Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի» Թոշակառու Արկադի Մարությանը գրում է. - «Նախագահական ընտրարշավի հենց սկզբից ռադիոկայանի թղթակիցները այնքան անամոթաբար էին սեւացնում գործող նախագահին, որ պարզապես զազրելի էր լսել»:

«Գոլոս Արմենիի»-ին այսօր նաեւ հրապարակ է հանել արդեն ռադիոկայանի հայկական խմբագրության նախկին երկարամյա տնօրեն Էդվարդ Հովհաննիսյանին: Վերջինս, մասնավորապես, ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, որ «Ազատություն»-ում ծառայել է այն ժամանակ, երբ ռադիոկայանը ենթարկվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը, ինքնուրույն ոչինչ չի արել, այլ գլուխը կախ միայն այն, ինչ հրահանգել են:

Այսպես, անցյալում, ըստ Էդվարդ Հովհաննիսյանի, «Ազատություն» ռադիոկայանի գոյությունը արդարացված էր, իսկ հիմա՝ չէ, քանզի իրավիճակը արմատապես փոխված է: «Ազատություն»-ը չի կարող հաղորդել այն, ինչ ունկնդիրները չեն կարող իմանալ ինտերնետից, իրենց հեռուստատեսությունից, թերթերից եւ այլ աղբյուրներից», - տրամաբանում է Հովհաննիսյանը:

«Երբ վետերանները կոլեկտիվ նամակներ են ուղղում լրատվամիջոցներին եւ ցասումով խարազանում «Ազատություն» ռադիոկայանի թշնամական գործունեությունը՝ այն համարելով ընդդիմության խոսափող եւ հայտարարելով, թե նման բան թույլ տալ չի կարելի, դա նորմալ է», - անդրադառնում է այսօր «Առավոտ»-ի խմբագրականը: - «Վետերանները դաստիարակվել են այն դարաշրջանի ոգով, երբ խորհրդային իշխանությունը խլացնում էր «թշնամական» ձայները, որպեսզի, Աստված մի արասցե, ոչ ոք չտրվեր արեւմտյան իմպերիալիստական քարոզչությանն ու չհիասթափվեր հարազատ կոմունիստական կուսակցության վարած իմաստուն քաղաքականությունից։ Բայց եթե համարյա բառացիորեն եւ հրապարակայնորեն նույնն է կրկնում նախագահին կից կառույցի ղեկավարը (որն, ի դեպ, կոչված է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ), սա արդեն, համաձայնեք, հատկանշական է։ Սա վկայում է, որ չնայած ժողովրդավարության տասնամյա պատմությանը՝ մեզ համարյա ոչինչ չի բաժանում այն օրերից, երբ «Ազատություն» կամ «Ամերիկայի ձայն» հաղորդումներ լսելը համարվում էր հարազատ պետության դեմ գործած ծանր ոճիր... Հիմա էլ «Ազատությունը» կատարում է իմպերիալիստների պատվերը՝ ապակայունացնել մեր հասարակությանն եւ թույլ չտալ մեզ համախմբվել մեր հարազատ իշխանությունների եւ անձամբ ընկեր Քոչարյանի շուրջ», - համադրում է «Առավոտը։ - «Չէ՞ որ «Ազատությունը» հայաստանյան եթերում միակն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են իմանալ բազմաթիվ օրինախախտումների, ընդդիմության հանրահավաքներին մասնակցած տասնյակ մարդկանց ձերբակալությունների մասին: Իսկ սա բանի նման չէ, քանի որ ՀՀ քաղաքացիները պարտավոր են հրճվել մեր իշխանավորների ամեն մի քայլից։ Խորհրդային կառավարիչները գիտեին՝ ինչ էին անում, երբ խլացնում էին «թշնամական ձայները»։ Մարդկանց ճշմարտությունն իմանալ պետք չէ. այդպես ավելի ապահով է»։

Վերջերս տարածված մի լուրի առնչությամբ, թե Միացյալ Նահանգներում ձերբակալվել է մաքսանենգ ապրանք անցկացնելու փորձի համար, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. - «Զրպարտիչների ոտնձգություններից այս երկրում բոլորս անպաշտպան ենք... Մենք կարծես ապրում ենք անհասկանալի տարածության մեջ։ Անկեղծ՝ քիչ է մնում վեր կենամ, թողնեմ-գնամ Հայաստանից։ Մի բան, որ մտքովս չէր անցնում այն ամենադժվար տարիներին, որ ցուրտ էր, մութ էր ու հաց էլ չունեինք»: «Լոս Անջելեսում ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ եթե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները որեւէ բան չէին կազմակերպել, ապա հակառակ կողմը շատ կազմակերպված էր», - կիսվում է Հենրիկ Իգիթյանը։ - «Այդքան ագրեսիվություն չէի զգացել անգամ Հայաստանում, որքան այս օրերին նկատեցի այնտեղ... Ի՞նչ կարիք կար այդքան աղմուկ բարձրացնել այն դեպքում, երբ այնտեղ ընդամենը 3 հազար ընտրող կա։ Այնտեղ ախր հեչ կիսելու բան չունեն։ Եթե այստեղ ինչ-որ պաշտոն է, աթոռ է, գործարան է, չգիտեմ ի՞նչ է, այնտեղ նման բան չկա։ Այսինքն, այնտե՞ղ ինչու են այդպես թշնամացել», - տարակուսում է Իգիթյանը:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, Ռոբերտ Քոչարյանը՝ որպես նորընտիր նախագահ, արդեն ի վիճակի չէ քայլեր անել, որոնք որոշակի թարմություն կհաղորդեն ներքաղաքական կյանքին. - «Այսօր ներքաղաքական իրադարձությունների զարգացման շարժիչ ուժը Հանրապետական կուսակցություն - Դաշնակցություն երկու իշխանական կուսակցությունների հակասությունն է... Նրանք համատեղ իշխանության տարիներին առաջին անգամ կանգնած են դեմ դիմաց՝ բաց ճակատով, առանց բուֆերների, եւ երկուսն էլ տրամադրված են վճռական ճակատամարտի»: Ըստ մեկնաբանի՝ «քաղաքական այս զարգացումն ուղղակի կարող է հանգեցնել մանր-մունր իշխանական կուսակցությունների անխուսափելի ոչնչացման: Անգամ «Օրինաց երկիր»-ը, որը մինչ Սերժ Սարգսյանի ՀՀԿ մտնելը համարվում էր խոշոր կուսակցություն, հիմա ներկայանում է որպես անորոշ ապագայով քաղաքական ուժ»: Ընդհանուր առմամբ, «Հայկական ժամանակ»-ի ընդգծմամբ, «ներքաղաքական վիճակը Հայաստանում հատել է կանխատեսելիության սահմանը, եւ հետագա իրադարձությունների շուրջ դժվար է կանխատեսումներ անել»:

«Ո՞ւմ օգտին կքվեարկեք, եթե Ազգային ժողովի ընտրությունները անցկացվեն առաջիկա կիրակի օրը». «Առավոտ»-ում ներկայացված հերթական հարցումը վկայում է, որ նկատելիորեն ավելացել է ընտրություններին չմասնակցել տրամադրվողների ու պատասխանել դժվարացողների թիվը: Անցյալ շաբաթվա համեմատ տոկոսային աճ հիմնական հավակնորդներից ունեն միայն Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը եւ Դաշնակցությունը: Մյուսները, այդ թվում Հանրապետական կուսակցությունը, ըստ այս հարցման, ձայներ կորցնելու ճանապարհին են:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG