Մատչելիության հղումներ

Հայաստանի ներքաղաքական առճակատումը ամերիկացի մասնագետի աչքերով


«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պայքար է մղում Դեմիրճյանների եւ Սարգսյանների դեմ, իսկ դրանք Հայաստանի ամենահայտնի քաղաքական ընտանիքներն են», - նշում է Մասնագիտացված ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտն իր վերջին վերլուծականում:

Դրա հեղինակ Վլադիմիր Սոքորը փաստում է, որ 1998 թվականից ի վեր Հայաստանի քաղաքական անցուդարձը կենտրոնացված է եղել Քոչարյանի «Ղարաբաղյան խմբավորման» եւ Դեմիրճյանների ու Սարգսյանների մրցակցության շուրջ: Վազգեն Սարգսյանը, Սոքորի ձեւակերպմամբ, 90-ականների ընթացքում երկրի ոչ պաշտոնական «գերհզորն էր» եւ կարեւոր դեր խաղաց 1996 թվականի ընտրությունները կեղծելու, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունն ապահովելու, իսկ 1998 թվականին նույն Տեր-Պետրոսյանին գահընկեց անելու ժամանակ: Առանցքային էր Վազգեն Սարգսյանի դերը Քոչարյանին առաջ տանելու եւ չճանաչված Ղարաբաղի առաջնորդից Հայաստանի նախագահ դարձնելու գործում. - «1998 թվականին նա նաեւ ապահովեց Քոչարյանի հաղթանակը 60-40 վիճահարույց արդյունքով այն դեպքում, երբ Կարեն Դեմիրճյանը ակնհայտորեն ավելի մեծ հեղինակություն էր վայելում»:

1999 թվականին, ըստ վերլուծականի, Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի կուսակցությունները կազմեցին մի դաշինք, որի ջատագովը Մոսկվան էր, հաղթեցին ընտրություններում եւ կառավարություն ձեւավորեցին: Քոչարյանը, որը քաղաքական եւ ինստիտուցիոնալ հենարան չուներ Հայաստանում, կարծես թե դատապարտված էր արարողակարգային ֆիգուրի դերին:

1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կատարվածը ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտը նկարագրում է այսպես. - «Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ժառանգները պարտվեցին Քոչարյանին, որն ապացուցեց, որ արհեստավարժ մարտիկ է իշխանության համար պայքարում: 2000-ի կեսերին նա ստեղծեց անխոցելի թվացող հենարաններ խորհրդարանում, լրատվամիջոցներում, իրավապահ մարմիններում եւ զինվորականների շրջանում: Ու թեեւ նրա ախոյանները ընկալվում էին որպես ավելի ռուսամետ գործիչներ, Քոչարյանին հաջողվեց շահել Մոսկվայի աջակցությունը»:

Իսկ այդ ընթացքում, ըստ ամերիկացի վերլուծաբանի, Քոչարյանի մերձավորներից նույնպես Ղարաբաղում ծնված Սերժ Սարգսյանը այնպիսի անմիջական ամենօրյա վերահսկողություն սահմանեց իշխանության լծակների նկատմամբ, ինչպիսին չունի նույնիսկ ինքը՝ նախագահը:

Վաշինգտոնցի մասնագետը մի ամբողջ պարբերություն է նվիրել Սերժ Սարգսյանի պաշտոնների թվարկմանը՝ պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար, որը վերահսկում է թե' ներքին անվտանգությունը, թե' հետախուզությունը, ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, որը համակարգում է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների գրեթե բոլոր բնագավառները, Քոչարյանի նախընտրական շտաբի պետ եւ քոչարյանամետ քաղաքական կուսակցության դե ֆակտո առաջնորդ:

Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի ձերբակալությանը, վերլուծաբանը նշում է, որ նրա դեմ մեղադրանքները եւ ցուցմունքները Հայկական հեռուստատեսությունը, որը վերահսկվում է իշխանությունների կողմից, հնչեցրել է քաղաքականապես կողմնակալ ձեւով՝ դատավարությունը դեռ չսկսված:

«Աղմկահարույց սպանությունների արագ բացահայտումը եւ ընդհանրապես բացահայտումը հայաստանյան իշխանությունների կողմից չափազանց անսովոր է», - փաստում է ամերիկացի մասնագետը: Չցանկանալով գնահատել ցուցմունքների հավաստիությունը այս կոնկրետ դեպքում, վերլուծաբանը հիշեցնում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները մեքենայությունների, կոծկելու, բռնություն կիրառելու եւ քաղաքական սպանությունների հետաքննությունը ձախողելու հարուստ փորձ ունեն:

Վերադառնալով ընտրական թեմային, Մասնագիտացված ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտը հիշեցնում է, որ վերջին անգամ ազատ ու արդար ընտրություններ Հայաստանում անցկացվել են 90-ականների սկզբներին: Եվ վերջին նախագահական ընտրություններն այս առումով կրկնեցին նախորդների ծանոթ պատկերը: Բայց կար երկու տարբերություն: Նախ, քննադատությունն Արեւմուտքի կողմից աննախադեպ խիստ էր, եւ ապա՝ քանի որ ԱՊՀ դիտորդները գովեցին ընտրությունները, իսկ Պուտինը անմիջապես շնորհավորեց Քոչարյանին, ընդդիմության ավանդաբար ռուսամետ շրջանակներն այժմ քննադատում են Մոսկվային՝ միաժամանակ գնահատելով ամերիկյան եւ եվրոպական կազմակերպությունների աշխատանքը:

Այս զարգացումների հնարավոր ազդեցությունը գալիք խորհրդարանական ընտրությունների վրա, ըստ հեղինակի, առայժմ անորոշ է: «Գրեթե հաստատ է, որ մայիսյան ընտրություններին արեւմտյան կազմակերպությունները կհետեւեն նույնիսկ ավելի բծախնդիր կերպով՝ հաշվի առնելով նոր ավարտված ընտրությունների փորձը», - եզրակացնում է Սոքորը::

Մասնագիտացված ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտը 1984 թվականից գործում է Երուսաղեմում: Հայաստանին վերաբերող վերլուծականը գրվել է դրա վաշինգտոնյան մասնաճյուղում: Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի մասնագետ Վլադիմիր Սոքորի վերլուծականները հաճախ են տպագրվում ամերիկյան մամուլում, մասնավորապես «Ուոլ սթրիթ ջորնալ» հեղինակավոր օրաթերթում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG