Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել Գեղամյանի դիմումը


Սահմանադրական դատարանում (ՍԴ) այսօր շարունակվեց անցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները անվավեր ճանաչելու մասին նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի դիմումի քննությունը: Կողմերը, ինչպես ստիպված եղավ նշել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, պատշաճ կերպով չեն պատրաստվել դատավարությանը:

Գագիկ Հարությունյանին նման դիտողություն անելու հիմք տվեցին երկու կողմերն էլ: Երբ Արտաշես Գեղամյանի ներկայացուցիչ Ռուբեն Հովհաննիսյանը հարց բարձրացրեց, թե ի՞նչն էր պատճառը, որ նախնական ամփոփիչ արձանագրության մեջ չի նշվել անճշտությունների չափը եւ թերի տվյալներով երկրորդ փուլ է հայտարարվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արմեն Սինանյանը, ընդունելով փաստը, դա փորձեց բացատրել այդ օրերին արդյունքները ԿԸՀ-ին փոխանցելու հետ կապված դժվարությունների հետեւանքով բազմաթիվ ընտրատարածքներից անճշտությունների մասին տվյալների բացակայությամբ: «Հանձնաժողովի որոշմամբ, մենք ընդունեցինք որ այդ անճշտությունների թիվը չի նշվում», - շարունակեց նա: - «Առանց անճշտությունների թվի էլ այստեղ ձայնային հարաբերակցությունն այնպիսին էր, որ անճշտությունների թիվը որեւէ կերպ այդ որոշման վրա չէր կարող ազդել»:

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը, սակայն, պնդեց, որ իր տրամադրության տակ եղած 56 ընտրատարածքային հանձնաժողովների ամփոփիչ արձանագրություններում էլ անճշտությունների թիվը նշված է: «Կարո՞ղ եք ասել, թե կոնկրետ որ ընտրատարածքում, ըստ ձեզ, անճշտությունների չափը նշված չի եղել», - Սինանյանին հարց ուղղեց Թոխյանը: «Այս պահին ես չունեմ այն տվյալը, որը դուք պահանջում եք», - ասաց ԿԸՀ-ի ներկայացուցիչը:

Իսկ երբ ԿԸՀ-ի շահերը ներկայացնող փաստաբան Գեւորգ Ներսիսյանը հարցերի միջոցով հոդված առ հոդված փորձում էր ճշտել, թե ինչ ապացույցներ կարող է ներկայացնել դիմող կողմը՝ հիմնավորելու, որ փետրվարի 19-ի քվեարկությունից առաջ եւ ընթացքում ԿԸՀ-ն խախտել է Ընտրական օրենսգրքի 49 հոդված, եւ որ այդ խախտումները էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, Գեղամյանի կողմը ոչ միշտ էր կարողանում նշել անհրաժեշտ ապացույցները կամ խոստանում էին ավելի ուշ ներկայացնել դրանք կամ էլ պատճառաբանում, թե դրանք արդեն ներկայացրել են դիմումին կից:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, բացատրելով, թե այս ատյանում գործի քննությունը ենթադրում է կոնկրետ հարցերի բարձրացում եւ արդեն ապացուցված փաստերի ներկայացում, ասաց. - «Հակառակ պարագայում մենք այստեղ այնպիսի երկխոսության ենք մասնակից, որը գրեթե նյութ չի պարունակում»:

Այնուհետեւ Գագիկ Հարությունյանը դատարանին ներկայացված փաթեթից առանձնացրեց մեկ դիմում-բողոք, որը «եզակիներից է ներկայացված փաստաթղթերի այս ամբողջ փաթեթում, որը գրագետ կազմված եւ օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված է»:

Դիմումատուն պահանջում էր ստուգել ընտրական տեղամասի արձանագրությունների համապատասխանությունը ընտրությունների փաստացի արդյունքներին: Պահանջը ներկայացրել են Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի, Արամ Սարգսյանի վստահված անձինք: Դիմումը ճիշտ ժամանակին, այսինքն ընտրությունների հաջորդ օրը մինչեւ ժամը 14-ը հանձնվել է տեղամասային ընտրական հանձնաժողովին, մուտքագրվել է, բայց տեղամասում որեւէ ստուգում չի անցկացվել: Արտաշես Գեղամյանի ներկայացուցիչ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքերով, հանձնաժողովը պարզապես որոշում է կայացրել, թե բողոքը հիմնավոր չէ:

Սահմանադրական դատարանի նախագահը խնդրեց ԿԸՀ-ի ներկայացուցիչներին պատրաստ լինել այս եւ նման մի քանի այլ հարցերի պատասխանելուն՝ անհրաժեշտ հիմնավորումներով:

Նիստը կշարունակվի վաղը: Դիմող կողմը ներկայցնելու է ԿԸՀ-ի ինտերնետային էջում գրանցված տվյալների եւ տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների համեմատությունը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG