Մատչելիության հղումներ

Միջկառավարական հանձնախմբի հերթական նիստի օրակարգում հիմնականում տնտեսական հարցեր են


Երեքշաբթի օրը հայ-ռուսական միջկառավարական հանձնախմբի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով երկօրյա այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ հանձնախմբի համանախագահ, գիտության, տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Իլյա Կլեբանովի գլխավորությամբ։ Հանձնախմբի նիստի օրակարգում ընդգրկված 11 հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է տնտեսական ոլորտին:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց լուծել պարտքերի շատ կարեւոր խնդիրը ու այժմ այդ լուծումը պետք է վերածել համատեղ տնտեսական ծրագրերի», - օդանավակայանում լրագրողներին ասաց Կլեբանովը:

Բազմամարդ պատվիրակությունը այնպես է համալրվել, որպեսզի ներառի երկու երկրների հարաբերությունների հնարավորինս լայն շրջանակ: Սա, ըստ երեւույթին, նախընտրական նկատառումներով արված քայլ է, որով պետք է ընդգծվի Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը գործող նախագահին։ Հայաստան են եկել Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչյովը, սպորտի նախարար, աշխարհակռչակ մարզիկ Վյաչեսլավ Ֆետիսովը, գործարար աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Իլյա Կլեբանովը օդանավակայանում ասաց նաեւ, որ պատվիրակության կազմում են նաեւ տրանսպորտի ոլորտի մասնագետներ, քանի որ այդ բնագավառում «դրական տեղաշարժ կա»:

«Մեզ թվում է, թե Վրաստանը մեղմում է իր դիրքորոշումը աբխազական երկաթգիծը վերագործարկելու հարցում։ Այդ հարցը վերջերս հանգամանորեն քննարկվել է երկու նախագահների մոսկովյան հանդիպման ընթացքում: Այդ հարցը մեզ համար եւս առանցքային է», - ասաց ռուս նախարարը։ Նախընտրական իրողությունների ֆոնին սա խիստ շահեկան հայտարարություն է Հայաստանի գործող նախագահի համար:

Իլյա Կլեբանովը չբացառեց, որ միջկառավարական հանձնախմբի նիստում քննարկվի նաեւ Մեծամորի ԱԷԿ-ը Ռուսաստանի հավատարմագրային կառավարմանը հանձնելու հարցը: Նրա խոսքերով, մեկ շաբաթ առաջ ռուսական կողմը ԱԷԿ-ի կառավարումը համատեղ իրականացնելու սխեմա-առաջարկը փոխանցել է հայկական կողմին։

Ռուս նախարարը «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը այսօր վերաձեւակերպեց «Պարտք՝ ներդրումների դիմաց»: Խոսելով նշված գործարքի մասին, Իլյա Կլեբանովը նշեց, որ Ռուսաստանը նման ծրագրեր ոչ միայն Հայաստանի, այլ բազմաթիվ այլ երկրների հետ է իրագործում՝ Հնդկաստանից մինչեւ Անգոլա։ Սակայն, նրա պնդմամբ՝ Հայաստանի հետ այս հարցը «քիչ ավելի առաջացած է»:

Ռուսաստանի պատվիրակության կազմում ընդգրկված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որի թեկանածությունը ռուսաստանյան մամուլում շոշափվում է իբրեւ փոխանցված հայկական ձեռնարկությունների, առաջին հերթին «Մարս» գործարանի հնարավոր գործարկողի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG