Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մի քանի թերթերում ավելի ու ավելի նկատելի է դառնում Ստեփան Դեմիրճյանի հաջող քարոզարշավի առանձնացումը: «Հայկական ժամանակ» թերթի ընդգծված մատուցմամբ՝ «նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը նախընտրական այս շրջանում ֆենոմենալ եւ անսպասելի հաջողություններ է գրանցում: Չնայած իշխանական մարմինների գործադրած ջանքերին, մարզերում Դեմիրճյանի հանդիպումներին ներկայանում են առավելագույն թվով ընտրողներ, որոնք նախագահի այս թեկնածուի նկատմամբ անասելի ջերմ վերաբերմունք են ցուցաբերում»: «Ըստ էության, այսօր հանրությունը, շարքային մարդիկ անում են այն ամենը, ինչ կախված է իրենցից: Նրանք հստակ կողմնորոշում են ցույց տալիս: Մնացածը արդեն քաղաքական կուսակցությունների գործն է, որոնք այս իրավիճակում պետք է կարողանան ընտրողների կամքի ազատ արտահայտման եւ այդ կամքի արձանագրման համար պայմաններ ստեղծել», - նշում է «Հայկական ժամանակ»-ը:

«Արտաշատը գերազանցեց Թալինին. Ստեփան Դեմիրճյանի նախընտրական դիրքերը ամրանում են» վերնագրի տակ վերջինիս երեկվա շրջագայությունը «Հայկական ժամանակ»-ում նկարագրված է հետեւյալ տոներով. - «Այն ընդունելությանը, որին արժանացավ երեկ ՀԺԿ նախագահն Արարատի մարզի մեր այցելած բնակավայրերում, հաստատ կնախանձեր ամենաթանկանոց հոլիվուդյան աստղը... Եթե Քոչարյանի այցը, որին լծվել էր ողջ իշխանական համակարգը, կարելի էր համարել խիստ հաջողված, ապա նույն մարզ Ստեփան Դեմիրճյանի այցը նկարագրելու համար շատ մեծ երեւակայություն եւ էներգիա է պահանջվում»: Նույն ոգով «Առավոտ»-ի թղթակիցն էլ խտացրել է. - «Ստեփան Դեմիրճյանի այցերը լուսաբանելն արդեն վտանգավոր է դառնում՝ ամեն պահի կարող են ոտնատակ տալ նրան տեսնել ու ողջագուրվել փափագողները»:

«Չնայած տեղի մանր ու մեծ իշխանիկների գործադրած բոլոր ջանքերին, Ստեփան Դեմիրճյանի՝ Արարատի մարզի գյուղեր եւ Արտաշատ քաղաք կատարած նախընտրական այցն անցավ բոլոր սպասումներից ավելի վեր ձեւով», - իր հերթին գնահատում է «Օրրան» թերթի թղթակիցը: - «Այն, որ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը չի կատարի իր՝ նախագահին տված խոստումը՝ ապահովել նրա համար Արարատի մարզի բնակչության 80 տոկոսի ձայները, այնքան ակնհայտ է, որքան այն, որ արեւը ծագում է արեւելքից ու մայր մտնում արեւմուտքում»: Սրա կողքին «Օրրան»-ում մատուցվում է նաեւ, թե երեկ Նոր Նորքում գրեթե լիովին տապալված կարելի է համարել Քոչարյան - ընտրողներ հանդիպումը: Այդպիսին է նաեւ «Այբ-Ֆե» թերթի մատուցումը: «Ընտրարշավի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող լրագրողների խումբն արձանագրեց, որ առայժմ ամենասառը ընդունելությանը նախագահն արժանացել է Նոր Նորք համայնքում», - ընդգծված է այստեղ:

Անդրադառնալով ընդդիմադիրների քարոզարշավին, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը գրում է. - «Ինչո՞վ են զբաղված այս օրերին փրկիչները, եթե ոչ քաոս ցանելով ու հնձելով: Սրանց նախընտրական շտաբները եթերից դուրս զբաղված են մատերիալ մատերիալի հետեւից թխել-փռելով հհշական մամուլի էջերում՝ ներկայացնելով, իբր, «ահ ու սարսափի գաղջ մթնոլորտում» իրականացված ինչ-ինչ ընտրական խախտումներ: Հակառակ դրան, քարոզչական տեսահոլովակներում պատկերը միանգամայն այլ է: Ժողովուրդն իրենց առաջնորդներին մարզերում, գյուղերում դիմավորում է դհոլ-զուռնայով, աղ ու հացով, անգամ նրանց ընդառաջ՝ հատելով «տրասը»: «Հայոց Աշխարհ»-ի խմբագրի ձեւակերպմամբ էլ՝ ազնիվ պայքարում անխուսափելի պարտության առջեւ կանգնած ընդդիմադիրների վերջին ուրախությունը մնացել է դժգոհելն ու բողոքելը: «Բայց, եթե կարելի է, ոչ այդչափ ճղճղան», - նրանց է դիմում խմբագիրը: - «Իշխանությունը մեզանում ամենեւին էլ կաթնատամներով հրեշտակ չէ, սակայն, մյուս կողմից, Թաթարստանի մակարդակին էլ, կարծես թե դեռ չենք հասել»։

«Տասը թեկնածուներ ոչ թե սեփական ծրագրերն են քարոզում, այլ քարոզարշավի համար տրամադրված ժամանակը, ժողովրդի հետ հանդիպումները նվիրում են գործող նախագահից բամբասելուն: Սրան վաղուց ենք վարժվել, եւ այստեղ որեւէ նորություն չկա, բացի բամբասանքի թեմաների լայնացումից ու տոնայնության բարձրացումից: Խնդիրն այն է», - քարոզարշավի ընթացքին է անդրադառնում «Երկիր» թերթը, - «որ թեկնածուների մեծամասնությունը բոլոր առիթներն օգտագործում է պատրանք ստեղծելու, թե առաջիկա ընտրություններն արդար չեն լինելու»: «Երկիր»-ի համոզմամբ, գործող նախագահը հաղթելու է. - «Հաղթելու է այն պարզ պատճառով, որ ժողովրդի մեծամասնությունը նրա օգտին է քվեարկելու: Բայց քանի որ մեզանում ոչ ոք հակված չէ ընդունելու իր պարտությունը նման հիմքերով, բնականաբար, խոսվում է խախտումների անխուսափելիության մասին, որպեսզի հետո հեքիաթներ պատմեն, թե իրենք ընտրված էին, բայց կեղծիք կատարվեց»:

«Ընտրարշավը ավելի ու ավելի է նմանվում յուրատեսակ ցլամարտի», - համեմատում է այսօր «Իրավունք» թերթը եւ, վերլուծելով իրավիճակը, մասնավորապես արժեվորում. - «Գործող նախագահի դեմ կիրառվող ակտիվ ու կոշտ հակաքարոզչությունը նպաստում է նրան, որ երկրում վախի ու հուսաբեկության մթնոլորտը կոտրվում է»: Եվ, ըստ մեկնաբանի՝ «մթնոլորտը ակնհայտորեն կոտրվում է. բնակչությունն իր ընդվզումն արտահայտում է ընդդիմադիր թեկնածուների հետ հանդիպումներին զանգվածաբար ներկայանալով, իսկ Քոչարյանի միջոցառումներին մարդկանց բերում են հարկադրանքի ներքո»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG