Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ձայների վերահաշվարկը ընտրությունների արդյունքը էականորեն չի փոխի», - շեշտում են իշխանական քարոզչամիջոցները: Հեռուստադիտողներին հրամցվում է, թե ինչպես այս կամ այն հանձնաժողովի նախագահի կամքով բացվել են Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց կողմից տվյալ տեղամասում բողոքարկված ընտրական տեղամասերից 1-ը կամ 2-ը։ Իրականում որեւէ հանձնաժողով իրավասու չէ որոշել, թե ո՞ր տեղամասն է պետք բացել: «Եվ ակնհայտ է, որ երբ ամսի 6-ին բողոքարկված տեղամասերը բացվում են ամսի 10-ին, ուրեմն «շտկումները» արդեն արվել են», - մեխանիզմներ է մատնանշում այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը։ Եվ ընդհանրապես, ինչպես ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերն էլ արդեն առիթ է ունեցել նկատելու, «եթե քվեաթերթիկները նախապես լցվել են, անիմաստ է վերահաշվարկ անելը։ Եթե լցոնման դեպքերը զանգվածային բնույթ են կրել, քվեաթերթիկների վերահաշվարկով խախտումը չես բացահայտի»։

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, միասնական ընդդիմության գործիչները երեկ Մատենադարանի մերձակայքում տեղի ունեցած հանրահավաքը միաձայն որակում են որպես ոգեւորիչ: «Հայաստանում սկսվել է հերթական ժողովրդական շարժումը, որն ընդամենը քաղաքական գրագետ ուղղորդման կարիք ունի», - ընդգծվում է այստեղ: «Այս վիճակից պետք է դուրս գալ ոչ ամեն գնով, նպատակի ազնվությունը ոչ բոլոր միջոցներն է արդարացնում», - այսօր կրկին չափավորում է «Օրրան» թերթի խմբագրականը, ըստ որի՝ ժողովուրդը ելքը կարծես գտել է. իշխանությանը մինչեւ վերջ պիտի կարողանա պահել անժողովուրդ վիճակում:

Արձագանքելով Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի խիստ բացասական գնահատականներին, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը օրերս ասել էր. - «Հայաստանի համար Եվրախորհրդի անդամությունը միակ ճանապարհը չէ դեպի զարգացում, կան բազմաթիվ այլընտրանքներ»: «Հայկական ժամանակ»-ն այսօր հեգնանքով մեկնաբանում է. - «Իհարկե, Եվրախորհուրդը շատ կվախենա Հայաստանի պես ժողովրդավարական երկիր կորցնելու՝ մեր Ազգային ժողովի փոխխոսնակի սպառնալիքից, իսկ այլընտրանքներից լավագույնը, թերեւս, Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալն է»:

«Հայոց Աշխարհ» թերթում ձեւակերպված է, թե միայն 21-րդ դարի հայ քաղքենիները կարող են իրենց ներշնչել ունենալ այնպիսի մենթալիտետ, որ «ըմբռնելի ու հաճելի լինի գերժողովրդավար օտարերկրացուն»: Այնպես որ՝ «չարժե ձեւեր թափել ու փշաքաղվել, պարոնայք հայաստանաբնակներ», - այդպիսիներին, այսպես ասած, իրենց տեղն է դնում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: «Ազգ» թերթի հակադարձմամբ էլ, Արեւմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահանգների մենթալիտետը երկակի ստանդարտներն են:

Այսուհանդերձ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Այբ-Ֆե» թերթում անդրադառնալով Սերժ Սարգսյանի կարծիքին, որ մեր մենթալիտետը ավելի մոտ է ԱՊՀ-ին, քան Եվրոպային, շեշտում է. - «Կամ կա ժողովրդավարություն, կամ չկա, ժողովրդավարությունը չի բաժանվում ո'չ երկրների, ո'չ մենթալիտետների»: «Անցյալ դարի սկզբին մի անգամ միացել ենք ԱՊՀ երկրներին, 70 տարի ապրել ենք, տեսել ենք դրա արդյունքը: Մեր եւ մեր երեխաների ապագան Եվրոպան է», - ուղենշում է Հովհաննիսյանը:

«Հայոց Աշխարհ» թերթն այսօր ուրվագծել է ապագա Ազգային ժողովի իր տեսլականը. - «Կուսակցություններն իրենց ջանքերի ու եռանդի առյուծի բաժինը կենտրոնացրել են Ազգային ժողովի 75 համամասնական տեղերին տիրանալու համար մղվող պայքարի վրա: Պատճառն ակներեւ է. մեծամասնական ընտրատարածքներում ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, քաղաքական կուսակցությունների համար խիստ դժվար է լինելու պայքարել ընտրարշավում հարյուր հազարավոր դոլարներ «ներդնող» փողատերերի դեմ: ՀՀԿ-ի (Հայաստանի հանրապետական կուսակցություն), ՀՅԴ-ի (Դաշնակցություն) եւ «Օրինաց երկրի» համամասնական ցանկերը 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարելու խնդիրներ դժվար թե ունենան, իսկ նրանց մի մասը կարող է հավակնել մի քանի անգամ ավելի բարձր տոկոսների: Իսկ ինչ վերաբերում է իշխանությանն աջակցող ավելի փոքրաթիվ ու նվազ հեղինակավոր ուժերին, ապա վերջիններիս շանսերն ակնհայտորեն կմեծանան մեկ միասնական դաշինքի մեջ միավորվելու պարագայում: Առաջին եւ երկրորդ խմբի ուժերը իրական հնարավորություն ունեն հավակնելու խորհրդարանի համամասնական տեղերի 55-60 տոկոսին, որը, գումարվելով մեծամասնականով ընտրված պատգամավորների թվին, ապագա խորհրդարանում զգալի առավելություն կապահովի գործող իշխանության համար», - ի մի է բերված «Հայոց Աշխարհ»-ում: Իսկ ընդդիմությունը, ենթադրվում է, 131 տեղանոց խորհրդարանում կունենա 30-35 տեղ:

«Հայոց Աշխարհ»-ում այսօր կրկին շեշտադրված է. Տիգրան Նաղդալյանի սպանության հետքերը ձգվում են դեպի նախկին վարչապետ եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանի բնօրրան: Այսօրինակ ակնարկների կապակցությամբ Վազգեն եւ Արամ Սարգսյանների մայրը՝ Գրետա Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Քոչարյանը փոխանակ գիտակցելու եւ ընդունելու, որ չի ընտրվել ու տղամարդավարի հրաժարական տա՝ նման ստոր շանտաժների է դիմում: Այս ամենն արվում է նրա համար, որ մենք նահանջենք, որ դադարենք պահանջել հոկտեմբերի 27-ի բացահայտում, դադարենք պայքարել իշխանությունը բռնազավթածի դեմ: Դա չի լինելու, եւ, կոնկրետ ես, ամեն ինչ անելու եմ, որ պետական մակարդակով հնչեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների անունները: Այդ անուններն ինձ հայտնի են, բայց այդ անունները պետք է հնչեն հրապակավ»:

«Իրավապահ մարմինների պատմության մեջ դժվար է գտնել հանցագործության բացահայտման մասին մի հաղորդագրություն, որտեղ գրված է, թե ով ում բարեկամն է կամ քավորը... Քննությունն ու բացահայտումը պետք է լինի սովորական, առանց ավելորդ սոուսների, եթե, իհարկե, իրավապահ մարմինները միայն հանցագործություն բացահայտելու խնդիր են լուծում». այս տեսանկյունից «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը հիշեցնում է, որ սպանությունից անմիջապես հետո մեղադրական ակնարկներ շրջանառվեցին՝ այն կապելով Արտաշես Գեղամյանի հետ. - «Պատճառը պարզ էր. Գեղամյանը շատ բարձր տոներով էր սկսել իր նախընտրական արշավը, եւ այդ պահին բոլորի համար կարծես թե ակնհայտ էր, որ նա է իշխանության թիվ մեկ հակառակորդը... Իսկ հաջորդ պահին, երբ հասկանալի դարձավ, որ Գեղամյանն այլեւս առանձնապես վտանգավոր չէ, ներքաղաքական իրադարձությունների առանցքային անձը Արամ Սարգսյանն է, հենց նա էլ դարձավ հարմար թիրախ», - շաղկապել է մեկնաբանը՝ նաեւ ընդգծելով. - «Մյուս կողմից մեզ համար անհասկանալի է, թե ինչու գլխավոր դատախազությունը իր հաղորդագրությունների մեջ չի նշել սպանության անմիջական հեղինակների բարեկամների ցանկը: Հանցագործության մասնակիցների մի մասը Լեռնային Ղարաբաղի բնակիչներ են: Ովքե՞ր են այդ մարդիկ, մի՞թե նրանք քավոր կամ սանիկ չունեն... Հետաքրքիր է, մարդասպանները երբեւէ առնչվե՞լ են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ»: Ի վերջո, «Հայկական ժամանակ»-ը հորդորում է դատախազությանը այդ առումով սկսած գործը կիսատ չթողնել:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG