Մատչելիության հղումներ

Ընդդիմության թեկնածուները վիճարկելու են Ռոբերտ Քոչարյանի գրանցման օրինականությունը


Վաղը կստորագրվի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) կներկայացվի նախագահի ութ ընդդիմադիր թեկնածուների դիմումը, որով վիճարկվում է Ռոբերտ Քոչարյանին նախագահի թեկնածու գրանցելու որոշման օրինականությունը: Ընդդիմադիր միավորման խորհրդի այսօրվա նիստը ընդունեց նաեւ երեք հայտարարություն:

Հայտարարություններից մեկը ընդդիմադիր միավորման անունից ժողովրդին կոչ է անում դատապարտել ընտրարշավում արդեն իսկ «իշխանությունների սանձազերծած ապօրինությունները» եւ «փետրվարի 19-ին միահամուռ մասնակցել ընտրություններին»: Որպես «սանձազերծ ապօրինություններ» նշված են պաշտպանության նախարարին գործող նախագահի շտաբի պետ նշանակելը, մարզերում ուժային կառույցների ներկայացուցիչներին շտաբների ղեկավար նշանակելը: Ըստ այս հայտարարության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է կաշկանդված, գործադիր իշխանության «բիրտ ճնշման ներքո»:

Մեկ այլ հայտարարությամբ 16-ի միավորումը դատապարտում է «լրատվական մոնոպոլոզացիան», ինչի հետեւանքով «խեղաթյուրված տեղեկատվություն է մատուցում հասարակությանը»: Ռոբերտ Քոչարյանին փառաբանող տեսահոլովակների համար քննադատվում են Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ու Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովն անվանված են «Ռոբերտ Քոչարյանի կամակատարներ»: Միավորումը ԿԸՀ-֊ից պահանջում է հետամուտ լինել այս ոլորտում օրենսդրության եւ իր իսկ ընդունած որոշումների կատարմանը:

Ընդունված երրորդ փաստաթղթով ընդդիմադիր միավորումը դատապարտում է Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո երկրում սկսված «ապօրինությունների եւ բռնության գործելակերպը» եւ հայտարարում, որ նման գործողությունները չեն կարող խաթարել ընդդիմադիր դաշտի միասնականությունն ու միաբանման գործընթացները:

Ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորման շրջանակներում առաջադրված թեկնածուների միջեւ բանակցությունները, մինչդեռ, շարունակվում են: Միասնական թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի մինչեւ փետրվարի 5-ը:

Ազգային ժովորդավարական դաշինքի (ԱԺԴ) ղեկավար Արշակ Սադոյանը, ով, չկարողանալով հայթայթել մոտ 10 հազար դոլարի ընտրագրավը, դուրս է մնացել ընտրարշավից, այսօր հայտարարեց իր եւ ԱԺԴ-ի դիրքորոշումը. - «Մենք պաշտպանում ենք Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը»:

Թեեւ Արշակ Սադոյանն ու իր ղեկավարած կուսակցությունն ընտրությունն արդեն կատարել են եւ հույս ունեն, որ միասնական կդառնա իրենց պաշտպանած թեկնածուն, այդուհանդերձ Սադոյանը ասաց. -«Եթե միասնական թեկնածուն լինի Արտաշես Գեղամյանը, որեւէ պրոբլեմ չունենք...հանուն միասնական թեկնածուի մենք պատրաստ ենք գնալ զիջումների»:

«Հանրապետություն» կուսակցության մամուլի հարցերով պատասխանատու Սուրեն Սուրենյանցի փոխանցմամբ, Արամ Սարգսյանի թեկնածությունը հանել-չհանելու հարցը կուսակցությունում դեռեւս չի քննարկվում:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով նույնպես հնարավոր է, որ «16»-ը ի վերջո միասնական թեկնածուով եւ ծրագրով թիմ կազմի:

16-ի միավորումից դուրս թեկնածուները եւս չեն շտապում հայտարարություններ անել: Նրանցից ոմանք ընտրություններում հաջողություն ունենալու մեծ հավակնություն ունեն: «Ազգային համաձայնություն» կուսակցության թեկնածու Արամ Հարությունյանը, որը կուսակցության համագումարում չէր բացառել հօգուտ գործող նախագահի ինքնաբացարկ հայտարարելու հնարավորությունը, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կուսակցության որոշմամբ պայքարը շարունակելու է մինչեւ վերջ:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG