Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ դրվեց խորհրդարանում


Երկուշաբթի սկսվող եռօրյայում Ազգային Ժողովը քննարկելու է նախագահ Քոչարյանի՝ նոր խմբագրությամբ Սահմանադրության նախագիծը եւ քվեարկելու է՝ արդյո՞ք համաձայն է, որ այս նախագիծը հանրաքվեի դրվի:

Այսօրվանից խորհրդարանում շրջանառության մեջ դրված նախագծում առկախ է մահապատժի վերացման հարցը: Համապատասխան հոդվածում թողնված է միայն «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք» դրույթը: Նորմը, որով Հայաստանի քաղաքացին միաժամանակ չի կարող այլ պետության քաղաքացի լինել, նախագծում չկա: Այսինքն՝ գործող Սահմանադրության երկքաղաքացիության արգելքը առաջարկվում է հանել:

Նախագծում կոնկրետ ամրագրված են, թե որ դեպքերում նախագահը կարող է լուծարել խորհրդարանը եւ որոշակի որ ժամկետներում չի կարող: Այս նախագծով հանրապետության նախագահը կարող է Ազգային Ժողովի ընտրությունից հետո մեկ տարվա ընթացքում էլ լուծարել խորհրդարանը, ինչը գործող Սահմանադրությամբ չի կարող: Ամեն դեպքում, նույնն է մնում նորմը, որ նախագահն իր պաշտոնավարության վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող լուծարել խորհրդարանը:

Այն, որ պատգամավորը չի կարող պետական այլ պաշտոն զբաղեցնել, թողնված է, եւ կառավարության ծրագրի ընդունումից հետո այդ կառավարության կազմում ընդգրկված պատգամավորը վայր է դնում մանդատը: Բայց, եթե կառավարության ծրագիրը չի ընդունվում, այդ պատգամավորի մանդատը վերականգվում է: Սա բոլորովին նոր նորմ է, որը չկար նաեւ նախագահ Քոչարյանի՝ 2001֊-ի սեպտեմբերին խորհրդարան ներկայացրած նախագծում:

Նախորդ նախագծում Քոչարյանն այսպիսի նոր նորմ էր առաջարկել. նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստից հետո հանրապետության նախագահը խորհրդարանի հավանությանն է ներկայացնում վարչապետի թեկնածությունը, հավանություն ստանալու դեպքում նշանակում վարչապետին: Լրամշակված նախագծում նախագահը նշանակում եւ ազատում է վարչապետին, իսկ Ազգային Ժողովի առաջին նիստից հետո նախագահի ձեւավորած կառավարությունը ներկայացնում է գործունեության ծրագրի հիմնադրույթները: Եթե Ազգային Ժողովը հավանություն չի տալիս, տասնչորսօրյա ժամկետում նախագահը նոր կառավարություն է ձեւավորում՝ Ազգային Ժողովի առաջարկությամբ:

Նախագահ Քոչարյանի նախորդ նախագծով կառավարության կառուցվածքն ու գործունեության կարգը պետք է սահմանվեր օրենքով, այս տարբերակում՝ նախագահի հրամանագրերով, ինչպես գործող Սահմանադրությամբ է:

Առաջարկվում է նոր հոդված՝ վարչապետը եւ կառավարության անդամները պետք է լինեն Հայաստանի քաղաքացի, կառավարության անդամը չի կրող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել:

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի պարտականությունները կատարում է Ազգային Ժողովի նախագահը, եթե հնարավոր չէ՝ վարչապետը: Այսպես է թե' գործող Սահմանադրությամբ, թե' նախագահ Քոչարյանի լրամշակված նախագծում: Մինչդեռ 2001-ի սեպտեմբերին Քոչարյանի առաջարկած նախագծով, նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այս հերթականության վերջում նշված էր նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը:

Երեւանի քաղաքապետին նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը: Բայց հիմնվում է Երեւանի ավագանու ինստիտուտ, որն օրենքով սահմանված դեպքերում կարող է պաշտոնանկ անել քաղաքապետին:

Այսօր երեկոյան Ազգային Ժողովի ղեկավարության, ինչպես նաեւ մշտական հաձնաժողովների նախագահների խորհրդակցությանը վերջնական որոշում չի կայացվել, թե խորհրդարանական հանձնաժողովներից որն է նիստերի դահլիճում հանդես գալու նախագծի շուրջ իր եզրակացությամբ: Սոցիալական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երկուշաբթի կարող է քվեարկության դրվել Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի ավարտված լիազորությունները երկարաձգելու հարցը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG