Մատչելիության հղումներ

Դեմիրճյանի կողմնակիցները կրկին բազմահազարանոց հանրահավաք են անցկացնում


Ուրբաթ օրը Մատենադարի մոտ Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը ցույց տվեց, որ ընդդիմադիր ճամբարի մարտական տրամադրությունները պահպանվում են: Հավաքվածների բուռն բացականչությունների ու ծափահարությունների ներքո Ստեփան Դեմիրճյանին ներկայացրին արդեն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, բազմիցս հայտարարեցին, որ Ստեփան Դեմիրճանը ընտրվել է առաջին փուլով:

Որոշ ելույթներից, այդուհանդերձ, զգացվում էր, որ ընդդիմությունը նախապատրաստվում է երկրորդ փուլին: Եվ այս հանրահավաքները, քվեարկության արդյունքները վերստուգելու, կեղծարարներին պատժելու պահանջները կարող են լավ մեկնարկ լինել երկրորդ փուլի քարոզարշավի համար:

Արձագանքելով երեկ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետի հայտարարությանը, թե երկրորդ փուլի մասին ԿԸՀ-ի հայտարարությունը գործող նախագահի հաղթանակն է, ելույթ ունեցողներից մի քանիսը շեշտեցին, թե դա իրե'նց հաղթանակն է: «Երեկ մի հատ փչեցինք այդ կենտրոնական կոչվող հանձնաժողովի ուղղությամբ, եւ վախից արդեն որոշումը կայացրեցին», - իր ելույթում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանը:

Շուրջ երկու ժամ տեւած հանրահավաքում ամենաչեզոք ելույթը, թերեւս, նախագահի թեկնածուի ելույթն էր: «Դժվարին ճանապարհ է սպասվում, խնդիրները շատ են բազմաբնույթ», - հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: - «Բայց միասին մենք հաղթահարելու ենք: Մենք հասնելու ենք մեր նպատակներին օրինական ճանապարհով, հանգիստ, խաղաղ: Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ժողովրդի կամքը հաղթանակել է»:

ՀԺԿ նախագահը կոչ արեց ժողովրդին չենթարկվել հնարավոր «տարբեր տեսակի սադրանքների»՝ ավելացնելով. - «Օրինական ճանապարհով մենք ամրագրելու ենք ժողովրդի հաղթանակը»:

Ամենաարմատական տրամադրությունները հանրահավաքում արտահայտահեցին Ստեփան Դեմիրճյանին աջակցող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդները: «Երկրորդ, երրորդ, չորրորդ փուլ գոյություն չունի», - հայտարարեց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: - «Հաղթանակն այստեղ է, որովհետեւ մեր հետ է ժողովուրդը»:

Շաբաթ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները: «Մենք կիրակի օրը հավաքվում ենք այստեղ ժամը 2-ին, եւ այդ օրվա հավաքը լինելու է վերջնական: Եթե մեր ասած թիվը չասեն, մենք երթով գնալու ենք նախագահական եւ պահանջելու ենք դուրս գալ այնտեղից», - ասաց Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, թե մինչեւ կիրակի ժամանակ են տալիս հանգիստ լուծման գալ: - «Հակառակ դեպքում, մենք կիրակի գալու ենք եւ վերցնելու ենք իշխանությունը»:

Շավարշ Քոչարյանի ելույթում զգացվեց երկրորդ փուլին գնալու մտադրությունը: Շարունակելով իր երեկվա հանրահավաքում հնչեցրած միտքը, թե «իշխանությունը մեռած է, թաղած չէ», նա ասաց. - «Թաղման վերջին ժամկետը մարտի 5-ն է»:


Հանրահավաքում Ստեփան Դեմիրճյանին աջակցելու մասին հայտարարեցին նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանը, Արամ Կարապետյանը եւ Ռուբեն Ավագյանը:

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) վարչության նիստը այսօր որոշում է կայացրել սատարել Ստեփան Դեմիրճյանին: «Այն, ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը վիրավորեց մեր բոլորի արժանապատվությունը», - հանրահավաքում հայտարարեց ԱԺՄ նախագահը: - «Ինքը ապտակ տվեց էս ժողովրդին: Իր կողմից ամենաճիշտ քայլը կլինի, եթե ինքը թողնի, հեռանա»:

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, նախնական արդյունքներով երրորդ տեղը գրաված Արտաշես Գեղամյանը հանրահավաքին ներկա չէր, բայց պատգամավոր Մանուկ Գասպարյանը, որ լիազորված էր նրա կողմից, ասաց, թե «Գեղամյանը ժողովրդի հետ է»: «Ազգային միաբանության» առաջնորդը հայտարարությամբ է հանդես գալու երկուշաբթի օրը:

Հանրահավաքից հետո հազարավոր մարդիկ երթով գնացին դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարությունից եւ դատախազությունից պահանջելու, որ քրեական գործեր հարուցվեն ընտրությունների օրը կեղծիքներ կատարած անձանց դեմ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG