Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջին մի քանի տարիների ընթացքում ժողովրդին հիմարեցնում են: Փորձում են համոզել, որ ժողովրդի կամքից ոչինչ կախված չէ, որ ժողովուրդը հարցեր լուծելուց օտարված է: Իշխանությունները փորձում են համոզել, որ բոլորն էլ վատն են. ով զբաղվում է քաղաքականությամբ, միայն անձնական նպատակներ է հետապնդում՝ մեկը մյուսին արժեն: Ով էլ իշխանության գա, երկրի վիճակը չի փոխվի: Այս քարոզչությունը երկրի իշխանություններին օգուտ է», - «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում մեկնաբանում է նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ընդգծելով. - «Թեկնածուները պետք է կարողանան համոզեն ժողովրդին, որ տեր դառնա երկրին»: Մանուկյանի հայացքով, իշխանությունները եւս մեկ սկզբունք են կիրառում՝ պայքարել նրա դեմ, ում դեմ հեշտ է պայքարել. - «Դրա համար սոցհարցումներ են անցկացվում, որտեղ առաջին տեղը տրվում է գործող նախագահին, իսկ երկրորդը նրան, ում դեմ հեշտ կլինի պայքարելը: Իշխանությունը իրեն հակառակորդ է ընտրում»: Վազգեն Մանուկյանը հայտարարում է. - «Ընտրությունները կարող են երկու ելք ունենալ. կհաղթի կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ ես»:

«Հանրապետություն» կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը «Օրրան»-ում առանձնացնում է. - «Թիվ մեկ խնդիրը մարդահամարի կեղծ տվյալները իրական քվեաթերթիկների տեսքով արկղ գցելը կանխելն է: Երկրորդ վտանգը բացակայող մարդկանց փոխարեն քվեարկելն է: Հավատացնում եմ, որ ժողովրդի ձայնը չի կեղծվի, ժողովրդի քվեն տեղ կհասնի»: Կիսելով առաջին օրերի քարոզարշավի տպավորությունները, Արամ Սարգսյանը նշում է. - «Ես չեմ տեսնում մեր երկրում չկողմնորոշված մարդկանց. բոլորն էլ հոգու խորքում հիանալի գիտեն՝ ինչ են ուզում: Ուղղակի իշխանությունների ստեղծած վախի մթնոլորտում նրանք գերադասում են ապրել անտարբեր կամ՝ չկողմնորոշված երեւալ»:

«Ընդդիմության համար իշխանություն նվաճելը կարծես դարձել է թե՛ սկզբունք, թե՛ միջոց, թե՛ նպատակ: Ինչը նշանակում է ուղղակի պարզ աթոռակռիվ: Սա էլ պատճառներից մեկն է, որ առ այսօր ընդդիմադիր դաշինքում միասնական թեկնածուի շուրջ համախմբում տեղի չի ունեցել», - «Հայոց Աշխարհ»-ում մեկնաբանում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: - «Նախընտրական պայքարը ցույց է տալիս, որ մենք գաղափարական-քաղաքական պայքարի դաշտից տեղափոխվում ենք թշնամություն սերմանող, անձնական վիրավորանքների դաշտ, որը որեւէ ընդդիմության վարկանիշը հազիվ թե բարձրացնի»:

Թերթերը շարունակում են ներկայացնել տարբեր սոցհարցումների տվյալները: Ընդդիմադիր «Հայկական ժամանակ»-ում տպագրված Նախընտրական տեխնոլոգիաների կենտրոնի՝ հունվարի 22-25-ը անցկացված հարցումներով, Ռոբերտ Քոչարյանը ստացել է 23,8 տոկոս, Ստեփան Դեմիրճյանը՝ 11,8 տոկոս, Արտաշես Գեղամյանը՝ 10 տոկոսից ավելի ձայն: Նախորդ հարցման համեմատ, գործող նախագահի վարկանիշը 2,5 տոկոսով նվազել է: «Առավոտ»-ում տպագրված Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տվյալներով, Ռոբերտ Քոչարյանը 27,8 տոկոս ձայն ունի, Ստեփան Դեմիրճյանը՝ 9 տոկոսից ավելի, Արտաշես Գեղամյանը՝ մոտ 9 տոկոս: Այս հարցումներով, Քոչարյանի վարկանիշը 5,7 տոկոսով աճել է: Համարյա նույնչափ աճել է Արտաշես Գեղամյանի վարկանիշը:

«Հայոց Աշխարհ»-ում բերված «Վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի արդյունքներով, դեկտեմբերին 52,5 տոկոսից Քոչարյանի վարկանիշը բարձրացել է արդեն 57,2 տոկոսի:

«Ընտրությունների ելքի կանխորոշվածության առասպելն այն թույնն է, որ իբրեւ ընտրական սեւ տեխնոլոգիաների բաղկացուցիչ մաս ամեն օր հրամցվում է հասարակությանը, տիրաժավորվում թերթերում ու եթերում», - բնորոշում է «Օրրան»-ը: «Հավանաբար, քաղաքական գիտակցության զարգացման եւս մի շրջափուլ է հարկավոր, որպեսզի նախագահական առաջին ընտրություններից շուրջ 12 տարի անց նորից գնալով ընտրությունների ոչ թե առաջնորդ ընտրենք, այլ նախագահ, ոչ թե անձ, այլ ծրագիր, ոչ թե առասպել, այլ խորհրդանիշ», - կարեւորում է «Առավոտ»-ը։

«Օրրան»-ի խոհերով՝ «հիմա՝ 2003 թվականին, կանգնած ենք այն խնդիրների առջեւ, որոնց դեմ էինք առել 2002-ին, 2001-ին, 2000-ին եւ այդպես էլի ետ-ետ: Նույն եւ միեւնույն Արցախի խնդիրը, հոկտեմբերի 27-ը, գործազրկությունը, թշվառությունը, արտագաղթը, նույն ու միեւնույն անօրինական իշխանությունը... Այսպես իբրեւ թե ապրում ենք, իբրեւ թե նախագահ ենք ընտրում, իբրեւ թե մեծ աշխարհ ենք մտնում, իբրեւ թե դուրս ենք գալիս ոչնչությունից... Բայց մեր արածը միայն շաղգամակերություն է»:

«Ազգ»-ի փոխանցմամբ՝ հանրապետության նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի ընտրական շտաբը հաղորդում է, որ հունվարի 24-ից պաշտոնապես բոյկոտում է Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագիրը եւ դադարեցնում նրա հետ լրատվական համագործակցությունը։ Ըստ թերթում բերված՝ Գեղամյանի նախընտրական շտաբի պարզաբանումների, որոշումը պայմանավորված է «Հայլուր» ծրագրի՝ թեկնածուներից մեկի՝ «գործող նախագահի ընտրարշավի ակնհայտ, կողմնակալ լուսաբանման, ընդդիմադիրների հաղորդումների միտումնավոր աղավաղման եւ ձեւական հավասարության մթնոլորտ ստեղծելու առթիվ»։

«Հայկական ժամանակ»-ում նշված է. - «Քանի որ հանրային հեռուստատեսությունը իր արբանյակային հեռարձակմամբ չի ցուցադրում Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավը, արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկվում են ընտրարշավի ընթացքին տեղեկանալու հնարավորությունից: Հեռւստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը թղթակցի հետ զրույցում քարոզչական հոլովակները չհեռարձակելը բացատրել է նրանով, որ դրանք հաճախ նկարահանված են ցարծրորակ տեխնիկայով, ուստի չեն համապատասխանում արբանյակային հեռարձակման չափանիշներին: Հարությունյանը, միաժամանակ, նշում է. - «Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշի, որ քարոզչական նյութերը պետք է հեռարձակվեն նաեւ արբանյակային ալիքով, Հանրային հեռուստատեսությունը կենթարկվի այդ որոշմանը»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG