Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա մամուլն ազդարարում է նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: «Մենք պետք է պատրաստ լինենք այսուհետեւ մինչեւ քվեարկությանը նախորդող օրն ընկալելու եւ գնահատելու այն ամենը, ինչը հատկապես քարոզչության նպատակով մեզ կմատուցեն թեկնածուները», - գրում է «Ազգ»-ի մեկնաբանը՝ կարեւորելով եւ գիտակցության կոչելով, որ նախընտրական պլատֆորմներից պետք է ընտրություն կատարել միայն իրատեսական դիրքերից։ - «Այլապես ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող ընտրությունները, լավագույն դեպքում, ինչ-որ զվարճալի միջոցառման կնմանվեն»։

«Քաղաքական որոշ դիտորդներ կանխատեսում են, որ այս ընտրություններում թե' իշխանության թեկնածուն եւ թե' ընդդիմադիր դաշտը ներկայացնող նախագահի թեկնածուները զբաղվելու են փոխադարձ քաղաքական ստրիպտիզով՝ ջրի երես հանելով միմյանց դեմ եղած հնարավոր ու անհնար բոլոր կոմպրոմատները եւ միմյանց մեղադրելով հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը: «Այբ-Ֆե» թերթի ներկայացմամբ, բոլոր թեկնածուները չէ, որ «լողալու փորձ ունեն, սակայն գրեթե բոլորն էլ ընդունակ են ջուր պղտորելու»: «Թեկնածուներից ոմանց համար գերխնդիր կդառնա «ջուր պղտորելը», մյուսների համար՝ «պղտոր ջրում ձուկ որսալը»: Մի խոսքով, շուրջ մեկ ամիս մեզ սովորեցնելու են նախագահ ընտրել պղտոր ջրից», - գրում է «Այբ-Ֆե»-ն:

«Նախընտրական պայքարի մեկնարկային փուլում, ցավոք, առաջնայինը զգայականն է», - գնահատում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը՝ քաղաքական հայտարարությունները ու հեռուստաելույթները ներկայացնելով որպես լացակումած նվնվոց: «Նախագահի թեկնածուների առաջիկա հեռուստատեսային մենախոսությունները, իրենց ամբողջ պաթոսով հանդերձ, առաջին վազքարշավում պարտվածների նվնվոց է լինելու, որոնք ձգտելու են երկրորդ փուլում «բորդյուրին չմնալ»: Գաղտնիք չէ, որ Ազգային ժողովի պատերից դուրս մնացած կուսակցությունները արագորեն կորցնում են իրենց վարկանիշն ու անդամներին», - գրում է թերթը՝ մեջբերելով իր անունը չհայտնած քաղաքական գործիչներից մեկի կարծիքը. - «Նախագահական ընտրություններն ավարտվել են: Պայքարն արդեն ընթանում է պատգամավորական մանդատների համար»:

«Իրավունք»-ը, անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուների քարոզչության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին, մեկնաբանում է. - «Ըստ էության, բոլոր թեկնածուների քարոզչական հոլովակները հայտնվում են մեկ ընդհանուր հեռուստաաղբամանի մեջ եւ դառնում ըստ էության անիմաստ: Իսկ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական նյութերը սովորական հաղորդումների անվան տակ սփռվելու են ցանկացած ժամի, եւ դրանով իսկ գործող նախագահը ստանալու է ակնհայտ քարոզչական առավելություն մյուս թեկնածուների նկատմամբ»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու իրենց որոշումը, նշում է. - «Մեզ կայունություն է հարկավոր։ Ցավոք, գործող նախագահի մրցակիցները համակարգային փոփոխություններ են ծրագրում»։

«Իմ գնահատականը բացարձակ քաղաքական է։ Ես Քոչարյանին համարում եմ խփված խաղաքարտ։ ժամանակի մեջ նա խփված է՝ անկախ ընտրությունների ելքից», - «Առավոտ»-ում ասում է «Հանրապետություն» կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։ «Իսկ Սերժ Սարգսյա՞նը». թղթակցի այս հարցին Արամ Սարգսյանը պատասխանում է. - «Սերժ Սարգսյանը քաղաքական երկարակյաց է, բայց տիտանիկներն էլ են երբեմն սուզվում։ Նա չափից ավելի շատ իրեն կապեց Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դա իր կյանքի ամենաանզգույշ քայլն էր»։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ում ընդգծում է. - «Եվրոպական երկրները եւ ԱՄՆ-ն այս ընտրությունները ուսումնասիրելու են խոշորացույցով, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ երկիր է: Բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ընտրությունների վրա ստվեր չընկնի»: Նրա խոսքերով, հայ-ռուսական հարաբերությունների սերտացումը պետք չէ ուղղակի կապել ընտրությունների հետ. դրանք երկկողմ բնույթ ունեն եւ չեն առնչվում ընտությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու խնդրին:

Ըստ «Առավոտ»-ի խմբագրի, Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան որեւէ անհրաժեշտություն չէր ներկայացնում երկու պետությունների եւ նրանց ժողովուրդների համար: Արամ Աբրահամյանը գրում է. - «Պարզ է, որ այն պետք էր անձամբ Քոչարյանին եւ կազմում էր նրա նախընտրական արշավի ամենակարեւոր կետը: Ցույց տալ մեր ռուսասեր ժողովրդին, որ նա ռուս թագավորի փոքր եղբայրն է՝ Հայաստանի ցանկացած ղեկավարի համար նշանակում է ամրապնդել սեփական դիրքերը հայրենիքում»:

«Ռուսաստանը բնավ էլ շահագրգիռ չէ Ռոբերտ Քոչարյանի վերընտրությամբ», - գրում է «Օրրան»-ը: - «Սա ոչ միայն Հայաստանի նախագահի, այլեւ Հայաստանի արտաքին «քոմփլեմենթար» քաղաքականության պարտությունն է: Նախընտրական շրջանում պաշտոնական այցերը սովորաբար հմտորեն ծրագրվում են, որ վերջում հնչի` ավանդական «դաբրո»-ն: Իսկ այս դեպքում ընդամենը հնչեց, որ ով էլ ընտրվի նախագահ, Ռուսաստան-Հայաստան համագործակցությունը շարունակվելու է»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, իշխանական կաբինետներում քննարկվում է «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը հետաձգելու, սառեցնելու հարցը. - «Իշխանությունները նախընտրում են դատը այս նախընտրական փուլում մեկ-երկու ամսով հետաձգել... Ժամանակին հիվանդացած Սամվել Ուզունյանը այս խնդրի լուծման առավել աննկատ ու անաղմուկ ճանապարհը ցույց տվեց: Դատը հետաձգվեց միանգամայն հարգելի պատճառով»:

«Ես մեղավոր չեմ, որ նախագահի ընտրությունները հիմա են անցկացվում: Եթե ձեր Ազգային ժողովը գտնի նպատակահարմար, որ դատավարությունը չի կարելի անցկացնել նախագահի ընտրություններին զուգահեռ, թող, չգիտեմ, հետաձգեն ընտրությունները: Բայց մենք չենք կարող դադարեցնել դատավարական գործընթացը, ինչ է թե ընտրություններ են», - «Այբ-Ֆե» թերթում նորից հանդես է գալիս «Հոկեմբերի 27»-ի գործով փաստաբան Օլեգ Յունոշեւը: Նա ասում է, թե միջնորդելու է, որ հարցաքննություններից հետո վերանայվեն Նաիրի Բադալյանի, Ալեքսան Հարությունյանի դեմ հարուցված՝ ապա կարճված գործերը. - «Անկախ նրանից, թե դատարանում ինչ կասի Ալեքսան Հարությունյանը, ես միջնորդելու եմ, որպեսզի նրա դեմ քրեական գործը վերսկսվի: Եվ սա պետք չէ դիտարկել իբրեւ անմեղության կանխավարկածի խախտում: Սա փորձ է այս սպանությունը բացահայտելու ուղղությամբ»:

«Իրավունք»-ն անդրադառնում է մամուլում պարբերավար տպագրվող սոցիոլոգիական հարցումներին. - «Իշխանամետ քարոզչամեքենայով սփռվող, մեղմ ասած, կասկածելի ծագում ունեցող հարցախույզների հեղեղը շարունակվում է: Բնականաբար, պահպանվում է այդ «հարցումների» այն ուղղվածությունը, թե իբր գործող նախագահի դեմ «խաղ չկա», եւ նա հենց առաջին փուլում հավաքելու է 50 տոկոսից ավելի քվեներ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG