Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարի խոսնակը կրկին հերքում է Նաիրի Հունանյանի ինքնասպանության մասին լուրերը


«Նաիրի Հունանյանի վերաբերյալ ձեր կողմից հիշատակված լուրերը իրականության հետ ոչ մի կապ չունեն», - «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան այսօր ասաց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը: - «Հերթական անգամ հայտնում եմ, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը գտնվում է արդարադատության նախարարության Երեւան - Կենտրոն քրեակատարողական հիմնարկում՝ խիստ հսկողության տակ, ողջ եւ առողջ»:

Արա Սաղաթելյանը նույնպիսի պատասխան էր տվել «Ազատություն» ռադիոկայանին երկու շաբաթ առաջ: Հարցը կրկնելու առիթը հետեւյալն էր. այսօր արդարադատության նախարարություն է հանձնվել դեռ երեկ հրապարակված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում զոհված քաղաքական գործիչների հարազատների դիմումը:

Զոհերի հարազատներին անհանգստացնում են Նաիրի Հունանյանի ինքնասպանության մասին պտտվող լուրերը, դատավոր Սամվել Ուզունյանի հիվանդության պատճառով դատավարության անժամկետ հետաձգումը: Ուստի նրանք պահանջում են. - «Երկօրյա ժամկետում հնարավորություն տալ մեր ներկայացուցչին համոզվել ամբաստանյալի ֆիզիկական գոյության եւ համոզիչ տեղեկություն ստանալ դատավարության հետաձգման պատճառների մասին»:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում «հոկտեմբերի 27»- դատավարության վերջին նիստը տեղի է ունեցել անցած ամսվա առաջին կեսին, ինչից հետո նիստերը հետաձգվել են դատավոր Սամվել Ուզունյանի հիվանդության պատճառով: Առայժմ հստակ չէ, թե դրանք երբ կարող են վերսկսվել:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG