Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը շարունակում է հանրահավաքներն ու երթերը


Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները շարունակում են Երեւանում անցկացվող հանրահավաքներով ու երթերով իրենց բողոքն արտահայտել մարտի 5-ին կայացած քվեարկության պաշտոնական արդյունքների առնչությամբ:

«Եթե արդար ընտրություններ լինեին, ես առաջինը կշնորհավորեի հաղթողին, բայց ես չեմ կարող ընդունել կեղծիքը», - ուրբաթ օրը կայացած հանրահավաքում հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: - «Ես մերժում եմ կեղծիքն ու սուտը: Կարելի է հաղթել ընդամենը մեկ տոկոս կամ նույնիսկ կես տոկոս առավելությամբ, բայց՝ հաղթել ազնիվ եւ լինել լեգիտիմ: Եվ կարելի է ոչ թե 40, այլ 80 տոկոս առավելությամբ հաղթել եւ չլինել լեգիտիմ»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից Ալբերտ Բազեյանն ու Արամ Սարգսյանը իրենց ելույթներում շեշտադրեցին Լեռնային Ղարաբաղի հարցը՝ այն իմաստով, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորել միայն լեգիտիմ նախագահը: Ալբերտ Բազեյանի խոսքերով, պետք է սառեցնել Ղարաբաղի հարցի լուծումը «մինչեւ Հայաստանում օրինական իշխանության հաստատումը»:

«Որովհետեւ անհնարին է Ղարաբաղի հարցը լուծել որ լեգիտիմ նախագահ լինելով», - իր հերթին հայտարարեց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը՝ դիմելով գործող նախագահին. - «Դուք ձեր նախագահությամբ վտանգում եք Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: Եթե ձեզ համար թանկ է Ղարաբաղը, հեռացեք այդ պոստից»:

Տեղեկացվեց, որ անընդմեջ հանրահավաքներով շարունակելու են ճնշումներ գրոծադրել իշխանությունների վրա, ցույց տալ ժողովրդին եւ միջազգային հանրությանը, որ ընդդիմությունը չի ճանաչում ընտրակեղծիքներով անցկացված քվեարկության արդյունքները: Վաղը՝ մարտի 8-ին կանայք են հավաքվելու Մատենադարանի մոտ, երթ են կազմակերպելու: Մարտի 9-ին նորից հանրահավաք են անցկացնելու:

«Չեք մարսելու, մենք ձեզ հանգիստ չենք թողնելու», - իշխանություններին նախազգուշացրեց Արամ Սարգսյանը:

Ստեփան Դեմիրճանի վստահված անձի անունից այսօր դիմում է ներկայացվելու գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանի նկատմամբ՝ «ընտրակեղծքիներ կատարելու փաստի առթիվ»:

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիքոր Հարությունյանը հանրահավաքում տեղեկացրեց, որ ընտրությունների անցկացման վերաբերյալ 380 բողոք են ներկայացրել, որոնցից 50-ը չի ընդունվել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հանրահավաքից հետո երթ կազմակերպվեց դեպի Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանատներ:

«Ընտրությունների արդյունքները հնարավոր չէ գնահատել լեգիտիմ, քանի որ դրանք անցել են մեր երկրի օրենքների կոպիտ խախտումներով եւ Հայաստանի միջազգային պարտավորությունների անտեսումով», - ասված է դեսպաններին հանձնվող հայտարարության մեջ: - «Միջազգային հանրությունը իր հերթին պարտավորություններ ունի՝ նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդավարության հաստատմանը»:


Հրաչ Մելքումյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG