Մատչելիության հղումներ

Ըստ Եվրախորհրդարանում քննարկվելիք զեկույցի, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը անհրաժեշտ պայման է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին


Եվրախորհրդարանի քննարկմանը մոտ ապագայում առաջադրվելու է բանաձեւի նախագիծ, ըստ որի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիային ներկայացված քաղաքական պահանջների շարքում է:

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ ընկած այդ փաստաթուղթը ներկայումս քննարկվում է Եվրամիության օրենսդիր մարմնի առանցքային մշտական հանձնաժողովներից մեկում: Փաստաթուղթը Անկարային հորդորում է դադարեցնել Հայաստանի տասնամյա տնտեսական շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, ինչը բխում է այսպես կոչված «կոպենհագենյան չափանիշներից» (սա այն քաղաքական ու տնտեսական պայմանների ցանկն է, որոնք կատարելու դեպքում միայն Անկարան կարող է սկսել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները):

«Կիպրոսի հարցի լուծումը եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, անշուշտ, նույնպես մտնում են կոպենհագենյան չափանիշների կատարման մեջ», - ասված է բանաձեւի նախագծում, որն առաջադրել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ, հոլանդացի Արի Օսթլանդերը:

Օսթլանդերը Թուրքիայի կողմից Եվրամիության պահանջների կատարման ընթացքին հետեւող հանձնաժողովի հատուկ զեկուցողն է: Նրա եզրակացությամբ՝ ի թիվս այլ պայմանների, «Թուրքիան պետք է վերացնի էմբարգոն Հայաստանի նկատմամբ՝ նվազեցնելու տարածաշրջանի տնտեսական հետամնացությունը, ինչն արդյունք է այդ արգելքի»: 15 էջանոց փաստաթուղթը կոչ է անում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ «որպես Եվրամիության անդամակցության քաղաքական չափանիշներին համապատասխանությանն ուղղված քայլ»:

Փաստաթուղթը Եվրախորհրդարանի օրակարգում ընդգրկվելու համար պետք է արժանանա հանձնաժողովի հավանությանը: Հանձնաժողովն այն քննարկել է երկուշաբթի օրը, սակայն հայտնի չէ, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել (եթե ենթարկվել է) նախնական տեքստը: Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու հինգշաբթի օրը:

Թուրքիայի ղեկավարությունը ձգտում է բացառել Եվրամիության գնահատականների եւ Հայաստանի հետ հարաբերությունների կամ արտաքին քաղաքականության որեւէ կողմի (ներառյալ Կիպրոսի խնդիրը) միջեւ ցանկացած կապ: Անկարան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը:

Օսթլանդերի բանաձեւի նախագծում Եվրախորհրդարանը նաեւ հատուկ հորդորում է հայ եւ թուրք «գիտնականներին, սոցիալական եւ հասարակական կազմակերպություններին նախաձեռնել նոր երկխոսություններ, շարունակել սկսվածները՝ անցյալը հետեւում թողնելու նպատակով»: Դրանիով իսկ քաջալերվում է Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեությունը:

Եվրախորհրդարանը արդեն արտահայտել է իր դիրքորոշումը հաշտեցման գլխավոր խոչընդոտի՝ 1915 թվականի հայոց ցեղասպանության վերաբերյալ: 2002 թվականի փետրվարին ընդունված բանաձեւով Եվրամիությունը վերահաստատել է ցեղասպանության ճանաչումը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG