Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախնական տվյալներով առավելագույն ձայներ է հավաքել Ռոբերտ Քոչարյանը», - ազդարարում է այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ մատուցելով ընտրությունների ընդհանուր առմամբ անվրդով ընթացք, իսկ մի քանի իրավախախտումներն էլ՝ ընդդիմադիրների կողմից արված: «Ընտրություններն անցան նորմալ», «Այս ընտրությունները քայլ են առաջ», - իր հերթին արձանագրում է «Հայոց Աշխարհ» թերթը՝ արդյունքների առումով էլ վստահեցնելով. - «Ռոբերտ Քոչարյանի օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 55-60 տոկոսը: Ընտրություններն անցան մեկ փուլով, եւ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակով»: «Եկավ միասին աշխատելու ժամանակը», - պատկերում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Կայունություն եւ շարունակականությո՞ւն, թե՞ անորոշություն», «ողջամտությո՞ւն, թե՞ արկածախնդրություն» երկընտրանքը հանգուցալուծված է՝ հօգուտ կայուն, անցնցում եւ կանխատեսելի զարգացումների, տնտեսական առաջընթացի եւ տարածաշրջանային անվտանգության»: Թերթի նախանշմամբ՝ պրոֆեսիոնալ «ականջին նստողները» դեռ երկար կթակեն դիտորդական առաքելությունների, օտարերկրյա դեսպանների, Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ պաշտոնյաների դռները՝ անմխիթար ողբալով ընտրությունների «անօրինական» ընթացքը, զուգահեռաբար՝ կգրոհեն դատարանները, կդիմեն Սահմանադրական դատարան, անգամ Եվրոպական դատարանում կվիճարկեն ընտրությունների լեգիտիմությունը: Մինչ այդ, հասկանալի է, «ընտրություններից հետո՝ ինչպես ընտրություններից հետո», ամբոխավարական գործողությունների մի ամբողջ շարք կնախաձեռնեն: «Շահարկումների այս հերթական մրրկահողմն էլ կանցնի-կգնա», - եզրափակում է «Հայոց Աշխարհ»-ը՝ ի վերջո բոլորին հորդորելով որդեգրել «Աշխատենք միասին» ուղեգիծը:

«Խախտումներ, կեղծիքներ, կեղտոտ տեխնոլոգիաներ» գնահատականներով են շրջանակված «Այբ - Ֆե» թերթի բոլոր անդրադարձերը: «Օրրան» թերթի հիմնական վերնագրերն են՝ «Զանգվածային ընտրախախտումներ», «Այսքան խայտառակ ընտրություններ երբեւէ չեն եղել»: Նույն դիրքերից «Հայկական ժամանակ» թերթը խտացրել է. -«Երեկ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, թե իրականում ինչ է թաքնված ընտրությունները առաջին փուլով ավարտելու՝ իշխանությունների խոստման տակ: Ընտրությունները զուգորդվեցին աղաղակող ապօրինություններով, եւ այն տվյալները, որ մենք տպագրել ենք մեր թերթի 4-7 էջերում, ընդամենը արձանագրված խախտումների մի փոքր մասն են: Փաստերը, սակայն, բնորոշում են ընտրությունների ընդհանուր ընթացքը, եւ նմանատիպ դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր տեղամասերում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իշխանությունները առավել մեծ կեղծիքների գնացել են Շիրակի եւ Լոռվա մարզերում, ինչը եւ սպասվում էր ի սկզբանե: Չնայած հիմա արդեն ակնհայտ է, որ բոլոր այն տեղամասերում, ուր շատ թե քիչ նորմալ ընտրություններ են տեղի ունեցել, Ստեփան Դեմիրճյանը, որոշ տեղերում էլ՝ Արտաշես Գեղամյանը հաղթել են բավական մեծ առավելությամբ», - համադրում է «Հայկական ժամանակ»-ը՝ ի վերջո բխեցնելով. - «Այս ընտրություններում ընդդիմությունը միանշանակ հաղթեց, եւ ցուցանիշները, որ զանգվածային ընտրախախտումներից հետո փորձում են ցույց տալ իշխանությունները, ընդամենը նրանց ցածր վարկանիշի մասին են խոսում»:

«Եթե Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը հենց առաջին փուլում դասավորելու իշխանությունների ցանկությունն ուժի մեջ է, ուրեմն այսօր, երեկոյան կողմ կհայտարարվի, թե ընտրողների մոտ 56 տոկոսը քվեարկել է հօգուտ գործող նախագահի», - կանխատեսում է «Առավոտ» թերթը։ «Հնարավոր է, սակայն, որ իշխանությունն ավելի համեստ գտնվի եւ երկրորդ փուլ հայտարարի: Բոլոր դեպքերում, Քոչարյանի մրցակիցներ Դեմիրճյանը, Գեղամյանը, Կարապետյանն ու Մանուկյանը, ամենայն հավանականությամբ, կսկսեն իրենց վրդովմունքն արտահայտել ընտրակեղծիքների վերաբերյալ»: Մեկ փուլի դեպքում իրադարձությունների հետագա զարգացումը, «Առավոտ»-ի կարծիքով, այսպիսին կլինի. - «Հավաքած ձայների տոկոսով Քոչարյանին առավել մոտ գտնվող թեկնածուները մի երկու օր աղմուկ կբարձրացնեն։ Հետո Արտաշես Գեղամյանը մեր աչքերի մեջ կնայի միայն իրեն հատուկ շեշտակի-ազնիվ հայացքով, ինչպես դա անում էր նախընտրական շրջանում, ու կընդունի, որ ընտրությունները հիմնականում արդար ու ազնիվ են եղել։ Ստեփան Դեմիրճյանն էլ, իր հերթին, ժողովրդական զանգվածներին հանգստության ու քաղաքական կայունության կոչ կանի՝ համոզված, որ ոչ թե Քոչարյանն է ընտրված նախագահը, այլ ինքը... Բոլոր տեսակի դիտորդները միաբերան կհայտարարեն, որ թեեւ ընտրություններն անցել են որոշ խախտումներով, դրանք, այնուամենայնիվ, առաջընթաց քայլ են հայոց ժողովրդավարության զարգացման մեջ: Այլ կլինի Արամ Զավենի Սարգսյանի դիքորոշումը, որն իր կուսակիցների հետ պատրաստ է գնալ մինչեւ վերջ՝ անգամ այն դեպքում, եթե Դեմիրճյանը կես ճանապարհից հետ կանգնի։ Ու, թերեւս, նա լինի նախագահի նախկին թեկնածուներից միակը, որն ամեն կերպ կընդդիմանա իշխանություններին», - առանձնացնում է «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG