Մատչելիության հղումներ

Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովում տեղյակ չէին վանաձորցի իրավապաշտպանի ձերբակալության մասին


Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակից դուրս էր մնացել անցած շաբաթ Վանաձորում դատարանի վճռով 10-օրյա վարչական կալանքի ենթարկված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի տեղի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցը, ում «անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակելու» կոչ էր արել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Ալումյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե առաջին անգամ է լսում այդ մասին: «Եթե հանձնաժողովին դիմի ցանկացած քաղաքացի, անկախ նրա քաղաքական հայացքներից, անկախ նրա ով լինելուց, հանձնաժողովը կքննարկի նրա դիմումը», - ավելացրեց նա:

Անցած շաբաթ անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, իսկ մարտի 15-ին՝ հրդեհվել: Նույն օրը գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ձերբակալվել էր հենց գրասենյակի մոտ՝ բողոքի ցույցի ժամանակ: Կարճատեւ դատավարությունից հետո նրան ենթարկել են 10-օրյա վարչական կալանքի։

Խնդրի առնչությամբ երեկ հայտարարությամբ է հանդես եկել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի ղեկավարներից Էլիզաբեթ Անդերսոնը մասնավորապես ասել է, որ Արթուր Սաքունցը պետք է «անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակվի»:

Հայկ Ալումյանը ասաց, որ հանձնաժողովը կարող է նաեւ սեփական նախաձեռնությամբ որեւէ հարց քննարկել՝ եթե իրենց մոտ եղած տվյալները բավարար հիմք են տալիս ասելու, որ ոտնահարվել են մարդու իրավունքները:

«Մարդու իրավունքների հանձնաժողովը գործում է իր կանոնադրության հիման վրա», - մեկնաբանեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասրյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է, որ միջազգային եւ տեղական իրավապաշտպան որոշ կազմակերպություններ արձագանքել են վերջին շրջանի իրադարձություններին, Ասրյանը պատասխանեց. - «Ոչ թե իրավապաշտպան կազմակերպություններն են անդրադարձել, այլ որոշակի իրավապաշտպան կազմակերպություններ»: Իր տեսակետը նա փաստարկեց, թե՝ Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունների անվան տակ հանդես են գալիս «ծայրահեղորեն քաղաքականացված խմբավորումներ»:

Իսկ Արթուր Սաքունցի հարցի առնչությամբ Ասրյանը ասաց. - «Եթե կլինեն կոնկրետ փաստեր, որ խախտվել են այդ անձի կամ կազմակերպության իրավունքները, կամ խախտվել է օրենքը, ես հավատացնում եմ՝ հանձնաժողովին որեւէ մեկը չի կարող խոչընդոտել անմիջականորեն այդ հարցին մասնակցելու եւ խախտված իրավունքները վերականգնելու հարցում»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG