Մատչելիության հղումներ

«Օրբիտա»-ն նույնպես անցավ Ռուսաստանին


Օրերս Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի եւս մեկ ձեռնարկություն՝ «Օրբիտա»-ն, դարձել է Ռուսաստանի Դաշնության սեփականությունը։ «Օրբիտա»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ընդամենը 200 հազար դոլարով գնել է ռուսաստանյան «Ռոսավիասպեցկոմպլեկտ» կոնցեռնը։ Միաժամանակ, գնորդը պարտավորվել է մարել «Օրբիտա»-ի՝ մասնավոր բանկերին ունեցած կես միլիոն դոլարի պարտքը։

Անկախացումից հետո գործնականում կանգնած նախկին ԽՍՀՄ ռազմաարդունաբերական համալիրի մաս կազմող այս ընկերության վաճառքից հետո հույս կա, որ այն կվերակենդանանա՝ ռուսական ռազմական պատվերների շնորհիվ: Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի հավաստմամբ, ռուսաստանյան գնորդը խոստացել է արդեն այս տարի այստեղ 250 աշխատատեղ ստեղծել ու թողարկել 3 միլիոն դոլարի արտադրանք։ Ծրագրվում է մինչեւ 2005 թվականը այստեղ աշխատողների թիվը հասցնել 600-ի, իսկ արտադրանքի ծավալը՝ մինչեւ 10 միլիոն դոլարի։

Օրակարգում է նախկին ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի հետ սերտ կապեր ունեցող եւս մեկ, ավելի խոշոր ձեռնարկության՝ «Հրազդանմաշ»-ի մասնավորեցման հարցը։ Մեքենաշինական այս հսկայի նկատմամբ մինչեւ վերջերս հետաքրքրություն չի եղել: «Հրազդանմաշ»-ը երկար տարիներ ղեկավարում էր Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը, որը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի մաս կազմող «Գրանիտ» ֆինանսաարդյունաբերական խմբի ծրագրի մեջ «Հրազդանմաշ»-ը ինտեգրելու պլաններ ուներ։ Սակայն, նրա մահից հետո ձեռնարկությունը հայտնվեց ծանր վիճակում։ Այս ընկերության ներկա պարտքերն անցնում են 1,5 միլիոն դոլարից։

Ակնհայտ է, որ խոշոր մեքենաշինական հսկաների վերակենդանացումը իբրեւ ամբողջական համալիրներ նոր պայմաններում անհնար է։ Այդ պատճառով դիտակվում է դրանք մի քանի ներդրողներով մաս-մաս մասնավորեցնելու տարբերակը։ Չնայած առանձին դեպքերում չի բացառվում նաեւ իբրեւ ամբողջական համալիր մասնավորեցնելու տարբերակը, ինչպես եղավ, օրինակ «Մարս»-ի դեպքում։ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով Ռուսաստանին փոխանցված «Մարս»-ը, ինչպես նաեւ երեք գիտահետազոտական ինստիտուտները եւս առնչվում են այդ երկրի ռազմաարդունաբերական համալիրին ու դրա պատվերների շնորհիվ կարող են վերակենդանանալ։

Ձեռնարկությունների վերագործարկումը, անկասկած, կարվի հայ գործարարների, ինժեներների ու բանվորների ուժերով՝ հավանաբար ռուսական կապիտալի մասնակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը իր Հայաստանյան վերջին այցի ժամանակ ուղղակի հայտարարեց, թե ինքը չի կասկածում հայ գիտնականների ու ինժեներների կարողությունների վրա, ու այդ ձեռնարկությունները վերամասնագիտանալու են բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա։

Հայ-ռուսական միջկառավարական հանձնախմբի վերջին նիստի ժամանակ ստեղծված ներդրումային հանձնախումբը մինչեւ այս ամսվա վերջ Երեւանում պետք է անցկացնի հայ-ռուսական ներդրումային համաժողով, որի ընթացքում քննարկվելու են փոխանցված ձեռնարկությունները լավագույնս աշխատեցնելու տարբերակները։

Ռուսական կողմին արդեն փոխանցված ձեռնարկություններին կարող է միանալ նաեւ «Նաիրիտ»-ը։ Վերջերս տեղեկույթուններ եղան, թե «Նաիրիտ»-ը գնելու ցանկություն ունի հայազգի տերեր ունեցող ռուսաստանյան մի ընկերություն։

Էլեկտրաէներգիայի դիմաց մեծ պարտքերի մեջ խրված ու հոսանքազրկված «Նաիրիտ»-ի կառավարիչը՝ բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը, ըստ երեւույթին, այլեւս ի վիճակի չէ կարգավորել հարաբերությունները կառավարության հետ։ Վերջինս սառեցրել է «Նաիրիտ»-ի՝ «Ռանսաթ գրուփ»-ին հանձնված բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթը՝ «Հայկապ» բանկին ունեցած 14 միլիոն դոլարի պարտքը մարելու պայմանով։

Եթե նկատի առնենք, որ արագորեն աճում է Ռուսաստանին անցած ձեռնարկությունների քանակը, ապա Հայաստանի տրանսպորտային ուղիների շրջափակման վերացման հարցում Ռուսաստանը որոշակի տնտեսական շահագրգռություններ է ստանում։ Պատահական չէ, որ նույն Կլեբանովը Երեւանում շեշտել էր, որ այդ հարցը իրենց համար եւս առանցքային է։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG