Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է պայքարը


Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր արդեն բողոք ներկայացրել է վերաքննիչ դատարանին՝ առաջին ատյանի դատարանի երեկ կայացրած որոշման դեմ: Բողոքն ընդունվել է, սակայն թեկնածուների գրանցման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից կայացվելիք որոշումը կախված չէ դատական այս գործընթացից, որովհետեւ այն որեւէ առնչություն չունի ընտրական վեճերի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները դեռեւս անցյալ տարի առաջին ատյանի դատարանին նաեւ միջնորդություն էին ներկայացրել: «Մենք որպես հայցի ապահովման միջոց խնդրել էինք դատարանին, որպեսզի դատարանն արգելի ԿԸՀ-ին որոշում կայացնել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության գրանցման վերաբերյալ, քանի դեռ դատարանը ըստ էության չի քննել եւ լուծել մեր ներկայացրած հայցը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննիսյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբաններից Վարդան Պողոսյանը:

Դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը՝ հիմնավորելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական իրավունքը չի խախտվել: Ընտրական օրենսգրքով, մինչդեռ, նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու մասին ԿԸՀ-ի որոշումը ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարանում, որի կայացրած որոշումն արդեն վերջնական է եւ բեկանման ենթակա չէ:

«Ժամկետների տեսակետից մեզ համար կարող են պրոբլեմներ առաջանալ», - շարունակեց Վարդան Պողոսյանը՝ պարզաբանելով, որ նույնիսկ վերաքննիչ դատարանի դրական որոշում կայացնելու դեպքում էլ 15-օրյա ժամկետ է պահանջվում, որպեսզի վճիռը օրինական ուժի մեջ մտնի: Իսկ եթե ԿԸՀ-ի կայացրած որոշման դեմ բողոք ներկայացվի առաջին ատյանի դատարանին եւ բացասական վճիռ կայացվի, ապա այդ դեպքում «փակվում են իրավական բոլոր միջոցները, շղթան փակվում է, եւ մենք այլեւս հնարավորություն չենք ունենա մասնակցել այս նախագահական ընտրություններին»:

Պայքարը, ամեն դեպքում, շարունակելու են, որովհետեւ, ըստ Պողոսյանի, խնդիրը միայն փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին մասնակցելը չէ. առջեւում խորհրդարանական ընտրություններն են, որին մասնակցելու համար պահանջվում է 5 տարվա քաղաքացիություն, հետո նաեւ՝ հաջորդ նախագահական ընտրությունները եւ այլն:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնող խմբի մամուլի պատասխանատու Աշոտ Աղաբաբյանի գնահատմամբ, «դատավարությունն ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի վախենում է Րաֆֆի Հովհաննիսյանից, նրա բարձրացող վարկանիշից»:

Աշոտ Աղաբաբյանը նաեւ փոխանցեց, որ հաջորդ շաբաթվա սկզբին ասուլիս է հրավիրվելու, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրությանը ներկայացնելու է հետագա իր գործողությունները:

«Մենք գնալու ենք մինչեւ վերջ», - Ասաց Աղաբաբյանը:- «Մենք անպայման մասնակցելու ենք ընտրություններին, այս եւ ընդհանրապես բոլոր ընտրություններին»:

ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), «Հանրապետություն» կուսակցության, ՀԴԿ-ի (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն) եւ ԱԺԿ-ի (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) նախագահները այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. - «Առաջին ատյանի դատարանը՝ մերժելով Հայաստանի առաջին արտգործնախարար, նախագահի թեկնածու առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանին 1991 թվականից իրեն քաղաքացիություն շնորհելու հայցը, կրկին փաստեց, որ Հայաստանի դատական համակարգը շարունակում է մնալ ՀՀ նախագահի եւ գործադիր իշխանության կամակատարը: Եվ դա այն դեպքում, երբ գործող նախագահը կոպտորեն ոտնահարելով գործող Սահմանադրությունը համապատասխան «տեղեկանք» է ներկայացրել թեկնածու գրանցվելու համար»: Անընդունելի համարելով թեկնածուներից մեկին դուրս մղելու փորձը, հայտարարության հեղինակները իրենց զորակցությունն են հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր արդարացի պահանջին հասնելու հետագա քայլերում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG