Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Օրրան» թերթի, Հայաստանի իշխանությունների կեցվածքն իրողություններին անհամարժեք է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքական ոլորտներում, եւ դա են վկայում ներկայումս իրաքյան պատերազմին ու դրա հնարավոր հետեւանքներին առնչվող գնահատականները: «Այլեւս պարզ է, որ հենց այս պահին ու առաջիկա ամիսներին լուծվում եւ լուծվելու է աշխարհի բազմաբեւեռայնության եւ միաբեւեռայնության մոդելների առճակատման հանգույցը, եւ այս համատեքստում շարունակել պտտել փոխլրացման հոգնեցնող պատեֆոնը, լավագույն դեպքում տարակուսություն կարող է հարուցել», - ընդգծված է «Օրրան»-ում: - «Արդյունքում՝ հերթական անգամ ճգնաժամից դուրս ենք գալու առավելագույն կորուստներով»:

«Առավոտ» թերթի սեւեռմամբ՝ «թե որքանով է խոցելի այն երկիրը, որը գլխավորում է կա'մ բռնակալ, կա'մ էլ պարզապես ոչ լեգիտիմ նախագահ, հնարավորություն ունեցանք համոզվել երեկ, երբ մոլորակի բնակչության մեծ մասի կարծիքը բանի տեղ չդնելով՝ ԱՄՆ-ը սկսեց ռազմական գործողություններն Իրաքի դեմ»: «Ինչ քաղաքական-տնտեսական շահեր էլ հետապնդեր ԱՄՆ-ը, կհամարձակվե՞ր այսքան ուղղակիորեն անտեսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ու ողջ առաջադեմ մարդկության կարծիքն ու հարձակվել ինքնիշխան մի պետության վրա, եթե այդ երկրի ղեկավարը չլիներ բռնապետ Սադամ Հուսեյնը», - հարց է ուղղում «Առավոտ»-ը՝ ի վերջո ամփոփելով. - «Քոչարյանը վաղը կասի (ինչպես «Սեպտեմբերի 11-ից» հետո), որ պետք չէ ապակայունացնել երկրի վիճակը, երբ աշխարհում նման բաներ են կատարվում։ Եվ դա իսկապես վտանգավոր է, բայց միայն այն պատճառով, որ ամերիկացիները շեղ աչքով են նայում մեր ոչ լեգիտիմ նախագահին»:

«Երկիր» թերթի ձեւակերպմամբ, հերթական անգամ Միացյալ Նահանգներն ու նրան աջակցող մի շարք երկրներ մերժեցին համաշխարհային հասարակական կարծիք ասածը, նոկաուտի ենթարկեցին Միավորված ազգերի կազմակերպությանը: «Ահաբեկչության, բռնությունների, խաղաղության անվան տակ ոտնահարվեց հենց խաղաղությունը, փոխհասկացողության հիման վրա առկա հարցերի լուծում գտնելու ցանկությունը... Բազում խաղաղ բնակիչներ, որոնք որեւէ մեղք չունեին ո'չ Սադամի գործած բռնությունների, ո'չ էլ կամայականությունների ու անօրինականությունների համար. եւ տուժեցին կրկնակի՝ թե' իրենց իշխանություններից, թե' ամերիկյան ռմբակոծություններից», - համադրել է «Երկիր»-ը: - «Ու սա դեռ սկիզբն է... Հետեւանքներն առավել ծանր են լինելու։ Հետեւանքներ Իրաքի բնակչության, ամբողջ տարածաշրջանի, ողջ աշխարհի համար»։

«Երկիր»-ի խմբագրականն էլ այսօր առաջ է մղում հետեւյալ տեսլականը. - «Այսօր՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հնարավոր է քաղաքական բոլոր ուժերի համագործակցությունը մի շարք կարեւոր խնդիրների շուրջ։ Նախ եւ առաջ դա վերաբերում է ընտրությունները քաղաքակիրթ, հանդուրժողական, բնականոն մթնոլորտում անցկացնելու համար բոլոր ուժերի շահագրգիռ համագործակցությանը... Ու եթե քաղաքական ուժերն իրոք մտահոգ են երկրի միջազգային վարկով ու ներքին կայունությամբ, ապա կարող են ընտրություններն անցկացնել այնպիսի մթնոլորտում, որը հնարավորություն կստեղծի ընտրություններից դուրս գալ ոչ թե ճամբարների պառակտված ու թշնամացած, այլ միասնական հասարակությամբ»։ Մյուս կողմից, մի շարք թերթեր, մասնավորապես «Այբ-Ֆե»-ն, որպես Հայաստանի ընթացիկ ներկայի որակ, բարձրացնում են ցուցարարների նորանոր հետապնդումներն ու կալանքները: Նախագահական նստավայրի մոտ նստացույցը շարունակող Գրետա Սարգսյանն էլ «Այբ-Ֆե»-ի թղթակցին ասել է. - «Ես պահանջատեր եմ: Էդ էր պակաս՝ խնդրեմ: Ես պահանջում եմ: Բոլորից եմ պահանջում: Ե'վ կառավարությունից: Ե'վ Քոչարյանից: Բոլոր կուսակցություններից: Թող բացահայտեն հոկտեմբերի 27-ը: 27-ը կոծկեցին, մինչեւ հիմա չեն բացահայտում, ոչինչ չձեռնարկեցին... Արմենո՞վ են ուզում մեզ լռեցնել: Թող իմ որդուն ինձ տան: Իրենք են կազմակերպել»:

Ընդդիմության միավորված նախընտրական շտաբի պետ Վաղարշակ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. - «Քոչարյանը խոսում է կայունության մասին, բայց կայունություն ասելով հասկանում է իր իշխանության ամրապնդումը: Հայաստանում կայունություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Քոչարյանը չի հեռացել: Այդ նրա վարած կոմպլեմենտար քաղաքականությունը հասցրեց այն բանին, որ այսօր արդեն հայտարարություններ են հնչում, թե ԱՄՆ-ն սխալ է, Եվրամիությունն ու Եվրախորհուրդը սխալ են: Եւ սա միայն սկիզբն է: Շարունակությունը շատ ավելի վատ է լինելու»:

Այժմ, «երբ Իրաքի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ», «Իրավունք» թերթի մեկնաբանը չի բացառում մոտակա էական ազդեցություն-փոփոխություններ նաեւ Հայաստանի ներքին կյանքում: Իսկ դեպի նոր Ազգայի ժողով ներկա անցուդարձը «Իրավունք»-ում փոխկապակցված է այսպես. - «Ակնհայտ է, որ «Արդարություն» դաշինքը կարող է հավաքել քվեների շատ բարձր ցուցանիշ, որի մակարդակը ընտրակեղծիքային տեխնոլոգիաներով իջեցնելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ ընտրություններում ներգրավված են հակադիր շահեր ունեցող բազմաթիվ իշխանամետ կուսակցություններ, որոնց դժվար թե այս անգամ հաջողվի պայմանավորվել «թվանկարչության» բաշխման վերաբերյալ: Ու այս պայմաններում ամենեւին էլ զարմանալի չէ, որ իշխանությունները սկսել են տարբեր ճնշումներ բանեցնել ընդդիմության վրա»:

«Ընդդիմությունը հստակ սկզբունք է որդեգրել. որքան վատ, այնքան լավ իրենց համար», - «Հայոց Աշխարհ» թերթում ասում է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային ու տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: - «Դա դրսեւորվում է այսօր բոլոր առումներով եւ խորհրդարանի աշխատանքներում մասնավորապես... Ընդդիմությունը միտումնավոր է տապալում Ազգային ժողովի նիստերը, որպեսզի կառավարության համար ստեղծվի փակուղային իրավիճակ... Մեզ մոտ արդեն արձանագրվում է վտանգավոր մի միտում, այն է՝ քաղաքական պայքարը տեղափոխել տնտեսական հարթություն: Այսպես կարող է հետաձգվել, վտանգվել նաեւ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG