Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակիցն հավաստիացրել է, թե պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ տեղի ունեցած միջադեպը հրահրվել է հենց նրա կողմից: Ըստ Սարգսյանի, բազմաթիվ արտաշատցիներ դիմել են ոստիկանություն՝ պնդելով, որ իրենք ընդամենը դիմել են ինքնապաշտպանության: Սակայն առավել սենսացիոն «Հայկական ժամանակ»-ում որակված է մարզպետի հետեւյալ հայտարարությունը. - «Եթե նախագահի թեկնածու Արամ Զավենի Սարգսյանը գա Արտաշատ, ես նրա անվտանգությունը չեմ կարող երաշխավորել: Ավելի բարձր ատյանների էլ եմ հայտնել, որ մարզում կան մարդիկ, ովքեր իր հետ խնդիրներ ունեն, այնպես որ, շատ հնարավոր է՝ մարդասպանություն լինի»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը եւս հիմնականում ակնարկում է, թե երեկ Արտաշատում տեղի ունեցածը առաջին հերթին նրանցից է գալիս, ովքեր «շատ բարձր նոտայով են քարոզարշավի մեջ մտել եւ ուղղակի թե անուղղակի անհանդուրժողականություն են սփռում»: «Գոնե այս ժամանակամիջոցում բումերանգեր նետել պետք չէ, քանզի փոքրատարածք Հայաստանում դրանք շատ արագ են վերադառնում ելման կետ», - ձեւակերպել է «Հայաստանի Հանրապետություն»-ը:

«Հայոց Աշխարհ» թերթում դատապարտումը ավելի որոշակի է: «Անկախ նրանից, թե կատարվածն ով ինչպես կփորձի օգտագործել, ելնելով նախընտրական իրողություններից, կարծում ենք, որ այդօրինակ սադրանքներն ուղղված են թե' բոլոր թեկնածուների եւ թե' պետության դեմ», - նշված է այստեղ։ - «Այդ իսկ պատճառով գտնում ենք, որ տեղի ունեցածի բոլոր մեղավորները պետք է անհապաղ բացահայտվեն ու խստագույնս պատժվեն»։

«Մի խումբ ռոմանտիկ նարկոմաններ», «Անզգույշ քաշքշուկ Արտաշատում», «Պահանջվում է ուչաստկովի». հեգնական այս վերնագրերը «Այբ-Ֆե» թերթից են: «Առավոտ» թերթի ընդգծմամբ էլ, կասկածները, որ Արտաշատում կատարվածը իշխանությունների փորձն է խանգարել մրցակիցներին, հիմնավոր են, քանզի տեղական իշխանություններն ու իրավապահները չեն միջամտել: «Ազատ ու արդար ընտրությունների երաշխիք տված իշխանություններին ամենեւին էլ ձեռնտու չեն նման «սայթաքումները», - նշում է, մյուս կողմից, «Առավոտ»-ը՝ եզրակացնելով. - «Արտաշատում եւս, ամենայն հավանականությամբ, տեղական իշխանիկները գործել են սեփական նախաձեռնությամբ»։ Այսուհանդերձ, սակայն, առավել հավանական է դիտվում, ու հետագայում այդ ծառայությունը լավ գնահատվի:

«Ի հայտ է եկել անվիճելի առաջատարը», - քարոզարշավից այսօր առանձնացնում է «Այբ-Ֆե»-ն՝ նշելով. - «Հայաստանի ցանկացած բնակավայրում Ստեփան Դեմիրճյանին դիմավորողների քանակից դատելով, մարդահամարի տվյալները այնքան էլ չեն կեղծվել»:

«Միասնական թեկնածուին որոշելու համար մնացել է ընդամենը 4 օր ժանամակ», - շարունակում է հաշվարկներ անել «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, որին երեկ էլ ընդդիմության մի քանի շտաբներում հավաստիացրել են, թե դեռ կհասցնեն ու կհաջողեն ի հայտ բերել միասնական թեկնածու: Տեղեկացվում է, որ առաջիկա 2-3 օրերին մարզեր կատարվող այցերը կընդհատվեն, եւ ժամանակը ամբողջությամբ կտրամադրվի այդ խնդրի լուծմանը:

Հայկոմկուսի ղեկավար Վլադիմիր Դարբինյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ մինչեւ փետրվարի 9-ը պատրաստվում է հանել իր թեկնածությունը հօգուտ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի: Դարբինյանը չի բացառել, որ նման քայլի կգնա նաեւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Այս տեղեկությունները մեկնաբանելով՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը եւս չի բացառել, որ Արամ Սարգսյանը միասնական թեկնածուի շուրջ փաթեթային համաձայնության համատեքստում հանի իր թեկնածությունը: Ըստ նրա, նման բան տեղի կունենա միայն այն դեպքում, եթե միասնական թեկնածուի շուրջ համաձայնության սուբյեկտ դառնան նաեւ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը, ու այդ համաձայնության արդյունքում որոշվի, որ միասնական թեկնածուն Արամ Սարգսյանը չէ, այլ նշված գործիչներից մեկը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG