանն այդպիսի հնարավորություն չի ընձեռում, հասարակական պայթյունն անխուսափելի է»: «Առավոտ»-ում սրան ավելացված է. - «Եթե նշված չլիներ Ռոբերտ Քոչարյանի անունը, որեւէ մեկը չէր էլ կասկածի, թե «Սոբեսեդնիկին» հարցազրույց տված դեմոկրատը Ռոբերտ Քոչարյանն է: Այն նույն Քոչարյանը, որը 2003-ի նախագահական ընտրություններն առանց գլխացավանքի անցկացնելու փափագով դեռ մեկ տարի առաջ էր նախապատրաստել անկախ հեռուստաալիքի՝ «Ա1+»-ի փակումը»:

«Օրրան» թերթի ձեւակերպմամբ էլ՝ «այդ հեռուստաալիքի վտարումը եթերից հաշվարկված դավադրություն էր ժողովրդավարության դեմ, ինչպես դրանից առաջ կատարված հապշտապ մարդահամարը»: Ըստ «Օրրան»-ի, «Ա1+»-ի հնարավոր վերաբացումը ո'չ իրատեսական է, ո'չ էլ երեւակայելի», քանզի իշխանությունը սարսափում է ճշմարտությունից եւ «այդպես էլ գնալու է մինչեւ վերջ՝ հին կեղծիքը թաքցնելով նոր կեղծիքով»:

«Այբ-Ֆե» թերթը դիմել է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանին՝ «Ա1+» հեռուստաընկերության փակումով լրատվական դաշտը ինչ-որ բան կորցրե՞լ է, թե՞ ոչ»: Պատասխանն այսպիսին է. - «Իհարկե կորցրել է, բայց կարծեմ հնարավորություն կար չկորցնելու: Դրա համար մեկ բան էր պետք անել, որ բոլոր կողմերը, անկախ որեւէ բանից, քաղաքական կողմնորոշումներից ու դիրքորոշումներից՝ կարողանային այդ խնդրի հետ կապված հեռանալ քաղաքական հարթությունից եւ փորձել գտնել լուծումներ»: «Փակումից հետո էլ որոշ ժամանակահատված իհարկե հնարավոր էր իրավիճակը փրկել, որովհետեւ անկախ այն բանից՝ Եվրոպան ինչ ասաց, ընդդիմությունն ինչ ասաց, իշխանությունն ինչ ասաց, որեւէ մեկի ասածը երկրի օգտին չի եղել, երկրին որեւէ օգուտ չի բերել», - գնահատում է Տիգրան Թորոսյանը:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ, ընդդիմությունը ներկայացնող շատ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ գրեթե հուսահատված վիճակում են՝ մատնանշելով, որ «Հայաստանում ստեղծվել է պատային իրավիճակ, ուր ընդդիմությունը որեւէ իրավական լուծում չի կարող ակնկալել», «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ստեղծում է մի քաղաքական համակարգ, որտեղ ընդդիմություն չպետք է լինի»: «Ընդդիմություն իրեն արհամարհված է զգում», - վերնագրել է «Հայկական ժամանակ»-ը: Սրան կից խորհրդարանի ներկա ընթացքի մասին հրապարակումն էլ վերնագրված է «Ընդդիմությունն արհամարհում է»: Այս զգացմունքների ու կրքերի ֆոնի վրա «Հայկական ժամանակ»-ում նախանշված է. - «Արդեն իսկ ակնհայտ է, որ ընդդիմության պասիվ բոյկոտի եւ իշխանական կուսակցությունների ակտիվ խանդավառության պայմաններում, Քոչարյանին կհաջողվի ԱԺ-ում իր նախագծի քվեարկության ժամանակ ստանալ առնվազն 66 ձայն ու նախագիծը ներկայացնել հանրաքվեի»:

«Ազգ» թերթում այսօր ներկայացվող վերլուծականի առանցքում հետեւյալն է. Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական ընտրություններում ու դրանից հետո կանգնելու է Հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության՝ մրցակցող մեծ հավակնություններին հագուրդ տալու այլընտրանքի առջեւ: «Նա ստիպված է լինելու հաշվի նստել դրանց հետ՝ կառավարությունում տեղերն այնպես բաշխել, որ դժգոհ կողմ չլինի։ Հակառակ պարագայում անխուսափելի են դառնալու ներիշխանական հակասությունները, ինչն էլ կարող է ընդդիմության լուրջ ճնշումների ազդեցությամբ հանգեցնել իշխանության ճգնաժամին, ինչու չէ՝ նաեւ իշխանափոխության», - ուրվագծում է «Ազգ»-ի մեկնաբանը։

«Երկիր-օր» թերթի խմբագրականն այսօր շեշտադրում է պատգամավորներին անձեռնմխելիության իրավունքից զրկելու հրատապ կարեւորությունը՝ մասնավորապես նշելով. - «Եվրոպական ինտեգրացիայի, քաղաքացիական ու բարոյական հասարակության մասին երկար խոսելուց հետո պետք է նաեւ գոնե մեկ քայլ կատարել այդ դատողությունները կյանքի կոչելու համար... Խորհրդարանը շատերի համար դարձել է պատսպարան՝ նախկինում կատարած եւ հետագայում կատարելիք օրենքի հետ անհամատեղելի արարքների պատճառով պատասխանատվություն կրելուց խույս տալու նպատակով»: Պահպանելով այդ դրույթը, «մենք մեր երկրում վերստին ունենալու ենք այն սարսափելի շերտավորումները, երբ ցանկացած մակարդակի պաշտոնյան, գործարարը կամ նրան սպասարկող վարորդը դառնում են առանձնաշնորհյալ»: «Այդքանից հետո այլեւս անիմաստ է խոսել հասարակական հավասարության, երկրում իրական արդարության մթնոլորտի ձեւավորման մասին», - եզրափակել է Դաշնակցության պաշտոնաթերթը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG