Մատչելիության հղումներ

Անցած տարի, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել է արտագաղթի կտրուկ անկում


Կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Վահան Բախշեցյանի ներկայացրած տվյալներով, 2002 թվականին, անկախության տարիներին առաջին անգամ, Հայաստանում գրանցվել է մեկնողների եւ ժամանողների դրական սալդո:

2000 թվականին Հայաստանից մեկնողներ եւ ժամանողների սալդոն կազմել է մինուս 57 հազար մարդ, 2001 թվականին՝ մինուս 60 հազար 400 մարդ: Տվյալները, ըստ Բախշեցյանի, հավաքագրվել են Ավիացիայի գլխավոր վարչությունից, երկաթգծի դեպարտամենտից եւ սահմանապահ եւ մաքսային ծառայություններից:

Ուշագրավ է, որ անցած տարվա հունվար - նոյեմբեր ամիսներին գրանցվել էր կայուն բացասական սալդո. նոյեմբերի դրությամբ մեկնողների թիվը մոտ 22 հազարով ավելի է եղել, քան ժամանողների թիվը: Դեկտեմբերին, սակայն, ժամանողների թվի կտրուկ աճը հանգեցրել է չնչին, բայց դրական սալդոյի:

Միգրացիայի եւ փախստականների վարչության միգրացիոն քաղաքականության բաժնի պետը դա բացատրում է «միգրացիայի սեզոնային բնույթով»: «Գարնանը մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ աշնան կողմը վերադառնում են հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բախշեցյանը:

Ըստ նրա, տեղաշարժ է նկատվել նաեւ օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով Հայաստան ժամանողների եւ Հայաստանից մեկնողների ընդհանուր թվերում: Անցած տարի 595 հազար մարդ ժամանել է, 594 հազար 442 մարդ մեկնել: Բաշխեցյանը պարզաբանեց, որ այդ թվերը արտացոլում են բոլոր գրանցված սահմանահատումները:

Արձանագրված միտումների օգտին են վկայում նաեւ սոցիոլոգների հարցումները: Ըստ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի, եթե վաղ 90-ականներին կատարված հարցումների ժամանակ հարցվածների 80 եւ ավելի տոկոսը արտագաղթելու ցանկություն էր հայտնում, ապա կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքներով արտագաղթի տրամադրություններ ունի հարցվածների 11 տոկոսը միայն:

Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը եւս գտնում է, որ «վերջին տարում նկատվել է պոտենցիալ միգրացիայի նվազման միտում»: Ամբիոնը վերջերս հարցում է անցկացրել արտերկրից վերադարձած 400 մարդու շրջանում, եւ արդյունքները վկայում են «վերադարձի միտման մասին»:

Սոցիոլոգները վերադարձածներին պայմանականորեն բաժանել են երկու խմբի՝ արտերկրում հաջողության հասածների եւ անհաջողակների: Առաջինները Հայաստան են վերադարձել դրսում աշխատած գումարները ներդնելու, իսկ երկրորդները՝ քանի որ չեն կարողացել իրենց գոյությունը պահպանել դրսում:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG