Մատչելիության հղումներ

Գործող նախագահը քարոզարշավը ավարտեց հանրահավաքով


Վերջին օրերին լրատվամիջոցներով փնովելով հանրահավաքներն ու դրանք առնվազն ժամանակավրեպ անվանելով, նախագահ եւ թեկնածու Ռոբերտ Քոչարյանի աջակիցները քարոզարշավի վերջին օրը նույնպես հանրահավաք անցկացրին: Հոծ բազմության մեջ փողփողում էին աջակից կուսակցությունների բազմաթիվ դրոշները, աշխատավորական կոլեկտիվների ցուցապաստառները:

Հարթակում էին նույնիսկ առաջին փուլի մարզային քարոզարշավում հանրահավաքների չմասնակցած վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, գործող նախագահի նախըտրական շտաբի պետ, արձակուրդում գտնվող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Ես ձեզ հետ եմ, ձեզ սիրում եմ եւ պատրաստ եմ ծառայել ձեզ», - Մատենադարանի առջեւ բազմահազար հավաքվածներին առջեւ իր ելույթն ավարտեց նախագահ եւ թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, որին քիչ հետո հավաքվածները պիտի ուղեկցեին դեպի նախագահի նստավայր: Մինչ այդ թեկնածուն ասել էր, թե ձգտում է «լուրջ հաղթանակի՝ համոզիչ առավելությամբ:

«Մեզ պետք է կրկնակի հաղթանակ, որի մեկ բաղադրիչը կլինի կազմակերպված եւ թափանցիկ ընտրություններ: Եվ սա կնշանակի երկրի հաղթանակը եւ հաղթանակ, որի երկրորդ բաղադրիչը կլինի մեր հաղթանակը», - հանրահավաքում ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա անդրադարձավ նաեւ ընդդիմությանը, ասելով, թե ցավով նշում է, որ «մյուս ճամբարում այլ կերպ են մտածում». - «Որովհետեւ մյուս ճամբարում սեփական երկիրը մրոտելը աշխատանքի ոճ է դարձել»:

Ասելով, թե արվել են երկիրն ապակայունացնելու փորձեր, Քոչարյանը շարունակեց. - «Ես չափազանց մեծ անձնական ներդրում ունեմ երկրի կայունության համար, եւ չեմ կարող անտարբեր լինել բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են այն կայունության դեմ»:

Հանրահավաքում ելույթներ ունեցան նախագահին աջակցող կուսակցությունների ներկայացուցիչներից Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ փոխնախագահ)՝ անդրադառնալով Ստեփան Դեմիրճյանի «հհշական շրջապատին», «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որ հավաստիացրեց, թե Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների հետեւում կանգնած է «բազմահազարանոց ժողովուրդ»:

Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, վկայակոչելով հավաքված բազմությունը, ասաց. - «Մեր նախագահը, մեր թեկնածուն կարիքը չունի կեղծիքների, կարիքը չունի խարդախության ու խաբեության, որովհետեւ այստեղ կանգնած ենք նրա 700 հազար ձայնի երաշխավորները»:

«Մենք եկել ենք այստեղ ապացուցելու, որ վճռական ենք մեր ընտրության մեջ, եւ այդ մենք ենք ժողովուրդը», - շարունակեց նա: - «Մենք եկել ենք առանց ստիպողականության»:

Հանրահավաքից առաջ Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցում երկու կարգի ավտոբուսների առատություն էր աչք ծակում՝ միջքաղաքային միկրոավտոբուսների եւ կարմիր «Իկարուս»-ների: Վերջիններիս համազգեստավորները Մատենադրարանի մոտ չերեւացին, մինչդեռ միկրոավտոբուսների ուղեւորները ցուցապաստառներով ու խմբերով շարժվեցին դեպի Մատենադարան:

«Մասիս Տոբակո» ընկերության աշխատակցուհի ներկայացած մի կին «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այստեղ մենք ներկայացել ենք բոլորս մեր հոժար կամքով»:

Միկրոավտոբուսներից մեկի վարորդը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ինձ անձամբ վարձատրել են... Մենք ստեղ ներկա են գրվում, ու հիմնականում ժողովրդին իջեցրել ենք՝ Դեմիրճյանի ցույցին պիտի մասնակցեն»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG