Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին


Նախագահական ընտրություններում գործող նախագահի թեկնածությունը պաշտպանող մեծ ու փոքր քաղաքական կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին այսօր միացավ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը:

Ժուռնալիստների միությունում հրավիրված ասուլիսում կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանն ու այլ ղեկավար անդամները բավականին երկար հիմնավորում էին իրենց դիրքորոշումը՝ խաղաղություն, կայունությունը պահպանելու անհրաժեշտություն, Ղարաբաղի հիմնահարց, տնտեսական որոշ առաջնթաց:

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը առաջինն է անջատվել մայր կուսակցությունից 1997 թվականին: 1998-ի նախագահական ընտրություններում այս կուսակցությունը նախ հայտարարել էր, թե պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին, երբ, սակայն, ասպարեզ մտավ Կարեն Դեմիրճանը, առաջադիմական կոմունիստները փոխեցին իրենց դիրքորոշումը՝ հայտարարելով Դեմիրճյանին սատարելու մասին: Բայց դա էլ, ինչպես պարզվեց, վերջնական դիրքորոշում չէր, քանզի ի վերջո հայտարարեցին, թե «ընտրություններում ժողովուրդն է հաղթելու»:

Առաջադիմական միացյալ կոմկուսի առաջնորդ Վազգեն Սաֆարյանը չբացառեց համագործակցությունը Հայաստանի կոմկուսից ավելի ուշ առանձնացած Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության հետ: Վերջինս, ինչպես հայտնի է, գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերից է:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG