Մատչելիության հղումներ

Արդբեջանական լրատվամիջոցները հայաստանյան ընտրությունների մասին


Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել Հայաստանում եւ ինչպես այդ ամենը կազդի ղարաբաղյան հակամարտության վրա: «Ի վիճակի կլինի՞ Քոչարյանը ղեկավարել Հայաստանը». այսպես է վերնագրել իր հոդվածը «Ենի Ազերբայջան» կառավարամետ թերթը: Հոդվածագրի կարծիքով, Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները կարող են առնվազն ապակայունացնել իրադրությունը՝ ահագնացնելով ճնշումը իշխանությունների վրա, ինչը կարող է հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին:

Թերթը գտնում է, որ Հայաստանում լարվածությունը մեղմացնելու լավագույն միջոցը Ռուսաստանի միջամտությունն է: «Եթե Կրեմլը գոնե մի փոքր ճնշում գործադրի Դեմիրճյանի վրա», - գրում է «Յենի Ազերբայջան»-ը, - «իրադրությունը հաստատ կկայունանա»: Հոդվածագրի տրամաբանությամբ, Ռուսաստանի համար այնքան կարեւոր չէ այս կամ այն թեկնածուի հաղթանակը, որքան կայունությունը Հայաստանում, «որովհետեւ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը լիովին գտնվում է Ռուսաստանի կրնկի տակ»:

Ադրբեջանական մամուլում նաեւ կարծիքներ են արտահայտվում, թե աղաղակող խախտումներով ու կեղծիքներով անցած ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի դիրքերը էապես թուլացել են, քանզի այժմ արդեն ո'չ Հայաստանի հանրությունը, ո'չ էլ մեծ տերությունները չեն ճանաչում նրա լեգիտիմությունը:

Բաքվում լույս տեսնող մեկ այլ՝ ռուսալեզու «Զերկալո» թերթի վերլուծաբանը, սակայն, ամենեւին համաձայն չէ նման տեսակետներին: «Փորձել ճնշում բանեցնել թուլացած ղեկավարի վրա, նշանակում է դարձնել նրան մեկ օրվա կյանք ունեցող թիթեռնիկ՝ այդպես եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ», - գրում է թերթի մեկնաբանը՝ շարունակելով, թե Հայաստանի լիակատար ապակայունացումն այժմ ձեռնտու չէ որեւէ մեկին: - «Ռուսաստանը չէր ցանկանա աշխարհի հզորների ուշադրությունը սեւեռել այս տարածաշրջանի վրա մի ժամանակաշրջանում, երբ բոլորը զբաղված են Իրաքով, Աֆղանստանով եւ Պաղեստինով: Միացյալ Նահանգներն էլ չի ցանկանա ապակայունացնել Հայաստանը, քանզի քաջ գիտակցում է՝ միեւնույն է Հայաստանում ամերիկամետ առաջնորդի իշխանության բերելու շանսերը հավասար են զրոյի՝ Հայաստանը չափից ավելի է կախված Ռուսաստանից եւ այդ իրադրությունը մոտ ապագայում հազիվ թե փոխվի:

«Զերկալո»-ն հարց է տալիս. եթե մեծ տերությունները հնարավորություն ունեն ինչ-որ կերպ ազդելու Ղարաբաղի հարցում Հայաստանի ղեկավարության դիրքորոշման վրա, ապա նրանց ինչի՞ն է պետք թույլ նախագահ, որը չի կարողանալու գործն ավարտին հասցնել, այլ գլխիվայր ընկնելու է իր երերուն աթոռից: Ադրբեջանցի վերլուծաբանը երկրորդ հարց էլ ունի՝ եթե իրադրությունը Հայաստանում այնքան է փոխվել, որ կարելի է զիջումների հասնել Ղարաբաղի խնդրում, ինչո՞ւ է այդքան ցածր Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը: «Պարզ է մի բան՝ անկախ ընտրությունների ելքից, հայաստանյան որեւէ նախագահ այս պահին չի կարող ոտնակոխ անել «հայկական մեծ գաղափարը», քանզի չի ցանկանա միանգամյա օգտագործման առարկա դառնալ: Որովհետեւ հակառակ դեպքում ո'չ Ռուսաստանը, ո'չ էլ Միացյալ Նահանգները չեն կարողանալու պաշտպանել այդ թուլացած նախագահին սեփական ժողովրդից», - եզրակացնում է թերթը:

Իսկ «Էքսպրես» թերթը մեջբերում է Հեյդար Ալիեւի որդի Իլհամի խոսքերը. - «Անկախ հայաստանյան ընտրությունների արդյունքից, մենք շարունակելու ենք խաղաղ բանակցությունները Երեւանի հետ»: Նրա խոսքերով, հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները դեռ չեն սպառվել: «Եթե այդ հնարավորությունները սպառվեն, մենք կդիմենք այլ միջոցների», - ավելացրել է Իլհամ Ալիեւը:






Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG