Մատչելիության հղումներ

Գազի մատակարարման խափանումը լարվածություն է առաջացրել մայրաքաղաքի հանրային տրանսպորտի աշխատանքում


Այսօր առավոտվանից, թեեւ քիչ ավելի պակաս, քան երեկ, փոխադրամիջոցների դեֆիցիտը Երեւանում առկա էր: Պատճառը տրանսպորտային վառելիքի՝ սեղմված գազի պակասն է։Պաշտոնյաները վստահեցնում են, որ ճգնաժամը մի քանի օր կտեւի, թեեւ, ոչ մի երաշխիք չկա, որ պայթեցումները չեն կրկնվի։

Բավական էր, որ մայր գազատարից հետո պայթեցվեր նաեւ Հայաստանը սնուցող երկրորդ՝ պահեստային գազատարը, որպեսզի մայրաքաղաքի ուղեւորափոխադրումների շուկան հայտնվեր ծանր կացության մեջ։

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի հավաստմամբ, երեկ առավոտյան գիծ է դուրս եկել 1600 միկրոավտոբուս՝ 1900-ի փոխարեն: Այսօր առավոտյան գիծ է դուրս եկել 1221 միկրոավտոբուս, կամ շարժակազմի 63 տոկոսը։ Պետի խոսքերով, վիճակը նորմալացնելու համար արվում է ամեն ինչ, այսինքն՝ «համապատասխան աշխատանք է տարվել երթուղիները սպասարկող տնտեսավարող սուբյեկտների հետ՝ գազի վառելիքի փոխարեն բենզինի անցնելու վերաբերյալ»:

«Իհարկե, բոլոր միկրոավտոբուսները անմիջապես փոխադրել հեղուկ վառելիքի անհնար է՝ առաջին հերթին տեխնիկական պատճառներով», - ասաց Բարսեղյանը։ Նրա խոսքերով, տարիներ շարունակ մի քանի անգամ էժան սեղմված գազային վառելիքին հարմարեցված մեքենաների շատերի վրայից նույնիսկ հեղուկ վառելիքի բաքերն են բացակայում։

Բացատրական աշխատանք տանել ու տնտեսավարող սուբյեկտ հանդիսացող գծի տերերին համոզել անցնել ավելի թանկ վառելիքի՝ այնքան էլ դյուրին գործ չէ, առավել եւս, հայտնի է, թե այդ գծի տերերի ետեւում իրականում ովքեր են կանգնած:

Արեգ Գալստյանի հավաստմամբ, արդեն մոտ հազար մեքենա մեկ օրվա ընթացքում գազից անցել է բենզինի, եւս 200-ը աշխատում է դիզելային վառելանյութով: Նա հույս հայտնեց, որ եթե ոչ վաղը, ապա մյուս օրը նման խնդիր այեւս չի լինի:

Վարչության պետն ասաց նաեւ, որ իրենք զգալիորեն ավելացրել են վերգետնյա էլեկտրատրանսպորտի՝ տրոլեյբուսների եւ տրամվայների քանակը ու դրա հաշվին էլ փորձում են մեղմել վիճակը։ Ինչ վերաբերում է ուղեւորափոխադրումների սակագների հնարավոր բարձրացման հետ կապված գազայինից հեղուկ վառելիքի անցմանը, ապա Արեգ Գալստյանն հավաստում է, թե նման բան իրենք թույլ չեն տա, քանի որ սակագինը ֆիքսված է պայմանագրով։ Իսկ եթե վարորդները հրաժարվեն անցնել հեղուկ վառելիքի, ապա նրանց հետ կխզվի պայմանագիրը, ու տվյալ երթուղագծի շահագործման վերաբերյալ նոր մրցույթ կհայտարարվի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG