Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ուզում ենք հույս հայտնել, որ այս բոլորը հնարավորին չափ կարճ ժամանակում կավարտվի»


Այսօր վաղ առավոտյան սկիզբ առած իրաքյան պատերազմը խորը մտահոգություն է առաջացրել Հայաստանում: Ափսոսանք հայտնելով, որ Իրաքի զինաթափումը խաղաղ ճանապարհով մատնվեց անհաջողության, պաշտոնական Երեւանը հույս է հայտնում, որ պատերազմը շուտով կավարտվի:

«Այս պահին մենք ուզում ենք հուսալ, որ այս պատերազմի հետեւանքները չեն լինի ծայրահեղ բացասական եւ' Իրաքի ժողովրդի, ե'ւ տարածաշրջանի երկրների համար», - այսօր ասաց Հայաստանի արտգործնախարար Օսկանյանը: - «Եվ ուզում ենք նաեւ հույս հայտնել, որ այս բոլորը հնարավորին չափ կարճ ժամանակում կավարտվի»:

Ավելի վաղ տարածված՝ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում մտահոգությամբ են հետեւում Իրաքի շուրջ վերջին զարգացումներին։ «Ցավոք սրտի, խաղաղ ճանապարհով Իրաքի զինաթափման գործընթացը մատնվեց անհաջողության, եւ սկսվեցին ռազմական գործողությունները», - ասված է հայտարարության մեջ։ - «Հուսով ենք, որ դրանք չեն հանգեցնի մարդասիրական եւ էկոլոգիական աղետի, որը կսպառնա ինչպես Իրաքի քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ տարածաշրջանի երկրներին»։

Այնուհետեւ խորը մտահոգություն է շեշտվում իրաքահայության ճակատագրով եւ պատրաստակամություն՝ բոլոր հնարավորություններով օգտակար լինել համայնքի ներկայացուցիչներին։ Կառավարության այսօրվա նիստում այդ մասին հատուկ որոշում է ընդունվել: Տարբեր նախարարությունների, գերատեսչությունների հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել:

Մեր հայրենակիցներին հնարավոր կլինի օգնություն ցուցաբերել միայն այն դեպքում, երբ նրանք արդեն լքած կլինեն Իրաքի տարածքը. Վարդան Օսկանյանը նշեց, որ մեր քաղաքական եւ գործնական հնարավորությունները սահմանափակ են:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան շենքի մոտ այսօր բողոքի ցույցեր անցկացրին «Միսս եւ Միստր Հայաստան» մանկական հիմնադրամը եւ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտական ֆակուլտետի ուսանողները: Ցույցերը բազմամարդ չէին. հակապատերազմական կարգախոսներ վանկարկելուց հետո, ցուցարաները խախաղ հեռացան:

Ազգային ժողովում այսօր կայացած ճեպազրույցներում իրաքյան թեման, բնականաբար, գերիշխում էր:

«Մենք չենք կարող որեւէ ազդեցություն ունենալ այդ պատերազմում», - հայտարարեց «Միասնություն» խմբակցության ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի համար հետեւանքները կախված կլինեն պատերազմի տեւողությունից»:

Ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ, «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանի կարծիքով՝ պատերազմը անընդունելի է, իսկ «հետեւանքը Հայաստանի համար լուրջ է լինելու»:

«Ինչքան շուտ մենք կարողանանք ձեւավորել մեր լեգիտիմ իշխանությունը, այնքան մենք հեշտությամբ կարող ենք դիմակայել դրսի վտանգներին», - ավելացրեց Հարությունյանը: - «Մեր պետության նկատմամբ բոմժի պես են վարվելու: Ես չեմ զարմանա, եթե Վարդան Օսկանյանը հրաժարական տա, որովհետեւ այս պայմաններում, այսպիսի [միջազգային] գնահատականներով, որ ստացել է պետությունը անցած ընտրությունների ընթացքում, նա կաշկանդված է»:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի կարծիքով, ճիշտ չէ, որ Հայաստանը համալրի «հստակորեն պատերազմի կողմ երկրների շարքը»:

Նրա խոսքերով, այս պատերազմից առաջին հերթին տուժելու են միջազգային հանրությունն ու ՄԱԿ֊-ի հեղինակությունը: Իսկ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենատարբեր հնարավոր զարգացումներին:

«Օրինաց Երկիր»-ի պատգամավոր Մհեր Շահգելդյանը խիստ անհրաժեշտ է համարում Հայաստանի արտաքին քաղաքականության հստակեցումը՝ նկատի ունենալով կոմպլեմենտար արտաքին քաղաքականության «մոդիֆիակցումը, մոդեռնիզացումը»:

Թուրքիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ ինչ֊-որ տեղ նահանջ են արձանգրել, սակայն, Մհեր Շահգելդյանը Հայաստանի համար ռազմական սպառնալիք չի տեսնում, քանի որ ի վերջո Թուրքիայի ռազմական էլիտան սերտորեն կապված է ԱՄՆ-֊ի հետ: Նա հիշեցրեց նաեւ հայ-ռուսական «պայմանագիրը, որը ներառում է նաեւ ռազմական համագործակցություն»:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG