Մատչելիության հղումներ

Կառավարությունը «Սեւան - Հրազդան» կասկադով մարում է միջուկային վառելիքի պարտքը


Կառավարության որոշմամբ, 40 միլիոն դոլար կազմող միջուկային վառելիքի պարտքը ռուսաստանյան մատակարարին մարելու նպատակով ռուսաստանյան «ՌԱՈ-Նորդիգս» ընկերությանն է հանձնվել ընդամենը 25 միլիոն դոլար գնահատված «Սեւան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը: Մնացած 15 միլիոն դոլարի պարտավորությունը կմարվի ի հաշիվ երկու տարվա ընթացքում ներհանրապետական շուկայում վաճառված էլեկտրաէներգիայի ընթացիկ հավաքագրումների եւ նախկին դեբիտորական պարտքերի դիմաց գումարների գանձման։

Նույն նիստում կառավարությունը չեղյալ համարեց անցյալ տարվա սեպտեմբերին ընդունած որոշումներից մեկը, որով Մեծամորի ատոմակայանի միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը մարելու նպատակով գրավ էր դրվել «Սեւան-Հրազդան» կասկադի հիդրոկայանների գույքը։ Այդ որոշումը ռուսներին չբավարարեց եւ միջուկային վառելիք մատակարարող ռուսաստանյան «Թվել» ընկերությունը հրաժարվեց Հայաստանին փոխանցել ընդամենը 6 միլիոն դոլար արժողությամբ վառելիքի խմբաքանակը, եւ Անդրանիկ Մարգարյանի կաբինետը ստիպված էր էներգետիկ ճգնաժամից խուսափելու նպատակով, ինչը ընտրությունների նախաշեմին խիստ անցանկալի էր, գնալ ռիսկային քայլի՝ ամիսներ առաջ կանգնեցված միջուկային ռեակտորը նորից գործարկել՝ առանց վերալիցքավորման:

Կառավարության նախկին որոշման համաձայն, միջուկային պարտքը պետք է մարվեր բացառապես էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված հասույթի հաշվին։ Հայտնի է, սակայն, որ Հայաստանից շատ չնչին չափով էլեկտրաէներգիա արտահանվում է միայն Վրաստան, իսկ Իրանի հետ հոսանքը փոխանակվում է՝ ամռանը Հայաստանից դեպի Իրան, ձմռանը՝ հակառակը։ Հետեւաբար, այդ որոշման կատարումը ի սկզբանե դատապարտված էր։

Էներգետիկայի նախարարության լրատվական կապերի պատասխանատու Լուսինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դեռեւս շարունակվում է Մեծամորի ԱԷԿ-ի ֆինանսական մենեջմենթը ռուսաստանյան ՌԱՈ-ԵԷՍ-ին հանձնելու սխեմաների մշակումը, ու համապատասխան փաստաթուղթը հավանաբար մինչեւ այս ամսվա վերջ կստորագրվի։

Մինչդեռ, ԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանի հավաստմամբ, առանց վերալիցքավորման կայանը կարող է գործել մինչեւ ապրիլի կեսերը միայն։ Պատասխանատուները հույս ունեն, որ այդ ժամկետին արդեն հնարավոր կլինի Հայաստան ներկրել միջուկային վառելիքի նոր խմբաքանակը։

Ռուսական մամուլում վերջերս հրապարկումներ եղան, որ այդ երկրի ճանաչված միջուկագետներից մեկը՝ ակադեմիկոս Եւգենի Վելիխովը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը, ներառյալ առաջին էներգաբլոկը հնարավոր է վերակառուցել ու ամբողջ հզորությամբ աշխատեցնել։ Գագիկ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում տարակուսանք հայտնեց նման հայտարարության առնչությամբ՝ հավելելով, թե դա Ռուսաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Մյուս կողմից, ԱԷԿ-ի գործադիր տնօրենը տեսականորեն հնարավոր է համարում ԱԷԿ-ի առաջին բլոկի վերաթողարկումը՝ վկայակոչելով ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան փորձը։ Սակայն գործնականում, ըստ նրա, նման անհրաժեշտություն չկա:

«Հայաստանը այդ պահանջը չունի», - ասաց Մարկոսյանը՝ ավելացնելով, թե ամեն դեպքում առաջին բլոկի վերականգնման որոշումը կարող է բացառապես Հայաստանի կառավարությունը ընդունել՝ անկախ նրանից, թե ով է իրականացնում կայանի ֆինանսական հոսքերի մենեջմենթը։ - «Հայաստանում այսօր գործող օրենքում նման կետ չկա, որը թույլ կտա ուրիշ պետությանը Հայաստանի տարածքում ատոմային օբյեկտ վերաթողարկել, կառուցել՝ ելնելով իր շահերից»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG