Մատչելիության հղումներ

Քոչարյանին հանձնվեց նախագահի թեկնածուի վկայականը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) այսօր նախագահ Քոչարյանին հանձնվեց նախագահի թեկնածուի վկայականը:
Ստանալով վկայականը, նախագահի թեկնածուն եւ գործող նախագահը օրենսդրությանը եւ բոլոր չափանիշներին համապատասխան մրցապայքար խոստացավ: Նախագահը նաեւ իրատեսական համարեց ընտրությունների ավարտը մեկ փուլով:

«Հարցումները ցույց են տալիս, որ դա [ընտրությունների ավարտը մեկ փուլով] բավական իրատեսակն է», - ասաց Ռոբերտ Քոչարյանը», - «բայց նախընտրական պայքարը մնում է նախընտրական պայքար: Պետք է աշխատեք, եւ ժամանակը ցույց կտա»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ գործող նախագահի` որպես թեկնածու գրանցման օրինականությունը վիճարկելու ընդդիմադիր թեկնածուների մտադրությանը վերաբերող հարցին, Քոչարյանը ասաց, թե դա «իրենց իրավունքն է»:

«Հինգ տարի արդեն գործող նախագահի պարագայի դեպքում նման մտադրությունը այնպիսին է, որ պետք է հումորով վերաբերել», - ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը:

Ընդդիմադիր վեց թեկնածուներ, մինչդեռ, այսօր պաշտոնապես դիմել են ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին՝ մանրամասն ներկայացնելով այն օրինախախտումները, որոնք, ըստ դիմումի հեղինակների, տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանին գրանցելու մասին ԿԸՀ-ի որոշման մեջ:

Իրեն աջակցող տասնյակից ավելի քաղաքական կուսակցություններից եւ հասարակական կազմակերպություններից նախագահը չկամեցավ առանձնացնել իրեն գաղափարապես առավել մոտ որեւէ կազմակերպություն:

«Դուք գիտեք, որ ես կուսակցական չեմ, բայց հաշվի առնելով, որ մի շարք կուսակցությունների հետ ես ունեմ արդեն համագործակցության պատմություն, եւ այն ծրագիրը, որը ներկայացվելու է, դա բավական լայնածավալ եւ բավական երկարատեւ աշխատանքի արդյունք է լինելու: Եվ սա հնարավորություն է տալու առանց գաղափարախոսական որակումների շատ կոնկրետ ծրագրով հանդես գալ եւ միասնական ջանքերով այդ ծրագիրը իրականացնել», - շարունակեց նա:

Ռոբերտ Քոչարյանը չասաց նաեւ, թե ում է համարում իր հիմնական մրցակիցը՝ ասելով, որ ցանկացած անվան հնչեցումը կշահարկվի: Մինչեւ վերջ չգնալու մտադրություն ունեցող որոշ թեկնածուների մասնակցության մեջ ընտրապայքարին նախագահը «ժողովրդին խաբելու», «այլ թեկնածուի քարոզարշավը սպասարկելու» միտում է տեսնում, եւ դրան համարժեք քայլերով կպատասխանի, այսինքն՝ ինքն էլ «ժողովրդի հետ առավել ակտիվ կաշխատի»:

Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարությանը, թե քարոզարշավը դեռ չսկսված, Հայաստանի գրեթե բոլոր հեռուստաընկերությունները զբաղված են գործող նախագահի քարոզարշավով եւ «փառաբանմամբ»՝ ցուցադրվում են տեսահոլովակներ, ֆիլմ է ցուցադրվում նախագահի եւ իր ընտանիքի մասին, Քոչարյանը ասաց, թե քարոզարշավը սկսվում է հունվարի 21-ից, եւ «եթերաժամի օրենսդրորեն հավասար բաշխումը սկսվում է աշխատել հենց հունվարի 21-ից»:

«Մինչ այդ ժամանակը ամեն մի հեռուստաալիք ինքն է ընտրում, թե ինչ հաղորդել», - ավելացրեց նախագահը: - «Տվյալ դեպքում, կարծում եմ նաեւ, հեռուստաալիքները ընտրում են այն նյութը, որը ավելի հետաքրքիր է... Վաղվանից կսկսի գործել օրենքը, եւ դուք կտեսնեք, որ հեռուստաժամը լինելու է հավասարաչափ բաշխված»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG