Մատչելիության հղումներ

Վարչական ձերբակալությունները, ըստ պաշտոնյաների, չեն հակասում Հայաստանի հանձնառություններին


Ընդդիմության հանրահավաքների մասնակիցների շարունակվող ձերբակալությունները, հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով, կատարվում են խախտելով ոչ միայն միջազգային օրենսդրության, այլեւ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, մինչդեռ, պարտադիր չի համարում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անցած տարվա սեպտեմբերին ընդունած բանաձեւի հանձնարարականները, որոնք պահանջում են վերանայել վարչական կալանքին վերաբերող դրույթները, իսկ մինչ այդ՝ ձեռնպահ մնալ դրանք կիրառելուց:

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանի խոսքերով, քաղաքացիները վարչական պատասխանատվության «ենթարկվել են, ենթարկվում են եւ կենթարկվեն»՝ հասարակական կարգը, ինչպես նաեւ պատկան մարմինների աշխատակիցներին չենթարկվելու համար:

«Միտինգների, ցույցերի ընթացքում հասարակական կարգը խախտելը եւ դրանցից հետո քաղաքացիների կամքին բռնանալը, քաղաքացիների անդորրը խանգարելը, պատկան մարմիների աշխատակիցներին չենթարկվելը նշանակում է հասարակական կարգ խախտել», - «Ազատություն» ռադիոկայանին մեկնաբանելով հանրահավաքների մասնակիցների ձերբակալությունները, ասաց Արա Սաղաթելյանը՝ փոխանցելով նաեւ, որ մարտի 17-21-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 40 քաղաքացի, որոնցից 19-ը՝ 3-15 ժակետով կալանքի, իսկ 21-ը՝ 500-3000 դրամ տուգանքի:

Վարչական օրենսգիրքը, որի 180-րդ հոդվածի հիման վրա են կատարվում ձերբակալություննրեը, հնացած է ինչպես բարոյապես, այնպես էլ տնտեսապես (նկատի ունենալով տուգանքի չափերը): Այդուհանդերձ, նշված հոդվածով վարչական տուգանքները նախատեսված են չարտոնված երթի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար: «Այս տեսակետից», - ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիկ Իշխանյանը, - «նույնիսկ Խորհրդային Միությունն ավելի իրավական պետություն էր, քան ներկայիս Հայաստանը»: Նա հիշեցրեց, որ 1989 թվականին ձերբակալվեցին ոչ թե հանրահավաքների մասնակիցները, այլ Ղարաբաղ կոմիտեի անդամները:

Ընդդիմադիր միավորման ղեկավարներից ու հանրահավաքների համակազմակերպիչներից մեկի՝ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանի խոսքերով, տվյալ պարագայում հանրահավաքների կազմակերպիչներին ձերբակալելը «հակասում է օրենսդրությանը»: «Բայց, եթե այդպիսի քայլի դիմում են, առաջին հերթին պիտի կազմակերպիչներին [պատասխանատվության ենթարկեն], այլ ոչ թե մասնակիցներին», - ավելացրեց Շավարշ Քոչարյանը՝ կազմակերպիչներին չձերբակալելը բացատրելով այսպես. - «Երեւի, իրենց գնահատականով, դա ոչ թե կնպաստի նրան, որ այս ալիքը մարի, այլ հակառակը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք խախտվե՞լ է Եվրախորհրդի որեւէ հանձնարարական վարչական ձերբակալությունների եւ տուգանքների մասով, արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանը պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետությունը անդամագրվելով Եվրոպայի խորհրդին, ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց թվում ներառված չէ վարչական կալաքին վերաբերող որեւէ դրույթ»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, մինչդեռ, անցած տարվա սեպտեմբերի 26-ին ընդունել է համապատասխան բանաձեւ, որով առաջարկվում է կազմակերպությանն անդամակցող երկրների իշխանություններին անհապաղ վերանայել վարչական կալանքին վերաբերող դրույթները եւ ձեռնպահ մնալ կիրառելուց՝ մինչեւ օրենքից հանելը: «Վեհաժողովն իշխանություններին զգուշացնում է դրա կիրառման արդյունքում առաջացող չարաշահումների մասին, որոնք լրջորեն հակասում են Կազմակերպության սկզբունքներին», - ասված է նշված բանաձեւում:

Առուստամյանի մեկնաբանությամբ, սակայն, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը խորհրդակցական մարմին է, որը իր իրավասությունների շրջանակներում քննարկում է հարցերը եւ ներկայացնում է մեկ այլ մարմնի՝ Նախարարների կոմիտեին, եւ վերջինս անհրաժեշտության դեպքում ընդունում է եզրակացություններ, որոնք միայն պարտադիր են անդամ պետությունների համար:

«Նախարարների կոմիտեն նման հանձնարարական-առաջարկ չի ընդունել եւ չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը», - իր փաստարկներն ամփոփեց Առուստամյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG