Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի ընդգծմամբ, այսօրը առանձնահատուկ կարեւոր է մեր այն համաքաղաքացիների համար, ովքեր առաջին անգամ հնարավորություն ունեն օգտվելու իրենց ընտրական իրավունքից։ «Բայց», - հարց է դնում «Առավոտ»-ը, - «որտեղի՞ց երիտասարդներին ազատ ոգի, երբ վերջին տարիներին ու հատկապես նախընտրական այս շրջանում նրանք հնարավորություն ունեին տեսնելու իրենց ուսուցիչների ու բուհերի դասախոսների՝ ժողովրդավարական ժամանակների համար այնքան ամոթալի ստրկամտությունը, երբ ոչ միայն իրենք են ենթարկվում սեփական կարծիքից հրաժարվելու թելադրանքին, այլ նույնը ստիպում են նաեւ իրենց սաներին... Մի՞թե նպատակը մի նոր՝ վախեցած ստրուկների սերունդ աճեցնե՞լն է։ Սերունդ, որը վերջնականապես հաշտվել է այն մտքի հետ, որ ազատ, դեմոկրատական ընտրությունները հեքիաթ է հիմարների համար»:

«Վատ իշխանությունները ընտրվում են այն լավ քաղաքացիների կողմից, ովքեր չեն քվեարկում», - հիշեցնելով ամերիկացի գրականագետ Ջորջ Նաթանի այս հայտնի դիտարկումը, «Օրրան» թերթը շեշտում է. - «Պետք չէ մտածել, որ ընտրելը պարտք է. պարտականություն, որը կարող ես եւ չկատարել: Ընտրելը, ընտրություն կատարելը՝ իրավունք է, ըստ որի յուրաքանչյուրը իրացնում է իր ազատ կամքը... Ու եթե գնանք ու ընտրենք, ապա ամեն ինչ էլ կորոշվի-կվճռվի-կփաստագրվի ճիշտ այնպես, ինչպիսին կլինի մեր կամքը: Եվ արդեն ոչ մի նշանակություն էլ չեն ունենա՝ ոչ հավաքված ու դեռեւս չվերադարձված անձնագրերի քանակը, ոչ այս կամ այն թեկնածուի օգտին հավաքված ստորագրությունները, ոչ սրան-նրան տրված կաշառքներն ու խոստումները»:

«Այսօրվա քվեարկության նախօրեին, երբ ամեն կողմից լսվում են չսխալվելու, ճիշտ կողմնորոշվելու կոչեր, ակամային հարց է առաջանում՝ բայց մի՞թե դժվար է տեսնել ու միմյանց հետ բաղդատել այն, ինչը ակնհայտ է», - մյուս կողմից գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Պատկերն այնքան հստակ է, որ անգամ առանց քարոզչության էլ շարքային քաղաքացու համար դժվար չի լինի կատարել ճիշտ ընտրություն»: «Ազգ» թերթը եւս այսօր հորդորում է քաղաքացիներին «տեր կանգնել երկրի ապագային եւ անտեր չթողնել իրենց քվեաթերթիկը»:

Իսկ «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» թերթերում արդեն ներկայացվում է այդ «անտեր մնացած» քվեաթերթիկների մի մեծ կույտ: «Առաջին ընտրակեղծիքը», «Դեռ ինչեր պիտի ըլլան» խորագրերի տակ նշվում է, թե երեկ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբներից մեկից մի քաղաքացի «Հանրապետություն» կուսակցության գրասենյակին է հանձնել թվով 500 դատարկ քվեաթերթիկներ: Նա հայտնել է, որ այդ քվեաթերթիկները շտաբում իրեն են տվել ընտրակեղծիքներ իրականացնելու համար:

«Ի վերջո, յուրաքանչյուր երկրում դիտորդն ու դատավորը այդ երկրի ժողովուրդն է», - «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ընդգծում է Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Սրա կողքին նա մատնանշում է իր հայացքով՝ խիստ մտահոգիչ մի շարք դրսեւորումներ արտաշխարհի ներկայացուցիչ-դիտորդների կողմից. - «Բացարձակապես անհասկանալի է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի, մեղմ ասած, ակտիվությունը... Դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ընտրական գործընթացներին միջամտելու իրավունք չունեն... Դիվանագիտական գործունեությունը դիտորդական առաքելության հետ անհամատեղելի է, ճիշտ հակառակը՝ վնասակար է»: Դիտորդներն էլ, Թորոսյանի ձեւակերպմամբ, «պետք է զբաղվեն իրենց առաքելությամբ, ոչ թե միջամտեն ներքին խնդիրներին»: Այս առումով Տիգրան Թորոսյանը հատկապես ակնարկում է. - «ԵԱՀԿ-ն էապես կորցրել է իր կարեւորությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG