Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վազգեն Մանուկյանի մի խորհրդի հետքերով, թե «ընտրեք նախագահին, ինչպես ապրանքը», - «Առավոտ»-ի խմբագրականն այսօր ընտրարշավային ընթացքին նայում է այսպես. - «Ռոբերտ Քոչարյանի մասին ամեն ինչ հայտնի է թե' որակի, թե' ապրանքանշանի առումով։ Մնացյալ թեկնածուներին ստիպված ենք ընտրել բացառապես գովազդներին հետեւելով։ Իսկ եթե հավատանք այդ գովազդներին, ապա նրանք բոլորը կարծես «ջոկած» ապրանք են՝ բացառապես բարձր որակի, անչափ դիմացկուն ու ամուր, աննկարագրելի գեղեցիկ։ Սրան գումարած՝ նաեւ 5 տարվա երաշխիքով... Պատահում է, որ խոստացված որակն իրոք համապատասխանում է իրականությանը։ Բայց շատ հազվադեպ։ Ավելի հաճախ, կա'մ չափսը չի բռնում, կա'մ որակն այն չէ։ Այնպես որ, առանց երկար-բարակ փորձելու նախագահ ընտրելը հղի է վտանգով։ Բայց սա էլ նշանակում է, որ սխալ ընտրություն անելու մտավախությունից ստիպված ենք լինելու կրել սեղմող եւ կեղծ պիտակով հագուստ»։

Մի քանի թերթ երեկվա անցուդարձից էլ քամել-համեմատել են, թե ընդդիմադիր թեկնածուները, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, քարոզարշավի դրսեւորումներում ավելի ու ավելի են հաջողում: «Օրրան» թերթի համադրմամբ, մասնավորապես, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի երեկվա այցը Շիրակի մարզ «պայթեցրեց Շիրակի քոչարյանասիրության առասպելը»: «Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ էլ, Արտաշես Գեղամյանի՝ Արագածոտնի մարզի բնակավայրեր այցից հետո «կարելի հստակ արձանագրել, որ վախի մթնոլորտը, ինչի մասին այդքան շատ խոսվում է, եւ ինչի հետ այդքան մեծ հույսեր են կապում իշխանությունները, կոտրված է»:

Ըստ կողմնորոշման գնահատականների կողքին բոլոր թերթերն այսօր պտտվելով կրկին մտել են սոցիոլոգիայի գիրկը: «Հայկական ժամանակ»-ում ընդգծված է. - «Շատ թե քիչ օբյեկտիվ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ «16»-ի միավորումում ընդգրկված նախագահի թեկնածուների եւ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշերի հարաբերությունը 49 - 21 է՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի միավորման: Սրանից էլ բխում է, որ եթե ընդդիմությունը կարողանա միասնական թեկնածուով հանդես գալ, առաջիկա նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հաղթելու շանսերը հավասարվում են զրոյի»: «Բեկումնային նշանակություն ունի Արտաշես Գեղամյանի պահվածքը, որը ավելի անցողիկ թեկնածուի ընտրությանը չխոչընդոտելու բացահայտ պարտաստակամություն է հայտնում», - հատուկ կարեւորում է «Հայկական ժամանակ»-ը: - «Եթե նման գործընթացները շարունակություն ունենան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի վարկանիշը կսկսի աճել երկրաչափական պրոգրեսիայով»:

«Առավոտ» թերթում բերված հերթական ուսումնասիրության համաձայն, պատասխանելով «Եթե նախագահի ընտրություններն անցկացվեն առաջիկա կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցին, Երեւանում մոտ 29 տոկոսը նշել է Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Ստեփան Դեմիրճյանը եւս երկու կետ առաջ գնալով նախորդ շաբաթվա համեմատ՝ ավելի քան 11 տոկոս ցուցանիշով ամրապնդվել է երկրորդ տեղում:

«Այս կամ այն կերպ զանգվածային լրատվամիջոցները ընտրական գործընթացները պայմանավորում են ոչ ավելի, քան երեսուն տոկոսով», - ասում է սոցիալական հոգեբան Սամվել Ճշմարիտյանը «Ազգ» թերթում: Նրա կանխատեսումներով՝ առաջին տեղում Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ եւ երրորդ տեղերում Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը։ «Արդար ու ազատ ընտրություններ են կայանալու ինչպես 1991-ին, եւ գործող նախագահը կհավաքի ձայների մեծամասնությունը», - նշում է սոցիալական հոգեբանը: - «Բայց այս ընտրությունները զուտ մայիսյան խորհրդարանական ընտրությունների համար հիմք են ծառայելու։ Երբ խորհրդարանական մանդատները վերաբաշխվեն, հիմնավորապես համոզված եմ, որ ամռանն արտահերթ նախագահական ընտրություններ են կայանալու»։

«Միամիտ ժողովուրդ, ամբոխ Հայաստանում այլեւս չկա», - «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը: - «Ժողովուրդը հիմա դեր է ստանձնել ու կատարելու է իր դերը, ոչ ոքի չի զիջելու: Նա բազմաթիվ հարցեր է տալիս ու պահանջում պատասխանել այդ հարցերին: Ժողովուրդը շատ ուշադիր է լսում պատասխաննները»:

Ռուսաստանի մայրաքաղաքում կոմունիստական կուսակցությունների խորհրդի նիստին մասնակցած Հայկոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը վերադառնալով՝ «Այբ-Ֆե» թերթին ասել է. - «Մոսկվայում բոլորը խորհուրդ են տալիս հանդես գալ միասնական ճակատով, ժողովրդահայրենասիրական ուժերի ջանքերը համատեղել միասնական թեկնածուի շուրջ... Թե որքանով մեզ կհաջողվի միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալ, չգիտեմ: Հավակնությունները կխանգարեն մեզ, թե այլ հանգամանքներ՝ ցույց կտա ժամանակը»:

«Ինչո՞ւ է լռում ՀՀՇ-ն» հարցի պատասխանի որոնումներում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը այսօր գրում է. - «Թերեւս վախենում են, որ անգամ «անկողմնակալ» հայտարարությունը կարող է է'լ ավելի վարկաբեկել ընդդիմության միասնության գաղափարը: Այսպիսով ՀՀՇ-ին մնում է միայն ընդդիմության անպաշտոն «հուշարարի» գործելակերպը, որի տրամաբանությունը հետեւյալն է՝ իշխանությունները խուճապի մեջ են. ուստի եթե միավորվեք, ապա անպայման հաղթելու են՝ առաջին իսկ փուլում»: Իրականում, մեկնաբանի հայացքով՝ «ՀՀՇ-ի կողմից ասպարեզ նետվող «խորհրդատվությունը» նպատակ ունի ոչ թե աջակցել ընդդիմության հաղթանակին, այլ փետրվարի 19-ին կայանալիք քվեարկության արդյունքները միասնաբար վիճարկելով՝ ընտրված իշխանության լեգիտիմությունը դնել կասկածի տակ: Ներկա ընդդիմության միասնությունը ոչ թե հաղթանակի, այլ սոսկ իշխանության «փչացման» շանս է ՀՀՇ-ի համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG