Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, այսօր հարկավոր է արձանագրել հետեւյալ իրողությունները. «քվեարկության երկրորդ փուլի անցկացման բուն փաստը ցույց է տալիս, որ նախագահի երկու թեկնածուները՝ անկախ նրանից, թե առաջին փուլում ո՛վ որքան ձայն է ստացել, պայքարն սկսում են սպիտակ թղթից, որի վրա մարտի 5-ին արձանագրվելու են նոր արդյունքներ, ուստի պետության ու ժողովրդի արմատական շահերը պահանջում են, որպեսզի քվեարկության 1-ին եւ 2-րդ փուլերի միջեւ ընկած ժամանակամիջոցում երկու թեկնածուները մեր հասարակությանը ներկայանան ոչ թե «տուժածների» կամ «արդարացողների» դերերում, այլ ներկայացնեն իրենց՝ որպես քաղաքական անհատներ, քաղաքական թիմեր եւ քաղաքական հստակ ծրագրերի կրողներ»: «Մինչդեռ», - դիտողություն է արվում «Հայոց Աշխարհ»-ում, - «արմատականների փետրվարի 26-ի հանրահավաքում ընդունված «պահանջագրով» եւ վերջին օրերին որդեգրված երկիմաստ ու խիստ հակասական պահվածքով, ամեն կերպ փորձում են խլացնել քվեարկության երկրորդ փուլից առաջ քաղաքական լուրջ քննարկումներ անցկացնելու փորձերը»:

Հանրային հեռուստատեսության հայտնի քաղաքականակերտ մուլտիկների հեղինակ Ռոբերտ Սահակյանցի հայացքով, Հայաստանում «ասիական մենթալիտետի ողբերգական հաղթարշավ է»: «Երբ մարմինը 1/3-ով հիվանդ է, դա կոչվում է փտախտ։ Դա սարսափելի է։ Ընդ որում, ես դեռ լիովին վստահ էլ չեմ՝ մարմինը 1/3-ո՞վ է հիվանդ, թե՞ ախտը շատ ավելի է խորացել», - ասում է նա։ - «Ինձ համար աղետն արդեն տեղի է ունեցել, եւ երկրորդ փուլի ակնկալվող արդյունքները վերջին հաշվով զուտ մարտավարական նշանակություն ունեն։ Երկրորդ փուլում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակն ինձ հնարավորություն կտա հանգիստ կարգավորել գործերս եւ այստեղից անշտապ հեռանալ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի պարտությունը միայն կարագացնի գնալս, պարզապես հարկ կլինի վազելով հեռանալ»:

«Ընդդիմությունն իրեն տրամաբանությունից ու սթափ բանականությունից այն կողմ է դրել», - «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում ասում է «Միասնություն» խմբակցության ղեկավար, հանրապետական Գալուստ Սահակյանը: - «Շրջանառության մեջ միայն կոչեր ու սադրանքներ են»: Այս ընթացքում, Սահակյանի գնահատականով, որոշակի իմաստով՝ «արմատականներն արդեն իսկ հասել են հաջողության, ինչպես ճանճը մածնի բաժակի մեջ»: Գալուստ Սահակյանը ձեւակերպում է եւ այսպիսի մեղադրանք. - «Ադրբեջանական վերնախավն ու հայաստանյան ընդդիմությունը միեւնույն նպատակն ունեն՝ Հայաստանն առանց Ռոբերտ Քոչարյանի»:

«Մեզ բռնապետ պետք չէ» վերնագրով խմբագրականում »Առավոտ» թերթը նշում է. - «Դժվար էր նույնիսկ պատկերացնել, թե որքան խորն է Հայաստանի բնակչության, մեղմ ասած, հակակրանքը գործող նախագահի հանդեպ: Նախագահները սովորաբար հակված են լսել պալատական պնակալեզների, որոնք օրեցօր զեկուցում են երկրի ղեկավարին՝ ամեն ինչ լավ է, շեֆ ջան, ժողովուրդը քեզ պաշտում է: Երբ նրանց ասում ես, որ այդ գնահատականները շատ հեռու են ճշմարտությունից, քեզ կպցնում են «ընդդիմադիրի» պիտակը՝ իբր դու շահագրգռված ես իրականությունը ներկայացնել մռայլ գույներով»: «Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Ռոբերտ Քոչարյանն այդքան հիմար մարդ չէ, որ անկեղծորեն հավատա պնակալեզների զեկույցներին: Պարզապես», - բացատրություն է տեսնում «Առավոտ»-ը, - «մենք հաճախ ինքներս մեզ ենք խաբում՝ ավելի հեշտ է ապրել, երբ մտքում ունես իրականության աղճատված պատկեր»:

«Ռոբերտ Քոչարյանը շրջում է իր ենթաշտաբներով եւ ոգեւորում իր շտաբականներին, որոնցից մեծ մասը միջին տրամաչափի պաշտոնյաներ են: Քարոզչությունն այլեւս նահանջել է երկրորդ պլան», - ուրվագծում է այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Կարեւորը հիմա վարչական աշխատանքն է՝ երկրորդ փուլի ընտրակեղծիքներին նախապատրաստվելը»: Մեկնաբանի ընդգծմամբ, սակայն, այս տասը օրում մթնոլորտը էապես փոխվել է, եւ ժողովրդի հակազդեցությունն ընտրակեղծիքներին զգալիորեն բարձրացել է. - «Եվ նրանք, ովքեր դա անում էին փողի կամ պաշտոնի համար, սկսել են հասկանալ, որ դրա վերջը, միեւնույն է, լավ չի լինելու... Այնտեղ, ի վերջո, հավաքված են մարդիկ, որոնք իսկապես ցանկանում են շարունակել իրենց ծառայությունը բոլոր իշխանությունների եւ ռեժիմների ժամանակ»:

«Առավոտ»-ի մեկ այլ մեկնաբան էլ գրում է. - «Այսօր շատերը գիտեն Ստեփան Դեմիրճյանի մտավոր կարողությունները, նրա մեջ չեն տեսնում երկրի ղեկավարի հատկանիշներ: Սակայն նրանք ոչ թե միանում կամ ընտրում են Ստեփան Դեմիրճյանին, այլ դեմ են Հայաստանի ներկայիս վիճակին, ներքին կլաններին, որպեսզի տնտեսական դաշտի մենաշնորհներին վերջ տրվի, ազատ ընտրության եւ գործունեության հնարավորություն տրվի բոլորին եւ ոչ թե միայն իշխանությանը մոտ կանգնածներին: Ստեփան Դեմիրճյանի մասին բոլոր մեկնաբանությունները ոչ մի առանձնահատուկ հատկանիշ չեն նշում, այլ տարբեր մարդկանց երազանքներ են, թե Ստեփանը ինչպիսի նախագահ կլինի, ինչեր կանի, ինչեր կարող է անել»:

Ընդդիմությունն, ըստ ամենայնի, մասնակցելու է երկրորդ փուլին: Այս առումով «Հայկական ժամանակ» թերթը պատկերում է. - «Ընդդիմությունը չափազանց ծանր իրադրության մեջ է հայտնվել: Մի կողմից կալանված, դատված, ահաբեկված է Ստեփան Դեմիրճյանի ամբողջ ընտրաթիմը, մյուս կողմից նախագահի թեկնածուի առաջ ծառացած այս անհաղթահարելի խոչընդոտի փաստը արձանագրելու կամ վերացնելու որեւէ գործուն իրավական կամ քաղաքական մեխանիզմ չկա: Բացի այս, միջազգային հանրությունը հակված է, որ ընդդիմությունը մասնակցի երկրորդ փուլին»: Հայկոմկուսի երեկվա որոշման առնչությամբ էլ՝ երկրորդ փուլում որեւէ թեկնածուի չպաշտպանել, «Հայկական ժամանակ»-ը ձեւակերպել է. - «ՀԿԿ-ն հերթական անգամ ցույց տվեց, որ շուկայական տնտեսության պայմաններում ինքը ազատ գնվում եւ վաճառվում է»:

«Ո՞ւր են կորել մտավորականները, որ ընտրությունների առաջին փուլին նախորդած օրերին իրար հերթ չտալով փառաբանում էին Քոչարյանին», - հարց է դնում այսօր «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը: - «Եթե նրանց իսկապես ժողովրդի եւ պետության ապագան է մտահոգում, ինչո՞ւ առաջին փուլի գնահատականը չեն տալիս: Փոխարենը հեռուստաէկրաններին հայտնվում են տարբեր մարդիկ եւ հայտարարում, թե իրենք ընտրելու են Քոչարյանին, որովհետեւ նա փորձված թան է, որը չի կարելի փոխել անփորձ մածնի հետ... Մնում է զարմանալ, թե ինչ հիմար են եղել մարդիկ, որ Սահմանադրություն մեջ գրել են, թե պետք է հինգ տարին մեկ ընտրություն կատարել եւ չեն գրել, թե որ մածնից որ թանն է գերադասելի», - հեգնում է մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG