Մատչելիության հղումներ

Ջոն Օրդուեյ. «Գուցե մեծ էին մեր սպասելիքները եւ այդ պատճառով էլ մեծ եղավ մեր հիասթափությունը»


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հայտարարությամբ «խիստ մտահոգություն» էր արտահայտվել Հայաստանում անցկացված նախագախական ընտրությունների կապակցությամբ: Կարելի՞ է եզրակացնել, թե Միացյալ Նահանգները չի ընդունում այդ ընտրությունների արդյունքների լեգիտիությունը, եւ դրանից բխող ի՞նչ հետեւանքներ կարող են լինել: Մասնավորապես, այդ քննադատությունը կարո՞ղ է անդրադառնալ հայ-ամերիկյան հետագա հարաբերությունների վրա:

Սրանք էին լրագրողներին առավել հետաքրքրող հարցերը, որոնց այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը:

«ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի դիտորդական առաքելության, որին մաս ենք կազմել նաեւ մենք, եզրակացությունը ընտրությունների մասին հստակ դիրքորոշում է արտահայտել, որին մենք լիովին համաձայն ենք», - ընտրությունների միջազգային գնահատականների կապակցությամբ ասաց Ջոն Օրդուեյը: - «Պետդեպարտամենտի հայտարարությունը արտացոլում է ոչ միայն ԵԱՀԿ-ի եզրակացությունները, այլեւ մեր դիտումների արդյունքները»:

Դեսպանը հիշեցրեց, որ դեռեւս մինչեւ ընտրությունները ինքը ասել էր, թե Հայաստանում կա ռեսուրս եւ հնարավորություն ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, այսինքն՝ որեւէ կանխատրամադրվածություն չի եղել: Ընդհակառակը եղել է հույս եւ արդարության սպասում: «Գուցե մեծ էին մեր սպասելիքները եւ այդ պատճառով էլ մեծ եղավ մեր հիասթափությունը», - ասաց դեսպանը:

Միջազգային չափանիշներին չհամապատասխանող ընտրությունների հետեւանքները, ըստ Օրդուեյի, ընկնելու է հիմնականում Հայաստանի ուսերին:

Նրա կարծիքով, եթե Հայաստանում անցկացվեին բոլորի կողմից ընդունելի, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, եւ ոչ մեկի կողմից չվիճարկվեին դրանց արդյունքները, Հայաստանի համար կստեղծվեին ավելի նպաստավոր պայմաններ մի շարք լայնածավալ խնդիրների լուծման, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

«Ինչ վերաբերում է մեզ», - ասաց Օրդուեյը, - «ապա մեր կողմից շարունակվելու են ակտիվ աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու գործընթացում»:

Այս պահին, սակայն, նրա կարծիքով, որոշ չափով սպեկուլյատիվ եւ ենթադրական կլինի ասել, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ միջազգային դիտորդների եզրակացությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ողջ գործընթացի վրա: Հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, բոլոր դեպքերում, շարունակվելու են:

«Երկու հասարակություններում էլ [Հայաստանում եւ Ադրբեջանում] անհրաժեշտություն կա, որ լինի ներքին համաձայնություն», - ասաց Ջոն Օրդուեյը՝ շարունակելով, թե պետք է հասկանալ, որ անհրաժեշտություն կա ունենալ ամուր, ուժեղ եւ լեգիտիմ իշխանություններ, որոնք կկարողանան երկրի ներսում ստեղծել այդ խնդիրների զարգացման համար անհրաժեշտ հետագա համաձայնությունը:

«Մենք շարունակելու ենք Հայաստանի իշխանությունների հետ, կառավարության եւ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատել ճիշտ այնպես, ինչպես անցած տարիների ընթացքում», - ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, դեսպանի խոսքերով, ԱՄՆ-ը Հայաստանի հետ երկարաժամկետ հարաբերություններ զարգացնելու խնդիր ունի: «Մենք շարունակելու ենք մեր հայեցակարգային համագործակցությունը Հայաստանի հետ: Շարունակելու ենք նպաստել բարեփոխումներին ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրերով», - ասաց Ջոն Օրդուեյը:

Հարցին, թե նախագահ Բուշը շնորհավորանքի ուղերձ կհղի՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանին վերընտրվելու կապակցությամբ, Ջոն Օրդուեյը պատասխանեց, թե չի կարող խոսել նախագահ Բուշի անունից:

Անդրադառնալով ընտրակեղծիքներին, դեսպանը ասաց, թե դիտորդական առաքելության գնահատականներում հստակ նշված է, որ եղել են «լուրջ» ընտրախախտումներ ու որոշակի գործընթացներ, որոնք չեն համապատասխանել օրենքին: «Այնուամենյանիվ, շատ դժվար է, կարելի է ասել անգամ՝ անհնար է, հիմնվելով այս եզրակացություների վրա, հանդես գալ կոնկրետ թվերով եւ ասել, թե կոնկրետ քանի տոկոս են կազմել այդ խախտումները», - ասաց դեսպանը:

Պատասխանելով հարցին, թե ո՞ւմ օգտին են կատարվել զանգվածային ընտրակեղծիքիները, Օրդուեյը ասաց. - «Մեր հիմնական մտահոգությունը եղել է այս գործընթացի արդարությունն եւ ազնվությունը»: Նա ավելացրեց, որ եղել են բավականին լուրջ ընտրակեղծիքներ՝ մասնավորապես նշելով քվեատուփերի լցոնման դեպքերը, ինչը որոշակի վստահության կորստի պատճառ է դարձել: -«Այնուամենայնիվ մենք բոլորովին չենք ուզում տվյալ պարագայում եզրակացություն անել, որ դա արվել է մեկ կամ մյուս թեկնածուի օգտին: Ընտրախախտումների բնույթն ու քանակը ինքնին արդեն կասկածի տակ են դնում գործընթացի վստահելիությունը»:

«Ամեն ջանք պետք է գործադրել, որպեսզի ընտրությունների ընթացքում տեղ գտած բոլոր խախտումները վերհանվեն», - շարունակեց դեսպանը՝ քաղաքական կամքի ու վճռականության դրսեւորման կոչ անելով իշխանություններին: - «Երկրորդ քայլով պետք է բացահայտվեն ընտրախախտումներում մեղավորները եւ պատասխանատվության ենթարկվեն»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG