Մատչելիության հղումներ

Իրաքյան պատերազմը չի ազդի Համաշխարհային բանկի հայաստանյան ծրագրերի վրա


«Իրաքի պատերազմը ոչ մի ազդեցություն չի ունենա Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած ծրագրերի վրա, սակայն այդ պատերազմը կարող է ազդել Հայաստանի տնտեսության, տնտեսական իրավիճակի վրա»: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նման ենթադրություն արեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը։

«Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ կպատահի: Ամբողջ տարածաշրջանում՝ Միջին Արեւելքի երկրներում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում իրավիճակը հավանաբար կլինի անորոշ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ներդրումների գործընթացի վրա», - ասաց Ռոբինսոնը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնա Հայաստանում Համաշխարհային բանկի հայաստանյան ծրագրերի վրա առաջիկա խորհրդարանական ընտրություններով պայմանավորված ներքաղաքական լարվածությունը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը ասաց. - «Դրանք այնքանով կազդեն մեր ծրագրերի վրա, որքանով բարեփոխումների փոխարեն կառավարության ուշադրությունը բեւեռված կլինի ընտրությունների վրա: Դրանով հանդերձ, մենք քաղաքական գնահատական չեն տալիս այդ գործընթացին, քանի որ քաղաքականությամբ չենք զբաղվում»։

Ռոջեր Ռոբինսոնի այսօրվա ասուլիսի հիմնական առիթը Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների հինգերորդ վարկի տրամադրման հետ կապված բանկի տնօրենների խորհրդի՝ անցյալ հինգշաբթի ընդունած որոշումն էր։ Սակայն, որպեսզի այդ գումարը հասնի Հայաստան, պայմանագիրը պետք է վավերացնի Հայաստանի Ազգային ժողովը։ Իսկ եթե վավերացումը ուշանա, ապա, ըստ Ռոբինսոնի, այդ վարկի հատկացումը կարող է ձգձգվել 3-6 ամիս։

Միեւնույն ժամանակ, բանկի ներկայացուցչի համոզմամբ, տարեցտարի բարելավվում է Հայաստանի բյուջետային կացությունը, այդ պատճառով հնարավոր է, որ ՍԱՔ 5-ը բյուջեի ուղղակի աջակցության վարկերից վերջինը լինի, թեեւ բանկի օգնությունը կշարունակվի այլ կերպ՝ ծրագրային վարկերի ձեւով։ Իբրեւ այդպիսին լինելու Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում տրամադրվելիք հավանական օգնությունը։ Ըստ Ռոբինսոնի, այդ վարկային ռեսուրսները հիմնականում ուղղվելու են առողջապահության եւ կրթության ոլորտների բարեփոխումների ծրագրերին։

Կրթական բարեփոխումների ծրագրերի ֆինանսավորման մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում խոսեց նաեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նրա փոխանցմամբ, Համաշխարահային բանկի հետ բանակցություններն արդեն ավարտվել են, եւ հանրակրթական բարեփոխումներին նախապես հատկացված 10 միլիոն դոլարի ծրագրի գումարները կավելացվեն՝ հասնելով 18 միլիոնի։

Նախարարը անդրադարձավ նաեւ այս տարի բուհերում ընդունելության կազմակերպմանը։ Կառավարությունն այսօր հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության տեղերի չափաքանակները՝ նախորդ տարվա թվերը պահելով անփոփոխ. 4069 պետպատվերով եւ 5746 վճարովի տեղեր՝ բանակում ժամկետային ծառայությունից տարկետման իրավունքով։ Առանց տարկետման իրավունքի վճարովի տեղերի քանակը կորոշվի բուհերի դիմումների հիման վրա։ Ինչ վերաբերում է ընդունելության կարգին, ապա, ըստ Մկրտչյանի, դրանում էական փոփոխություններ չեն եղել, թերեւս, հօգուտ դիմորդի պարզեցվել են քննական առաջադրանքները ու մեղմվել գնահատման չափանիշները։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG