Մատչելիության հղումներ

Վալտեր Շվիմերը ափսոսանք է հայտնում Քոչարյանի հայտարարության կապակցությամբ


Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության՝ երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ափսոսանք է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հայերի եւ ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության մասին վերջերս արած հայտարարության վերաբերյալ:

«Եվրոպական պատմության մութ էջերը հիշեցնելը», - նշված է հաղորդագրության մեջ, - «երբեք էլ լավագույն ընտրական ռազմավարությունը չէ»: Վալտեր Շվիմերը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնների բոլոր թեկնածուներին կոչ է արել ձեռնպահ մնալ ատելություն սերմանող հայտարարություններից: Նա նշել է նաեւ, որ Եվրախորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Այդ հանձնառությունը, Վալտեր Շվիմերի խոսքերով, լրջորեն է ընդունվել Եվրախորհրդի կողմից:

«Եվրոպան», - ասել է Շվիմերը, - «որին պատկանում են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը, սկսվում է էթնիկ, մշակութային, կրոնական եւ լեզվական բազմազանության իրողության ընդունումից: Մեր երազանքն է՝ օգտվել այդ բազմազանությունից եւ հարստանալ դրանով»:

«Հուսով եմ, որ նախագահ Քոչարյանի հայտարարությունը մեզ համար ճիշտ չի թարգմանվել, որովհետեւ «էթնիկ անհամատեղելիություն» բառերը մենք չենք գործածել Եվրոպայի խորհրդի ստեղծումից ի վեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիվերը:

Եվրոպայի խորհրդի խորհրդական վեհաժողովը դիտորդական խումբ է ուղարկելու Հայաստան՝ հետեւելու նախագահական ընտրություններին: Խորհրդարանական վեհաժողովի տասը անդամներից բաղկացած խումբը Հայաստան կժամանի փետրվարի 16-ին՝ Հայաստանի հարցով համազեկուցող Եժի Յասկերնյայի գլխավորությամբ:

Արդեն մարտի վերջին Հայաստանի կայցելի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսը: Դեւիսի շրջայցի ծրագրում են նաեւ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը:

«Մենք ամեն ինչ կանենք, որ զեկույցը առողջ փաստաթուղթ լինի, եւ նրանում չլինի որեւէ ստահոդ արձանագրում», - Դեւիսի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե զեկույցը Եվրախորհրդում կներկայացվի ընթացիկ տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին՝ զերծ մնալու համար ընտրական տրամադրություններից:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի որդու՝ Իլհամ Ալիեւի՝ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ ընտրվելուն, ինչը ադրբեջանական մամուլը ներկայացնում է որպես «դիվանագիտական մեծ հաղթանակ», Հովհաննիսյանը պարզաբանեց, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 18 փոխնախագահները ընտրվում են ռոտացիայի սկզբունքով, եւ Հայաստանի պատվիրակության ղեկավարը հրաժարվել է, քանի որ ընթացիկ տարվա մայիսին ավարտվում է ներկայումս գործող Ազգային ժողովի մանդատը:

«Կարծում եմ», - հավելեց Հովհաննես Հովհաննիսյանը, - «որ մյուս հունվարին Հայաստանի պատվիրակության ղեկավարը նույնպես կզբացեղնի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնը»:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG