Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի ընտրություններում թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը լրանում է 2 օրից


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, Ազգային Ժողովի նախընտրական ընդդիմադիր դաշինքը, որը ձեւավորվում է նախագահի ընտրություններում Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանին աջակցած ուժերից, ամենայն հավանականությամբ, վաղը երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի առաջադրման փաստաթղթերը:

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչությունն էլ այսօր որոշում կայացրեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին: «Ցուցակի մասին մի փոքր վաղ է խոսել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը՝ փոխանցելով, որ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի անունը ցուցակում չի լինելու: - «Հավանաբար ցուցակը կգլխավորի վարչության նախագահը [մայրաքաղաքի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը]: Հավանաբար ցուցակում կլինի նաեւ նախկին Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը»:

Հովակիմյանը հավելեց նաեւ, որ հավանաբար ցուցակում կլինեն նաեւ Դավիթ Շահնազարյանի, Ալեքսանդր Արզումանյանի անունները: Վանո Սիրադեղյանի անունը ցուցակում չի լինի, քանի որ «կեղծ պատրվակով Վանո Սիրադեղյանին տեղեկանք չեն տալիս»:

«Մենք չափազանց ծանր այս վճիռը [Ազգայի ժողովի ընտրություններին մասնակցելու] կայացրեցինք, որովհետեւ հստակ տեսակետ կար, որ այս իշխանությունների պարագայում, այս ընտրական ինստիտուտների պարագայում անիմաստ է մասնակցել ընտրությունների», - շարունակեց ՀՀՇ վարչության փոխնախագահը: - «Եվ ես չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց... մեր դիրքորոշումը փոխենք: Վարչությունը որոշեց, այնուամենայնիվ, օգտվել այն հնարավորություններից, որոնք ընձեռում է նախընտրական փուլը»:

Անդրանիկ Հովակիմյանը ասաց, որ բավական շատ են լինելու իրենց կողմից նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումները:

Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կուսակցության համամասնական ցուցակի քննարկումը շարունակվում է: Ամենայն հավանականությամբ այն ԿԸՀ կներկայացվի կիրակի, իսկ հաջորդ օրը կուսակցության ներկայացուցիչների հրավիրելիք ասուլիսում կտրվեն ցուցակին առնչվող հարցերի պատասխանները:

Սպասվում էր, որ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն»-ն այսօր մինչեւ երեկո առաջադրման փաստաթղթերը պիտի ներկայացներ ԿԸՀ, սակայն պարզվեց, որ դա հետաձգվել է վաղվան, Գեղամյանի ձեւակերպմամբ՝ զուտ մեխանիկական պատճառներով: Կուսակցության առաջնորդի խոսքերով, իրենք գնում են ընտրությունների՝ նպատակ ունենալով «այնպիսի քաղաքական նախադրյալներ ստեղծել Ազգային Ժողովում, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչելու Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ճգնաժամի հաղթահարման՝ մեր կողմից մշակված ծրագրերը»:

«Ես հավատում եմ, որ իմ զինակիցները կդրսեւորեն հետեւողականություն եւ կանեն ամեն ինչ, որ այն խայտառակությունները, որոնք առկա էին նախագահական ընտրությունների ընթացքում, անհնարին դառնան Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ժամանակ», - հավելեց նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքը Սահմանադրական դատարանում վիճարկող Արտաշես Գեղամյանը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG