Մատչելիության հղումներ

Տիգրան Նաղդալյանի ազգականները հաստատում են, որ մարդասպանը ձերբակալվածների թվում է


Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մարտի 5-ին ձերբակալված վեց կասկածյալների մասին պաշտոնական աղբյուրները, ելնելով նախաքննության շահերից, շարունակում են լռություն պահպանել: Սպանվածի ազգականները հաստատում են, որ սպանության անմիջական կատարողը ձերբակալվածների թվում է: Մամուլում չճշտված տվյալներ են հրապարակվել, թե մեղադրյալներից մեկի անունը Ջոն Հարությունյան է:

«Ձերբակալված են վեց անձինք, այդ թվում եւ կատարողը», - այսօր հայտարարեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, թե իրավապահ մարմինները, իր կարծիքով, առաջիկա օրերին կհրապարակեն որոշակի մանրամասներ:

Ըստ մամուլում այսօր հրապարակված չճշտված տվյալների, հանցագործությունը կատարողը Ջոն Հարությունյանն է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Նաղդալյանի եղբայրը, Հարությունյանը Երեւանի բնակիչ չէ` Լեռնային Ղարաբաղից է:

Սամվել Նաղդալյանը եւ իր հայրը՝ Հովհաննես Նաղդալյանը կասկածյալին տեսել են եւ ճանաչել: Հայրը նույն մարդուն մի քանի անգամ տեսել է իրենց շենքի մոտակայքում: Սամվելը սպանությունից մոտ 20 րոպե առաջ տեսել էր անծանոթ մեկին, որ դուրս էր վազել իրենց շենքի շքամուտքից: Փորձաքննության բերված մեղադրյալը, ըստ նրա, նույն մարդն է:

«Ուղղակի դեմքով ճանաչեց հայրս», - ասաց Սամվել Նաղդալյանը: - «Ես էլ ուշադրություն դարձրեցի դնչի հատվածին: Դուրս գալիս ես միայն դնչի մասն էի տեսել»:

Հարցին, թե խոստովանե՞լ է արդյոք կասկածյալը, Սամվել Նաղդալյանը պատասխանեց. - «Դե երեւի խոստովանել է, քանի որ զենքը մոտն է եղել: Բերեց տեղը ցույց տվեց՝ ոնց է կատարել»:

«Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ բացի սրանցից, ավելի կարեւոր մարդիկ էլ մեջտեղ կգան՝ հիմնական պատվիրողները», - ավելացրեց նա:

Տիգրան Նաղդալյանի եղբայրը ասաց նաեւ, թե նախաքննության մարմնի ներկայացուցիչները իրենց խոստացել են, որ մոտ օրերս այլ մանրամասներ էլ հրապարակվեն, եւ հանցագործությունը անպայման կբացահայտվի:

Իր գոհունակությունը հայտնելով նախաքննական մարմնի աշխատանքից, Սամվել Նաղդալյանը, այնուամենայնիվ, ավելացրեց. - «Բայց մինչեւ վերջ հույս չունեմ, որ կարող է ամենավերջին մարդը [պատվիրատուն] հայտնի դառնա»:

Տիգրան Նաղդալյանի հարազատները նախկինում չեն ճանաչել մեղադրյալին: Ըստ Սամվել Նաղդալյանի, իր եղբոր սպանությունը պատվիրված էր՝ քաղաքական շարժառիթներով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG