Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը «բնական» է համարում նիստերի տապալումը


Ինչպես ակնկալվում էր, Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը այսօր էլ չբացվեց. ներկա էին միայն 38 պատգամավոր: Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում բնական համարեց նման իրավիճակը՝ վկայակոչելով քաղաքական ուժերի ներգավվածությունը նախագահական ընտրարշավին:

«Օգտվելով առիթից, ես պետք է դիմեմ մեր բոլոր պատգամավորներին, որպեսզի իրենց մասնակցությունը բերեն այս օրինաստեղծ աշխատանքին», - լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահը՝ հավելելով, սակայն. - «Բայց նաեւ պետք է հասկանալ, որ քաղաքական նման իրավիճակներում, քաղաքական նման զբաղվածության պայմաններում լինում են նաեւ համեմատաբար հարգելի բացակայության դեպքեր»:

«Ազատություն» ռադիոկայանի փաստարկին, թե Սահմանադրությունը, ըստ որի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը սկսվում է փետրվարի առաջին երկուշաբթի օրը, բացառություն չի թողել այդպիսի պայմանների համար, Արմեն Խաչատրյանը, պատասխանեց. - «Դա պատգամավորների քաղաքական իրավունքն է»:

Ազգային Ժողովի նախագահը վստահ է, որ ընտրություններից հետո կկայանան նիստերը, եւ պատգամավորները «կփորձեն» մինչեւ հունիս վավերացնել Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի հանձնառած՝ մահապատժի վերացման՝ վեցերորդ արձանագրությունն ու ամբողջովին ընդունել Քրեական նոր օրենսգիրքը:

Չողջունելով քարոզարշավում սեւ PR-ը, Արմեն Խաչատրյանը քաղաքական կուլտուրայի առումով բարձր գնահատեց Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի պահվածքը քարոզարշավի ժամանակ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը սատարելու մասին հայտարարած Արմեն Խաչատրյանը, հարցին, թե ինչու՞ քարոզարշավի հրապարակներում գործող նախագահի կողքին չէ, ասաց, թե «իր խոսքը դեռ կասի»:

«Ես դեռ կմասնակցեմ», - քարոզարշավի հրապարակներում իր աջակցած թեկնածուի՝ Ստեփան Դեմիրճյանի կողքին չհայտնվելուն վերաբերող հարցին պատասխանեց նաեւ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա կարծիքով, քարոզարշավը դեռ հասնելու է իր գագաթնակետին, լինելու են որոշակի տեղաշարժեր, որոշակի իրադարձություններ. - «Այնպես որ՝ ամեն ինչ առջեւում է»:

Միացյալ Նահանգներում, օրինակ, նախագահի թեկնածուի վարկանիշի համար կարեւոր հանգամանք է ապագա փոխնախագահին անվանելը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կա՞ այդպիսին, ում Ստեփան Դեմիրճյանը, իր ընտրվելու դեպքում, կարող է անվանել որպես ապագա վարչապետ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. - «Քանի որ դուք շոշափեցիք մի հարց, որը կարող է հենց արվի, ես այս պարագայում այդ անունը չեմ տա»: Չկամենալով մասնավորեցնել, նա համոզմունք հայտնեց, որ, եթե ստացվի այդ սցենարը, դա կլինի այն անունը, որը
«լրացուցիչ ոգեւորություն կառաջացնի ժողովրդի մոտ»: Հավելենք, որ ըստ որոշ վերլուծությունների, նման դերում չի բացառվում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնվելը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG