Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Թեկնածուներից մեկի եթերային եւ տպագիր արբանյակները շա՜տ էին բոլորիս «վախեցնում», թե մյուս թեկնածուն բանավիճել չի կարող: Այն էլ՝ ինչպե՜ս կարող էր», - նախագահի թեկնածուների երեկվա հեռուստաբանավեճից բավարարված գրում է այսօր «Օրրան» թերթի մեկնաբանը: «Ամբողջ սուտ ու շինծու քարոզչական աղմուկը փուչիկի պես պայթեց բոլորիս աչքի առաջ», - գնահատում է «Իրավունք» թերթը: «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանն էլ «Յոթն ընդդեմ մեկի» վերնագրի տակ նշում է. - «Թեկնածուներին մեկը, փաստորեն, վաղօրոք հայտնվել են շահեկան վիճակում, իսկ մյուսը պիտի ենթարկվեր խաղի՝ իրեն պարտադրված կանոններին: Եթերում, սակայն, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Կայացած բանավեճը փաստորեն սառը ջուր մաղեց մինչ այդ կուշտ չարախնդացողների չարախնդությունների վրա»:

«Վաղը լուրջ փորձության ենք ենթարկվելու ոչ միայն որպես քաղաքացի, փորձության ենք ենթարկվելու իբրեւ մարդ՝ մեր պարկեշտությամբ ու բարեկրթությամբ, խղճի ու բարոյականության պաշարով, մեր արժանապատվությամբ ու հպարտությամբ: Վաղը բոլորիս ու յուրաքանչյուրիս համար օրերի օր է», - ձեւակերպել է «Օրրան»-ի խմբագրականը: - «Վաղվա մեր ընտրությունը մենք կատարենք՝ չմոռանալով, որ նժարին դրված է մի բան, որին չի հավասարակշռի բացարձակապես ոչինչ: Հաղթահարենք մեր մանրիկ կրքերն ու ստակով չափվող մեր կարիքները, հաստատենք, որ ազատ Հայաստանի ազատ քաղաքացիներ ենք, չտրվենք վախին ու ծառայամտությանը: Մի՞թե արդեն հայտնվել ենք այն վիճակում, որ մեր քաղաքացիական պարտքը կատարելը, մեր սահմանադրական իրավունքից օգտվելը դարձել է հերոսության նման մի բան»:

«Մրցակցությունը կրելու է թեժ բնույթ», - նախանշում է «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Մարտի 5-ի քվեարկության ելքը պաշտոնապես արձանագրվող արդյունքների տեսակետից միանգամայն անկանխատեսելի է, եւ գրեթե հավասարապես հնարավոր է ե'ւ մեկ, ե'ւ մյուս թեկնածուի հաղթանակը»: Ըստ «Իրավունք»-ի՝ «զանգվածային մշակման» են ենթարկվել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, եւ փաստացի բոլորի նկատմամբ կիրառվել է մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականություն». - «Այս փուլում, ամենայն հավանականությամբ, շեշտը դրվելու է հենց քվեները հաշվողների վրա, եւ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են արվել, որպեսզի ձայների հաշվարկման փուլից ընդդիմության թե' հանձնաժողովականները, թե' վստահված անձինք մեկուսացված լինեն: Սակայն, այդ ամենը դեռեւս չի նշանակում, որ զանգվածային կեղծիքները անպայման ի կատար կածվեն: Բանն այն է, որ ե'ւ եվրոպական կառույցների դիտորդները, ե'ւ ԱՄՆ պետդեպարտամենտը շատ կարծր դիրքորոշում են որդեգրել առաջին փուլում՝ կատարված կեղծիքների եւ հետընտրական վարչական ճնշումների ու ձերբակալությունների նկատմամբ»:

Մյուս կողմից, Հայաստանի ոստիկանապետի տեղակալ, գեներալ Հովհաննես Վարյանը «Հայոց Աշխարհ» թերթում առանձնացնում է. - «Մարտի 5-ին էլ ենք ակնկալում, որ հատկապես այն տեղամասերում, որտեղ իրենց կարծիքով ընդդիմությունը կարող է ավելի ցածր ձայներ ստանալ, նույն հայտնի անձինք կփորձեն խանգարել հանձնաժողովների աշխատանքները։ Օրենքի շրջանակներում բոլոր անհրաժեշտ միջոցները կկիրառվեն կարգուկանոնը պահպանելու համար»։ Ընդհանուր առմամբ, Վարյանը հավաստիացնում է. - «Քրեածին իրավիճակը կայուն է, որեւէ հանցատեսակի գծով կտրուկ աճի միտումներ չեն նկատվում։ Հակառակը՝ վերջին շրջանում դիտարկվում է հանցագործությունների թվի որոշ անկում։ Ավելին՝ իրավիճակը վերահսկելի է»։ Ինչ վերաբերում է վաղվա ընտրությունների արդյունքներին, «Ընտրազանգվածը անկանխատեսելի է՝ ղեկին նստած կնոջ պես» բանաձեւի տակ «Հայոց Աշխարհ»-ում ամփոփված է. - «Ամեն ինչ հնարավոր է: Մանավանդ ներ զարմանահրաշ երկրում»:

«Պատգամավորական մանդատներ՝ ահա թե հանուն ինչի են շատ քաղաքական ուժեր մեջք ծռում ու նետվում գործող վարչախմբի ոտքերի տակ», - մատնանշում է «Առավոտ» թերթի խմբագրականը՝ այս առումով գնահատելով. - «Եթե առաջին փուլի արդյունքներն այսքան վիճահարույց չլինեին, եթե իշխանությունը սպառնալիքների ու զանգվածային ձերբակալությունների չդիմեր, ինչով, ի դեպ, հասարակական բողոքի ավելի մեծ ալիք բարձրացրեց, գուցե թե այդ կուսակցությունների հույսերն արդարանային։ Բայց այսօր դրա մասին խոսք լինել չի կարող... Խորհրդարանական մեծամասնություն ունենալն իշխանամետ ուժերի համար կարող է անիրականանալի երազ դառնալ»։

«Քարոզել այլեւս չի կարելի, այնպես որ ժամանակն է մտածել մեր ապագայի մասին», - ուղղորդում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Նախանշել ընտրվելիք կառավարության այն առաջնահերթ քայլերը, որ կկանխեն հասարակական դժգոհության հետագա աճը, երկրի ընկղմումը քաոսի մեջ»: Իսկ մեր գխավոր դժբախտությունը, մեկնաբանի հայացքով, «հացից մինչեւ վառելիք՝ կենսականորեն անհրաժեշտ բոլոր ապրանքների Հայաստան մատակարարման ծայրահեղ մենաշնորհվածությունն է». - «Այդ արատավոր դրվածքը, որ գերշահույթ է ապահովում մի քանի տասնյակ ձեռներեցի ու նրանց իշխանական հովանավորների համար, ոչ միայն արգելակում է տնտեսության ցանկացած զարգացումը, այլեւ ցանկացած իշխող վարչակազմի տակ դրված ական է»: «Գոլոս Արմենիի»-ում նաեւ շեշտադրված է կադրային քաղաքականությունը վերանայելու հրատապությունը. - «Այս անգամ անկշռադատվածությունը աններելի կլինի: Չէ՞ որ, հակառակ հայտնի կարգախոսի, կադրերը մեզ մոտ հաճախ ոչ թե որոշում, այլ կործանում են ամեն ինչ, այդ թվում՝ նույնիսկ բավականին ունակ ղեկավարների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG