Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի մեկ զինվոր սպանվել է, մյուսը գերի է վերցվել ԼՂՀ զինված ուժերի կողմից


Լեռնային Ղարաբաղի զինվորականները ուրբաթ օրը հաստատել են լուրերը, որ չորեքշաբթի օրը ԼՂՀ արեւելյան մասում տեղի ունեցած ընդհարման ժամանակ սպանվել է ադրբեջանցի մեկ զինվոր: Վիրավորված մեկ այլ ադրբեջանցի զինվոր գերի է վերցվել:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, զինված բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արդբեջանցի զինվորականների մի փոքր խումբ փորձել է Աղդամի մերձակայքում «թափանցել Լեռնային Ղարաբաղի տարածք»: Աղդամի շրջանի մեծ մասը՝ ներառյալ նույնանուն շրջկենտրոնը ղարաբաղյան կողմի վերահսկողության տակ է 1993 թվականից:

Նախարարության ներկայացուցիչների փոխանցմամբ, գերված զինվորը՝ ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Էլմեդին Աբիեւը, լուրջ վնասվածք էր ստացել ընդհարման ժամանակ եւ Ղարաբաղի ռազմական հոսպիտալում ենթարկվել է հաջող վիրահատության: Միջադեպի մասին տեղեկացվել են ԵԱՀԿ-ի եւ Միջազգային Կարմիր խաչի տեղի ներկայացուցիչները:

Ադրբեջանական մամուլի մեջբերմամբ, հրադադարի ռեժիմը պարբերաբար վերահսկող ԵԱՀԿ ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկը խոստացել է հետաքննել պատահարը: Նա ասել է նաեւ, թե հայ պաշտոնատարների հետ բանակցություններ կվարի գերված զինվորին ազատ արձակելու վերաբերյալ:

Բաքվում լուս տեսնող «Զերկալո» թերթը հաղորդել է, որ ռազմագերիների հարցերով զբաղվող պետական գործակալությունը նույնպես խնդրել է Միջազգային Կարմիր խաչին՝ կազմակերպել Աբիեւի վերադարձը հայրենիք:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը հայտարարել է, թե անցնող շաբաթվա ընթացքում զոհեր չեն եղել, 1994 թվականի հրադադարից ի վեր նման միջադեպերի պատասխանատվությունը միշտ դնում է հայկական կողմի վրա: Պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը հակառակն են պնդում:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG