Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի հայացքով, ընդդիմադիր թեկնածուների, մասնավորապես Դեմիրճյանի եւ Գեղամյանի «ո'չ խոսքերի, ո'չ գործողությունների մեջ չկա եւ ոչ մի իսկական բան: Համատարած պիար է: Հեքիաթներ մեծահասակների համար»: Այս ելակետից «Հայոց Աշխարհ»-ի մի շարք հարցեր է ուղղել նրանց. - «Օրինակ, չափազանց հետաքրքիր կլիներ տեղեկանալ Գեղամյանից, թե ինչո՞ւ է նա այդչափ հաճախ փոխում իր քաղաքական դաշնակիցներին... Հայտարարելով, որ Հայաստանի անկախության ջատագովն է, Գեղամյանը ինչո՞ւ է կողմնակից Ռուսաստան - Բելառուս անորոշ դաշինքին անդամակցությանը... Ինչո՞ւ Գեղամյանը իր պատգամավորության 4 տարիների ընթացքում հանդես չի եկել ինքնուրույն օրենսդրական նախաձեռնությամբ... Ինչպե՞ս ստացվեց, որ առողջական վիճակի պատճառաբանությամբ զինվորական ծառայությունից խուսափած Գեղամյանն այսօր պատրաստ է ստանձնել երկրի նախագահի եւ գլխավոր հրամանատարի պաշտոնը... Ինչո՞ւ է Ստեփանը ամեն կերպ շրջանցում Ղարաբաղի թեման, երբեք չի խոսում արտաքին քաղաքականությունից: Ինչո՞ւ է խուսափում հեռուստատեսային հարցազրույցներից ու բանավեճերից... Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Ստեփանը չի անցել անգամ զինվորական դասընթացներ, բայց ստացել է սպայի կոչում»:

«Հայոց Աշխարհ»-ը «ընդդիմության քաղաքական լուրջ պարտություն» է գնահատում միասնական թեկնածուի ի հայտ չգալը՝ բխեցնելով, որ «ընտրազանգվածի տվյալ տրոհումը վերջնականապես լուծում է ապագա նախագահի հարցը՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»: «Ներկա ընտրապայքարում անհայտ է մնում միայն մեկ հարց՝ ո՞վ կգրավի երկրորդ տեղը ու կդառնա ընդդիմության առաջատարը», - ամփոփված է այս վերլուծականում:

Նույն ընդգծումներն են այսօր եւ «Գոլոս Արմենիի» թերթում, ուր նաեւ հավաստիացվում է, թե «եթե բանը այնուամենայնիվ հասնի երկրորդ փուլին, ապա ընդդիմադիր 16-ի միավորման կուսակցությունների մեծ մասը կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանին, այլ ոչ թե նրա մրցակցին»:

«Ի սկզբանե պարզ էր, որ միասնական թեկնածուի կոչման հավակնորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանն ի զորու չեն լինի զսպել իրենց խեղդող ամբիցիաները եւ մրցավազքից չեն հրաժարվի՝ հօգուտ մեկը մյուսի»։ Այս արձանագրման կողքին «Առավոտ» թերթի խմբագրականը միաժամանակ նշում է. - «Դատելով պաշտոնական քարոզչությունից՝ ընդդիմության միասնական թեկնածու չլինելու փաստը ծանր են տարել նաեւ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում... քանի որ 9 թեկնածուի պարագան, որոնցից առնվազն երեքը բավական բարձր վարկանիշ ունեն, կարող է նշանակել, որ նախագահական ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի»:

Ըստ «Օրրան» թերթի՝ իրականում «ընդդիմությունը միավորվեց, եւ ընդդիմության միասնական թեկնածուն Ստեփան Դեմիրճյանն է»: «Այլեւս անտարակույս է, որ օրվա իշխանություններն այլ անելիք, քան իրենց իրերը հնարավորինս խնամքով եւ արագ հավաքելն է՝ չունեն: Առավել եւս», - ի մի է բերում «Օրրան»-ը, - «որ Արամ Սարգսյանի հայտարարությանը հաջորդեց Ստեփան Դեմիրճյանին զորակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը»:

«Այբ-Ֆե» թերթում եւս շեշտադրված է, թե Ստեփան Դեմիրճյանն իրականում միասնական թեկնածու է, եւ մարզերում նրա «ջերմ ընդունելությունը ապացուցում է՝ գործող իշխանությանը հաղթելու մեծ հնարավորություն ունեցող այլընտրանք կա»: Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն էլ «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում վստահեցնում է. - «Այն ընդդիմադիր թեկնածուները, որ կգերադասեն մնալ ընտրապայքարում ու չհամախմբվել մեկ թեկնածուի շուրջ, ակնհայտ է, որ իրենց ընտրազանգվածը կողմնորոշվելու է ընդդիմության այն մեկ թեկնածուի օգտին, ում մրցակիցը լինելու է Ռոբերտ Քոչարյանը: Ես համոզված եմ, որ միասնական թեկնածուն, միասնության թեկնածուն Դեմիրճյանն է»:

«Իրավունք» թերթի վերլուծությամբ՝ «ընդդիմության միասնական թեկնածուի բացակայությունը եւ թեկնածուների առատությունը իր բոլոր թերություններով հանդերձ ունի մեկ անվիճելի առավելություն. այն է՝ ընտրությունները վերահսկող թիմերի առատություն»: Իսկ սա շատ է կարեւորվում ենթադրվող լայնածավալ կեղծիքներին ընդառաջ: «Արդեն ընտրողների մեծամասնությունը բացարձակ անվստահությամբ է ընդունում «տնտեսական աճերի» կեղծ թվերը եւ Ռոբերտ Քոչարյանին բարձր «ռեյտինգ» ապահովող է'լ ավելի կեղծ սոցիոլոգիական հարցումները», - ձեւակերպված է «Իրավունք»-ում:

Ամեն դեպքում, մամուլն այսօր էլ առատ է վարկանիշատոկոսային մատուցումներով, որոնց թվերի խիստ բազմազանությունը բնավ հստակություն չի մտցնում: Սոցիոլոգիական եւ հոգեբանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը իրենց ուսումնասիրությունների հիման վրա «Առավոտ» թերթում ամրագրում է. - «Ժողովուրդը ոչ այնքան կարեւորում էր «16»-ի միասնական թեկնածուին, այլ որ ընդդիմությունը հանդես գա միասնական ճակատով՝ հանձինս ընդդիմադիր 3-4 հիմնական թեկնածուների»: Ըստ այս կենտրոնի վերջին հարցման, Երեւանում Ռոբերտ Քոչարյանն ու Ստեփան Դեմիրճյանն ունեն գրեթե հավասար ձայներ՝ 22-23 տոկոսի չափ:

«Ընտրական համակարգեր» կենտրոնի ավելի ընդգրկուն հեռախոսային հարցման համաձայն, որ անցկացվել է փետրվարի 7-9-ը, «Եթե նախագահի ընտրություններն անցկացվեն առաջիկա կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցին պատասխանողների մոտ 24 տոկոսը տվել է Ռոբերտ Քոչարյանի, 15 տոկոսը՝ Ստեփան Դեմիրճյանի, 10 տոկոսը՝ Արտաշես Գեղամյանի անունը: Սա այն հարցվողների թվից, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին: Նույն օրերին քաղաքական տեխնոլոգիաների «Լոգոս» հայկական կենտրոնը Երեւան քաղաքում 600 հարցվողների շրջանում անցկացրել է սոցհարցում եւ ի հայտ բերել, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայումս ունի մոտ 43 տոկոս, Արտաշես Գեղամյանը՝ 24-ի չափ եւ Ստեփան Դեմիրճյանը՝ 19 տոկոս ձայն:

«Նախընտրական շրջանում սոցիոլոգիական հետազոտությունների ու վարկանիշային հարցումների հոսքն, իր ծայրահեղ բազմապատկերությամբ, կասկածի տակ է դնում դրանց արժանահավատությունը։ Սակայն Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հարցումները... ապացուցում են իրենց՝ իրականությանը մոտ, վստահելի լինելը»։ Այս նախաբանի ներքո «Ազգ» թերթը ներկայացնում է փետրվարի 5-7-ը դարձյալ Երեւանում անցկացված հարցման արդյունքներ, որոնց համաձայն Ռոբերտ Քոչարյանը հավաքել է 33, իսկ նրա մերձակա մրցակիցներ Գեղամյանն ու Դեմիրճյանը՝ 9-ական տոկոս:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG