Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Լցնենք միասին» խորագրի տակ «Առավոտ»-ը եւ «Հայկական ժամանակ»-ը այս ընտրության օրվա իրենց առաջին էջին էլ ներկայացնում են երեկ երեկոյան խմբագրություններում հայտնված կնքված ու ստորագրված քվեաթերթիկների լուսանկարներ, որոնց մի մասի վրա արդեն նշում է արված որոշակի թեկնածուի օգտին: «Առավոտ»-ի տեղեկատվությամբ, մասնավորապես՝ «Մարտի 3-ին եւ 4-ին Երեւանի Շենգավիթ, Էրեբունի եւ Կենտրոն համայնքների ընտրական տեղամասերում մեծ թափով ընթանում է հազարավոր քվեաթերթիկներ կնքելու անօրինական գործընթացը»։ Ըստ «Հայկական ժամանակ»-ի էլ՝ «արդեն իսկ հանրապետության ընտրատեղամասերից դուրս է տարվել 400-600 հազար կնքված, ստորագրված քվեաթերթիկ»:

«Վերջին կոչերը» վերնագրով խմբագրականում կրկին զգուշացնելով, որ չի կարելի վարկդ, հեղինակությունդ ցմահ աղտոտել, «Առավոտ»-ը եզրափակել է. - «Երկար ամիսներ մենք զգուշացնում էինք, որ ընտրությունների արդյունքները, միեւնույն է, կեղծվելու են: Ասում էինք՝ ձեր քաղաքացիական արժանապատվությունն արթնացնելու համար: Պարզվեց, որ դրա կարիքը չկա: Դուք շատ լավ գիտեք, որ ամեն ինչ կախված է ձեզնից: Ամեն մեկս անձնապես պատասխանատու ենք լինելու մեր ընտրության համար: Պատասխանատու ենք լինելու նաեւ ընտրություններին չգնալու համար՝ այդ դեպքում մեր ձայնը կօգտագործեն ընտրակեղծարարները: Եթե մենք չքվեարկենք կամ տեր չկանգնենք մեր ձայներին, ապա ոչ մի իրավունք չենք ունենա դժգոհելու իշխանությունից»:

«Օրրան» թերթի շեշտադրմամբ, գերխնդիրն այսօր լեգիտիմ իշխանություն ձեւավորելն է, որից էլ ածանցվում են մնացյալ բոլոր մեծ ու փոքր ենթախնդիրները. - «Ոչ լեգիտիմ իշխանությունը, այսպես թե այնպես, երկար կյանք ունենալ չի կարող... Այս մասին է, որ պետք է այսօր մտածեն ընտրություն կատարող քաղաքացիները, այլ ոչ թե տարվեն տնտեսության աճի կամ նվազման մասին անպտուղ եւ արհեստածին խոսակցություններով»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի ձեւակերպումներով, այսօր «պիտի որոշենք՝ նախապատվություն ենք տալիս ամբոխավարությամբ պատսպարված անորոշությա՞նը, թե՞ հստակ տեսանելի առաջընթացին, որի հիմքերը արդեն իսկ այսօր զգալի են». - «Ընտրողը մարտի 5-ին մոտենալով քվեատուփին՝ պիտի հստակ գիտակցի, որ վերելքի ժամանակ ետ նայել, կամ լսողությունն ու ուղեղը ավելորդ, դեկլարատիվ, ոչինչ չասող խոսքերով ծանրաբեռնել պետք չէ, եւ վնաս է վերելքին»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն էլ առաջ նայելով ընդգծել է. - «Մարտի 5-ը պետք է հանդիսանա ոչ թե փոխադարձ թշնամանքի ու ատելության խորացման նոր փուլ, այլ հստակ սահմանագիծ՝ նախորդ ողջ կիսամյակի եւ վաղվա օրվա միջեւ: Վաղվա օրը պարտավոր ենք դիմավորել որպես համախմբված հասարակություն, ուր չկան այլեւս թշնամիներ ու դավաճաններ։ Կան ընտրապայքարի թոհուբոհում հասունացած քաղաքական գործիչներ եւ ուժեր, նրանց յուրաքանչյուրի ուժեղ ու թույլ կողմերը գիտակցող միաձույլ ազգ եւ այդ ամբողջության հավաքական շահերի արտահայտիչն ու պաշտպանը հանդիսացող Հայաստանի ազգընտիր, լեգիտիմ նախագահ... Նման համախմբման եւ դրա հիման վրա՝ հասարակության դրական-ստեղծագործ ներուժի արթնացման վճռորոշ պայմաններն ընդամենը երկուսն են.
մարտի 5-ին պետք է տեղի ունենա հանգիստ եւ արդար քվեարկություն, որի արդյունքները պետք է պարտադիր ընդունվեն բոլորի կողմից, անկախ նրանից՝ դրանք համապատասխանո՞ւմ են սեփական հավակնություններին ու ակնկալիքներին, թե՞ ոչ, եւ մարտի 5-ից հետո ազգի կողմից ընտրված նախագահը պետք է հանդես գա ոչ թե որպես հաղթած թիմի ներկայացուցիչ, այլ ողջ ժողովրդի բոլոր՝ ե՛ւ իրեն ընտրած, ե՛ւ չընտրած հատվածներին միավորող անհատ»:

Քաղաքագետ Հրաչ Գալստյանի հայացքով, «բուն ընտրությունները ընդամենը էպիզոդ են եւ կարեւոր են միայն կարճաժամկետ հեռանկարի իմաստով: Իսկ երկարատեւ հեռանկարում միտումն այլեւս ակնհայտ է. մենք դեմ ենք գնում միջազգային հանրությանը, եւ վերջինս գտնելու է մեզ ընդունված խաղի կանոններին վերադարձնելու ձեւերն ու մեթոդները»: «Հայկական ժամանակ»-ում վերլուծելով ընթացքը, քաղաքագետը Հայաստանում ստեղծված իրավիճակը շատ նման է Հարավսլավիայի՝ ուշմիլոշեւիչյան ժամակաշրջանին, երբ ընտրությունների արդյունքում ի հայտ եկած հակասությունները, ըստ էության, իրավական լուծում չունեին: «Նույնիսկ եթե միջազգային հանրության ներազդումը չհասնի կոշտության այն մակարդակին, ինչն եղավ Հարավսլավիայում կամ այսօր Իրաքում, այդուհանդերձ մենք ունենալու ենք կորուստներ: Մենք ինքնաբավ համակարգ չենք, եւ կան խնդիրներ որոնք հնարավոր չէ լուծել առանց միջազգային հանրության», -ասում է Հրաչ Գալստյանը, - «դրանք մեր ամենակենսական խնդիրներն են. Ղարաբաղի հարց, Թուրքիայի հետ հարաբերությունների, նույնն է՝ թե անվտանգության խնդիր եւ տարածաշրաջանային ինտեգրացիայի խնդիր: Սրանք այսպես, թե այնպես լուծվելու են: Եթե մենք հակադրվում ենք աշխարհին, ապա այդ խնդիրները լուծվելու են մեր հաշվին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG