Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի ձեւակերպմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կանգնած են ծանր ընտրության առաջ. - «Նախագահի պաշտոնի հավակնորդներից մեկը ակնհայտ բռնապետական հակումներ ունի, անհանդուրժող է... Մյուսը բնավորությամբ բարի է, բայց առայժմ որեւէ կապակցված միտք չի արտահայտել»: Երեւութային առումով՝ «Առավոտ»-ի խմբագրականը համադրել է. - «Եթե նույն լծակները լինեին Ստեփան Դեմիրճյանի ձեռքում, նա ճիշտ նույն ձեւով ընտրությունները կկեղծեր իր օգտին: Եթե իշխանական բուրգի վերեւը կանգնած լիներ Արտաշես Գեղամյանը, նա նույնը կաներ՝ հավանաբար, ավելի դաժան ու «չոր» եղանակով... Խնդիրը բացարձակապես նրանք չեն: Խնդիրը մենք ենք: Մենք չենք ուզում ընտրել պրեզիդենտ՝ այսինքն սովորական մի պաշտոնյա, որը ժամանակավորապես, մեր ցանկությամբ, կատարում է ղեկավարման որոշ ֆունկցիաներ: Մենք ուզում ենք ունենալ թագավոր՝ աստվածային մանդատ ու շնորհք ունեցող ինչ-որ մի առաջնորդ, որը մեր կամքից անկախ կլուծի մեր խնդիրները... Այսինքն՝ նվազագույն պահանջներ դնելով ինքներս մեր առաջ, մենք բարձր բարոյականություն ենք հայցում իշխանավորներից: Եվ այդ ասիական-միապետական հասարակական մթնոլորտում խոսում ենք ինչ-որ «ընտրությունների» մասին»:

«Այն, ինչ այս օրերին կատարվում է Մատենադարանի տարածքում, եղել է միայն շարժման «պիկի» օրերին: Իշխանությունների բոլոր հաշվարկները, որ 88-ից հետո այս ժողովրդի ոգին կոտրվել է, չարդարացան:», - մատուցում է «Հայկական ժամանակ» թերթը: Մյուս կողմից «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Տասնյակ աղբյուրներից ստացվող հավաստի տեղեկությունների համաձայն, վարչական ռեսուրսի զգալի մասը միայն երկրորդ փուլի մասին լսելով ինքնակամ լքել է Ռոբերտ Քոչարյանի ճամբարը, հայտարարում են, որ երկրորդ փուլում իրենք որեւէ մեկի համար կեղծիքի չեն դիմի»: «Օրրան» թերթի արժեվորմամբ էլ՝ «երեկվա հանրահավաքին, երկար տարիների բացակայությունից հետո, զգացվեց 1988-ի շունչը», եւ այստեղ էլ հավաստիացվում է, թե իշխանական ճամբարում արդեն սկսվել է առնետավազքը. - «Գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն մի քանի օր է՝ սկսել են «վերականգնել» իրենց նախկին կապերն ընդդիմության առաջնորդների հետ»:

«Արտաշես Գեղամյանի չափազանց երկար պահպանած լռությունն արդեն սկսել է որոշակի խորհրդածությունների տեղիք տալ: Գեղամյանն իր վերջին խոսքը ասելու է... մի երկու օրից... Այսինքն՝ այն ժամանակ, երբ, փաստորեն, հայտնի կդառնա, թե որն է նժարի ծանր կողմը: Ամենայն հավանականությամբ, նա որոշել է շարունակել «աշխատել միասին», - Ռոբերտ Քոչարյանի կարգախոսն է ակնարկում «Օրրան»-ը: Իսկ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում մեկնաբանում է. - «Երկրորդ փուլը ծուղակ է, քանի որ, եթե ընդդիմադիր դաշտի թեկնածուները ընդունում են այդ տարբերակը եւ գնում են դրան, ապա դրանով վավերացնում են հայտարարված 49.8%-ը եւ ընդունում են, որ, իրոք, Ռոբերտ Քոչարյանը ստացել է 700 հազարից ավելի կողմ ձայներ: Իսկ երկրորդ փուլում Ռոբերտ Քոչարյանը ավելի քիչ ընտրակեղծիքներով կտոնի իր կեղծ պյուռոսյան հաղթանակը: Ընդդիմությունը պետք է պահանջի, որ անցկացվեն նոր ընտրություններ», - բխեցնում է Գեղամյանը՝ հարցազրույցում նաեւ ընդգծելով. -«Քաղաքական պայքարի հանրահավաքային ձեւը ես նոր չէ, որ մերժել եմ... Միտինգը իշխանափոխության ամենաարդյունավետ ճանապարհը չէ: Իսկ երբ ես համոզմունք չունեմ ոչ թե իշխանափոխության անհրաժեշտության, այլ ճանապարհի մասին՝ ես չեմ գործում»:

«Այսօր Ստեփան Դեմիրճյանի ամենամեծ դժբախտությունն այն է, որ, գտնվելով վարդագույն ապակիներից պատրաստված ակվարիումում, չի կարողանում տեսնել իրականությունը, որովհետեւ», - նշում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը, - «նրա շրջապատն ու խթանիչները՝ ի դեմս իշխանությունից մասնաբաժին ակնկալող, իբր թե սատարող քաղաքական եւ պսեւդոքաղաքական գործիչների, նրան անընդհատ ներարկում են ղեկավարելու պատրանք, որ այդպես էլ նրանը չի կարող դառնալ, քանզի երբ փուչիկը շատ են փչում, պայթում է»: «Հանրահավաքներում ելույթ ունեցողները ընտրազանգվածի ձայները պաշտպանելու մասին այնպիսի ոգով են խոսում, որ տպավորություն է ստեղծվում, թե ովքեր Ստեփան Դեմիրճյանին չեն ընտրել, ընտրող չեն», - մի շարք դիտողությունների շարքում ամրագրում է «Հայաստանի Հանրապետության» մեկնաբանը:

«Մի՞թե ընդդիմությունը չէր, որ երազում էր երկրորդ փուլի եւ դրանում իշխանությանը հաղթելու մասին», - տարակուսում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը: - «Հիմա այդ հնարավորությունը նրանք ունեն, բայց, ըստ ամենայնի, ժողովրդավարական մեթոդներով գործելու նրանց ցանկությունը կորել է: Որովհետեւ հաղթանակի որեւէ շանս չունեն: Իսկ ժողովրդավարական ընտրությունները ուժային ու այլ հակասահմանադրական մեթոդներով փոխակերպելը այն վատագույնն է, ինչ կարող էին Հայաստանին բերել այս ընտրությունները»:

«Մոլեգնում է խուժանավարությունը» վերնագրով խմբագրականում «Ազգ» թերթը հատկապես զարմանք է արտահայտել, որ Ստեփան Դեմիրճյանը թույլ է տալիս իր ներկայությամբ, իր զինակցի բերանից «դուրս գան» հրձիգ կոչեր: «Հայոց Աշխարհ» թերթի ձեւակերպմամբ, Ստեփան Դեմիրճյանը եւ նրան աջակցող ուժերն ու գործիչները վախենում են վերցնել քաղաքակիրթ պայքարի ձեռնոցը, դրանով իսկ «ընդդիմությունը երկրին առաջնորդում է դեպի քաղաքական փակուղի՝ իր վրա վերցնելով հետեւանքների ողջ պատասխանատվությունը»: Ռոբերտ Քոչարյանի համոզիչ հաղթանակը երկրորդ փուլում, ըստ «Հայոց Աշխարհ»-ի, անխուսափելի է, որովհետեւ, մասնավորապես, «եթե անգամ պայքարից դուրս մնացած բոլոր թեկնածուները կոչ անեն իրենց ընտրողներին ձայն տալ Ստեփան Դեմիրճյանին, ընտրողների մեծ մասը նախընտրել ու նախընտրում է ոչ թե ինչ-որ Ստեփան Դեմիրճյանի, այլ միայն ու միայն իր թեկնածուին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG