Մատչելիության հղումներ

Ժողովրդահայրենասիրական դաշինքը ընտրությունների է գնալու միասնական թեկնածուով


Անցած տարեվերջին ընդդիմադիր միավորման կազմից երեք ձախ կողմնորոշման ուժերի՝ Հայաստանի կոմկուսի (ՀԿԿ), «Ազգային միաբանություն» կուսակցության եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման ստեղծած Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքը ընտրությունների գնալու է միասնական թեկնածուով:

Ինչպես հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը, թեեւ դաշինք կազմած ուժերը առաջադրել են իրենց թեկնածուներին եւ կազմավորել են առանձին շտաբեր, կա դրանք միավորելու մասին դաշինքի որոշումը:

«Շտաբերը պետք է միաձուլվեն», - ասաց Կարապետյանը: - «Այսինքն՝ ուժեղանան: Ընտրությունների քարոզչական էտապում շտաբերը գործելու են միասին»:

Միասնաբար գործելը, սակայն, չի սահմանափակվելու սոսկ կազմակերպչական աշխատանքներով: «Ժողովրդահայրենասիրական դաշինքը, այո, կգնա [նախագահական ընտրությունների] միասնական թեկնածուով», - շարունակեց Ալեքսան Կարապետյանը:

Ամենացավոտ հարցը նախընտրական փուլում, ըստ «Ազգային միաբանություն» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի, ընտրացուցակներն են, որոնք, ի դեպ, վաղվանից՝ այսինքն ընտրություններից 40 օր առաջ, ինչպես պահանջում է օրենքը, պետք է փակցված լինեն բոլոր ընտրատեղամասերում: Կարապետյանի խոսքերով, կեղծիքների տեխնոլոգիաները այնպես են մշակված, որ կարողանան Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեաթերթիկներ լցնել մի ստվար զանգվածի կողմից, իսկ իրականում, Կարապետյանի համոզմամբ, գործող նախագահի վարկանիշը չնչին է:

Բոլորովին հակառակ կարծիքի են Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում: Դրա հանրային կապերի պատասխանատու Վահագն Մկրտչյանի խոսքերով, բոլոր հարցումները նույն թվերն են ցույց տալիս. - «Այսօր գործող նախագահը ունի բավական բարձր ռեյտինգ... Մյուս բոլոր թեկնածուների ռեյտինգը իրար գումարելուց հետո էլ չեն հավաքում նրա ռեյտինգի կեսը»:

Ընտրացուցակներին մեծ կարեւորություն են տալիս նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախընտրական շտաբում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԺԿ-ի շտաբի պետի տեղական Վարդան Մկրտչյանը, իրենք բծախնդրորեն ուսումնասիրելու, ճշտելու են ընտրացուցակները, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ աշխատանքը ապարդյուն չի անցնում. երբ թերությունները կոնկրետ ներկայացվում են, կեղծիքների հնարավորությունը նվազում է:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG