Մատչելիության հղումներ

Միջազգային ուսումնասիրությունը ճանաչում է հայոց ցեղասպանությունը


Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի խնդրանքով անցկացված անկախ ուսումնասիրության արդյունքներով, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ջարդը ցեղասպանության միջազգայնորեն ընդունված սահմանման շրջանակներում է:

Նյու Յորքում գործող Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի անցկացրած հետազոտության եզրակացությունները լուրջ հարված են հասցնում ցեղասպանությունը հերքելու՝ Թուրքիայի շարունակական քաղաքականությանը եւ կարող են նոր ուղենիշ դառնալ ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի հուշագիրը եզրակացնում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդն ու տեղահանումը համապատասխանում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սահմանած չորս հիմնական չափանիշներին: Դրանցից ամենակարեւորը պահանջում է, որ առկա լինի մարդկանց «էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբը ոչնչացնելու մտադրություն»:

«Վստահ ենք, որ առավել պատճառաբանված հետեւությունը, որին կարելի է հանգել այդ իրադարձությունների վերաբերող տարբեր հաշվետվությունների հիման վրա, այն է, որ դրանք իրականացնողներից առնվազն ոմանք գիտեին, որ իրենց գործողությունների հետեւանքը լինելու է Արեւելյան Անատոլիայի հայերի ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացումը, կամ գործել են այդ նպատակին հասնելու մտադրությամբ», - գրում են միջազգային կենտրոնի փորձագետները՝ շեշտելով, որ նշված իրադարձությունները, հետեւաբար, «պարունակում են [ՄԱԿ-ի] Կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության բոլոր տարրերը, եւ արդարացի կլինեն դրանք այդպես որակել շարունակող իրավագետները, քաղաքական գործիչները, լրագրողները եւ այլ անձինք»:

Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի ուսումնասիրության հրապարակումը վերջ կդնի Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեության մեկամյա դադարին: Ոչ պաշտոնական մարմին հանդիսացող Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը 2001 թվականի դեկտեմբերին դիմել էր Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին խնդրանքով, «որպեսզի անկախ երրորդ կողմն անցկացնի 20-րդ դարասկզբի իրադարձությունների նկատմամբ 1948 թվականի ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրություն»:

Կարճ ժամանակ անց, սակայն, հանձնախմբի հայ անդամները հանդես եկան հայտարարությամբ, որով դադարեցրին իրենց մասնակցությունը հանձնախմբի գործունեությանը, քանի որ հանձնախմբի թուրք անդամները միակողմանիորեն դիմել են Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին՝ խնդրելով ձեռնպահ մնալ ուսումնասիրությունից:

Այդուհանդերձ, ինչպես պարզ է դառնում հրապարակված հուշագրից, հանձնախումբը ուսումնասիրությունն անցկացնելու խնդրանքով կրկին դիմել է անցած հուլիսին: Ավելին, պարզվում է, որ հանձնախմբի երկու կողմերի ներկայացուցիչները «անաչառ եւ անկախ վերլուծություն» հայցող զեկույցներ են ներկայացրել անցած սեպտեմբերին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տվյալների, թուրքական կողմը այդ գաղտնի հանդիպման ժամանակ ներկայացրել է պաշտոնաթող դիվանագետ Գունդուզ Աքթանը, որը միշտ կոշտ դիրքորոշում է ունեցել ցեղասպանության հարցում:

Երկուշաբթի օրը հրապարակված Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամների հայտարարության մեջ ասված է, որ «շուտով նրանք կվերսկսեն իրենց աշխատանքը»: Հանձնախմբի հետագա գործունեությունը մեծապես կախված կլինի անցկացված ուսումնասիրության արդյունքներին թուրքական կողմի արձագանքից:

Անկախ փորձագետները նշում են, որ թեեւ 1948 թվականի Կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» տերմինը կիրառելի է 1915 թվականի արյունալի իրադարձությունների նկատմամբ, հայերը չեն կարող «որեւէ իրավական, ֆինանսական կամ տարածքային պահանջ» առաջ քաշել: « Ցեղասպանության մասին Կոնվենցիան չի պարունակում դրա հետադարձ կիրառությունը թույլատրող որեւէ կետ», - ասված է հուշագրում:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG